Մատչելիության հղումներ

Նախագահը կրկնում է արտահերթ ընտրությունների առաջարկը


Նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է՝ իր ներկայացրած առաջարկները ոչ թե ուղղակի օդից վերցրած, այս պահի առաջարկներ են, այլ երկար ժամանակ մտածված:

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, նախագահն ընդգծել է՝ Հայաստանը խորհրդարանական երկիր է և եթե ճգնաժամեր կան, ապա լուծումները բավականին պարզ են և հստակ․ վաղաժամկետ ընտրություններ պետք է լինեն:

Օրեր առաջ, հիշեցնենք, նախագահը արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկ արեց՝ հայտարարելով, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և այն արժանապատվորեն հաղթահարելու հրամայականը, ականջալուր լինելով հանրային պահանջին, ակնհայտ է, որ երկիրը ցնցումներից զերծ պահելու համար ի վերջո անխուսափելի են լինելու Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները:

«Ընտրությունները 2 տարի առաջ են եղել, այսօրվա իշխանությունն Ազգային ժողովում և կառավարությունում այդ մանդատը ստացել է 2 տարի առաջ: 2 տարի առաջվա Հայաստանը և այսօրվա Հայաստանը տարբեր են: Չեմ ասում նորից մանդատ կստանան, թե չէ: Ժողովուրդը կորոշի: Բայց սովորություն է, որ պետք է նորից հետ գնաս մանդատդ թարմացնես, ինչից հետո լրացուցիչ 4-5 տարի ունես, այլ ոչ թե մնացած 2-3-ը: Երկրորդը՝ ընդդիմությունն փողոցից պետք է գնա մասնակցի ընտրությունների: Եվ, իհարկե, այդ ժամանակի ընթացքում պետք է լինի կառավարություն, որին շատերը պետք է վստահեն՝ կամ ազգային համաձայնության, կամ տեխնոկրատ, ինչպես ուզում եք անվանեք», - Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է նախագահը:

Սարգսյանի խոսքով՝ պետք է լինի հստակ ծրագիր, որը դրված կլինի սեղանին նույն ժամանակավոր կառավարության համար։

«Իմ դեպքում ճանապարհային քարտեզը նախ և առաջ վերլուծական էլեմենտ ունի, այն գրված է, պատրաստ է: Դա այն է, ինչ մինչ օրս սխալ ենք արել, երբ փոխանակ ինստիտուտ կառուցենք, անձ ենք փնտրել, փրկիչ: Երկրորդը վերլուծությունն է այսօրվա տնտեսական, քաղաքական, միջազգային հարաբերությունների, մասնավորապես տարածաշրջանային քաղաքականության, և այսպես ասած ուղեցույց է, թե ուր է գնում աշխարհը, և ուր ենք գնում մենք: Դրանից հետո ճանապարհային քարտեզն է: Դրանք կոնկրետ առաջադրանքներն են կոնկրետ ուղղություններով: Եվ ժամկետներով, այսինքն՝ այսքան ժամանակում սա պետք է արվի, հետո նա, եթե չհասցնենք, ինչ պետք է անենք և այլն: Դա, իհարկե, պետք է համաձայնեցվի», - ասել է նախագահը:

Սարգսյանի խոսքով՝ ինքը ստեղծել է փաստաթուղթ բանակցողների համար, որ սա ընդունեն որպես հիմք, ջնջեն, ավելացնեն, ինչ ուզում են, անեն:

«Եվ եթե համաձայնեցված փաստաթուղթ կա, դրա շուրջ կարող ես ունենալ կառավարություն, որը կարիք չի ունենա քաղաքական առաջնորդության: Հանրապետության նախագահը, Ազգային ժողովը, նախարարը կունենան իրենց առջև դրված հստակ ծրագիր: Կառավարությունը կունենա հստակ ծրագիր, թե այսօրվանից սկսած մեկ տարի ինչով է զբաղվում մինչև նոր ընտրություններ», - ասել է նախագահը:

Արմեն Սարգսյանը նաև բնական և անհրաժեշտ է համարել նոր ընտրություններից առաջ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որպեսզի մարդը, ինչպես նախագահն է նշել, անկախ նրանից ապրում է Երևանում, թե գյուղում, իմանա՝ ով է իր պատգամավորը և այդ պատգամավորին կանչի պատասխանատվության:

Սահմանադրության մեջ փոփոխությունների կարիք ևս կա, ասել է Արմեն Սարգսյանը՝ նշելով՝ գործող Սահմանադրությունում հավասարակշռության և զսպումների մեխանիզմներ չկան, և դա շատ վտանգավոր է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG