Մատչելիության հղումներ

Պուտինը և Էրդողանը հերթական հեռախոսազրույցն են ունեցել Ղարաբաղի շուրջ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Երեկ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները հերթական հեռախոսազրույցն են ունեցել Ղարաբաղի շուրջ։ Ընդ որում, ներկայացնելով զրույցի մանրամասները, պաշտոնական Մոսկվան ու Անկարան միմյանցից տարբերվող շեշտադրումներ են անում։

Ըստ Կրեմլի, «Պուտինը Էրդողանին տեղեկացրել է ռուս խաղաղապահների գործունեության մասին, որոնք արդյունավետորեն ապահովում են հրադադարի ռեժիմի պահպանումը և քաղաքացիական բնակչության անվտանգությունը»: «Ընդգծվել է փախստականների վերադարձի, ենթակառուցվածքների վերականգնման, մշակութային ու կրոնական կոթողների պահպանման հետ կապված անհետաձգելի խնդիրները լուծելու գերակայությունը», - ասված է հաղորդագրությունում։

Կողմերը նաև մտքեր են փոխանակել հրադադարի և ռազմական բոլոր գործողությունների վերահսկման կենտրոնի ստեղծման ուղղությամբ շարունակվող աշխատանքների շուրջ, հաղորդում է Ռուսաստանի նախագահական նստավայրը։

Եվ եթե Կրեմլը համատեղ կենտրոնի մասին հիշատակում է հաղորդագրության վերջում, ապա Անկարան հենց դրանից է սկսում՝ ընդգծելով, որ թուրքական կողմում ակնկալում են օր առաջ խոսքից անցնել գործի։ «Նախագահ Էրդողանը նշել է՝ սպասում են, որ Ռուսաստանի հետ ստեղծվելիք հրադադարի վերահսկման համատեղ դիտորդական կենտրոնը ամենակարճ ժամանակում կսկսի իր աշխատանքները», - հայտարարել է Թուրքիայի նախագահական պալատը։

Փաստացի, այս մասին հուշագիրը երկու երկրների պաշտպանության նախարարները ստորագրել են դեռ երկու շաբաթ առաջ, մինչև օրս, սակայն, կողմերին չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ և հստակեցնել՝ ինչպես են իրականացնելու այդ գործառույթը, և կամ ով ինչ լիազորություններ է ունենալու։ Ավելին, հղում անելով Թուրքիայի իր աղբյուրներին, Reuters-ը օրերս հաղորդել էր, թե Անկարան ուզում է համատեղ այս կենտրոնից բացի նաև սեփական՝ անկախ դիտորդական կետը բացել Ադրբեջանում՝ տարածաշրջանում իր ազդեցությունն է’լ ավելի ամրապնդելու համար։ «Ամենամեծ տարաձայնությունը Ադրբեջանի տարածքում թուրքական դիտակետ բացելու շուրջ է», - ասել էր Reuters-ի աղբյուրը՝ անանուն մնալու պայմանով։ «Ռուսաստանը կարծում է, որ դրա կարիքը չկա, Թուրքիան, սակայն, այլ կարծիքի է, և ակնկալվում է, որ այս հարցի շուրջ բանակցությունները կշարունակվեն Մոսկվայում։ Թուրքիան հույս ունի, որ ի վերջո իրեն կհաջողվի փոխզիջման հասնել», - հաղորդել էր Reuters-ը։

Պաշտոնական Մոսկվան, Անկարան, Բաքուն կամ Երևանն այս տեղեկությունը դեռ չեն մեկնաբանել։

Մինչ այդ, Թուրքիայի նախագահը ռուս գործընկերոջ հետ երեկվա հեռախոսազրույցում ընդգծել է՝ չպետք է թույլ տալ, որ Հայաստանը խուսափի եռակողմ համաձայնությամբ ստանձնած պարտավորություններից։ «Ադրբեջանի համար իր տարածքի լիակատար վերադարձը զգայուն հարց է», - ասել է Ռեջեփ Էրդողանը, ով մինչ այդ էլ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում, Ադրբեջանի շահերը պաշտպանելու և Բաքվին ամեն կերպ աջակցելու առիթը բաց չէր թողնում։

Երեկվա հեռախոսազրույցն, ի դեպ, կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։ Էրդողանի զանգից առաջ հաղորդվել էր, որ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ և ի թիվս այլ հարցերի քննարկել «տարածաշրջանում տնտեսական փոխգործակցության և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման խնդիրը»։ Այլ մանրամասներ Կրեմլը չէր հաղորդել։

Ադրբեջանի նախագահական նստավայրը ևս փաստել էր՝ «Ալիև-Պուտին զրույցի ընթացքում քննարկվել են տրանսպորտային ենթակառուցվածքների շինարարության և հաղորդակցության միջոցները բացելու հարցերը՝եռակողմ համաձայնագրի դրույթներին համապատասխան»։ Ժամկետներ կամ այլ մանրամասներ Բաքուն ևս չէր նշել։

Հայաստանի վարչապետի գրասենյակը Պուտին-Փաշինյան զրույցի մասին առայժմ պաշտոնապես չի հաղորդել։

Նոյեմբերի 9-ին կողմերի միջև ստորագրված հայտարարության վերջին՝ 9-րդ կետում նշվում է, որ կողմերը համաձայնել են բացել տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Բացի այդ, Հայաստանը հանձն է առել ապահովել տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի և Նախիջևանի միջև։ Թե երբ է սկսվելու այս քայլերի իրագործումը և ինչպես, փաստաթուղթը չի հստակեցնում, նշվում է միայն, որ Հայաստանի տարածքով անցնող, Ադրբեջանը Նախիջևանին կապող այդ ճանապարհի անվտանգությունը պետք է երաշխավորեն Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության՝ ФСБ-ի սահմանապահ ուժերը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG