Մատչելիության հղումներ

Փաշինյանը վերահաստատում է՝ որպես ՀՀ վարչապետ իր վրա է վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատում է՝ որպես Հայաստանի վարչապետ իր վրա է վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը։

Այսօր կառավարության նորացված կազմով առաջին նիստի մեկնարկին Փաշինյանն ընդգծեց՝ ծանր ժամանակներ են, բայց այսօրվա հրամայականը և անելիքը հետևյալն է՝ պետք է ապրել այս ծանր ժամանակները և պետք է հաղթահարել ժամանակն ու նրա ծանրությունը:

«Ուզում եմ նորից ասել, որ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը: Բայց գիտակցում եմ, որ ինձ վրա է ոչ միայն մինչև օրս տեղի ունեցածի, այլև հետագա զարգացումների պատասխանատվությունը: Արտաքին և ներքին կայունության ու անվտանգության ապահովումը և նոյեմբերի 18-ին իմ հրապարակած ճանապարհային քարտեզի իրականացումը բացարձակ առաջնահերթություն և անհրաժեշտություն են, և մեր բոլոր ջանքերը պետք է կենտրոնացած լինեն այս խնդրի լուծման վրա», - ասել է վարչապետը:

Ընդգծելով, որ Կառավարությունն Արցախի բնակչությանն աջակցող արդեն երկու մասշտաբային միջոցառում է ընդունել, Փաշինյանը նաև ասել է, որ աջակցության միջոցառումների ընդունումը կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ է:

«Առաջիկայում մեր ուշադրության կենտրոնում են լինելու նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի պատերազմից տուժած բնակավայրերի վերականգնումը Տավուշի մարզում մեր իրականացրած ծրագրերի նմանությամբ: Բացարձակ առաջնահերթություն է անհետ կորածների որոնողական աշխատանքները, գերիների փոխանակումը: Այս խնդիրների վրա մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով: Հիմնական բարդությունն այն է, որ այս աշխատանքի արդյունավետությունը, ցավոք, կախված է ոչ միայն մեզնից: Զոհվածների ընտանիքների, հաշմանդամություն ստացած անձանց և պատերազմից տուժած այլ խմբերի և քաղաքացիների սոցիալական պաշտպանության երաշխիքների գործունեությունը և հետագա կատարելագործումը մեր հրատապ անելիքների ցանկում է», - ասել է վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ պետք է ստեղծել նաև Հայաստանում բարեփոխումների հետագա շարունակականության երաշխիք, ընդ որում բարեփոխումների ընդգրկումն ու օրակարգը պետք է ընդլայնվի ի հայտ եկած նոր մարտահրավերների բերումով:

Կառավարության ղեկավարի համոզմամբ, պետք է տեղի ունենան նաև կատարվածի պատճառների վերհանման, պարզաբանման և վերլուծության գործընթաց, և հայ հանրությունը պետք է ստանա հստակ պատասխաններ, թե ինչ է տեղի ունեցել և ինչու:

«Ժողովուրդը պետք է հասու լինի ճշմարտությանը և որոշումներ կայացնելու հնարավորություն ունենա: Ըստ այդմ, մեր ամենակարևոր անելիքը, կառավարության ամենակարևոր անելիքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սեփական երկրի և իրավիճակի տերը լինելու զգացողության և փաստի պահպանումն է, և այս հանգամանքի ինստիտուցիոնալ հզորացումը», - ասել է վարչապետը։

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է վստահ լինի, որ ինքն է իրավիճակի իրական տերը և այդ զգացողության վրա պետք է կառուցի իր ապագան, ընդգծել է Փաշինյանը՝ շեշտելով, որ նաև ժողովուրդը պիտի որոշի, թե այդ ապագան ում հետ պետք է կառուցի և այդ ապագայի կառուցման գործում ով ինչպիսի դերակատարություն պիտի ունենա:

«Հայ ժողովրդի և հայ քաղաքացիների ստեղծարար ներուժն անսպառ է, և մեր առաջիկա կարևոր անելիքն այդ ներուժի կենտրոնացումն է նոր ապագայի կառուցման գործի վրա: Մենք պիտի թույլ չտանք, որ այդ ապագայի հավատն սպանվի, և մեր ամենօրյա աշխատանքը պետք է ուղղված լինի այդ հավատի ուժեղացմանը, ամրապնդմանը և զարգացմանը», - եզրափակել է վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG