Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի գլխավոր խնդիրն արյունահեղություն թույլ չտալն է, և այդ խնդիրը դրել է նախագահ Վլադիմիր Պուտինը, այսօր Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ով տեղեկացրել է նաև, որ նոյեմբերի 9-ին հրադադարի եռակողմ հայտարարությունից հետո ողջ խաղաղապահ զորակազմը ամենաարագ կերպով շարժվել է, և նրանց տեղակայումը ավարտվել է երկու օր առաջ։
«Վերահսկում ենք Ստեփանակերտ տանող ճանապարհը, Լաչինի միջանցքը և ապահովում ենք տեղաշարժը, այնտեղից հեռացած փախստականների վերադարձը: Հետագայում սպասվում է մեծ աշխատանք` այս անգամ, հուսով եմ, Ղարաբաղում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ: Մեր կողմից, իհարկե, գլխավոր խնդիրը արյունահեղություն թույլ չտալն է` խնդիր, որը մեր առջև դրել է մեր գերագույն հրամանատարը, և մենք, անկասկած, մտադիր ենք իրականացնել այն: Բացի այդ, մտադիր ենք քննարկել մեր խաղաղապահների հետագա կյանքին և աշխատանքին վերաբերող հարցեր, թե ինչ է անհրաժեշտ դրա համար: Եվ, բնականաբար, քննարկել բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են մեր համագործակցությանը` և՛ ռազմական, և՛ ռազմատեխնիկական ուղղությամբ: Մենք եկել ենք մեծ ծրագրով և հույս ունենք իրագործել այն», - ասել է Շոյգուն:
Իր հերթին վարչապետ Փաշինյանը նշել է, որ այժմ բարդ ժամանակներ են և հայկական կողմը հուսով է, որ կկարողանա խորացնել համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ, այդ թվում` անվտանգության, ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում։
Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել Շոյգուին պատերազմի ընթացքում Ռուսաստանի աջակցության համար:
«Մենք հուսով ենք, որ այս ընթացքում կկարողանանք խորացնել մեր համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ, այդ թվում` անվտանգության ոլորտում, և ոչ միայն անվտանգության, այլև ռազմատեխնիկական համագործակցության: Այժմ, իհարկե, մեր տարածաշրջանում այլ ռազմաքաղաքական իրավիճակ է: Այն փոխվել է, և դեռ պետք է ուսումնասիրել այդ իրավիճակի բոլոր պարամետրերը», - նշել է Հայաստանի վարչապետը:
Ավելի ուշ Շոյգուն հանդիպել է նաև պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։ Կողմերը ստորագրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ՌԴ խաղաղապահ զորակազմի գործողությունների շրջանակը կարգավորող փաստաթղթերի փաթեթ:
Փաշինյանն այսօր ընդունել է նաև Ռուսաստանի կառավարական պատվիրակությանը` Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Ռուսաստանի փոխվարչապետերը, Առողջապահության նախարարը, Դաշնային անվտանգության ծառայության 5-րդ ծառայության ղեկավարը, Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում Դաշնային վերահսկողական ծառայության ղեկավարը, Ֆինանսների նախարարի տեղակալը և պաշտոնատար այլ անձինք:
Դրան հաջորդել է Փաշինյան -Լավրով առանձին հանդիպումը։ Հայաստանի վարչապետը ընդգծել է՝ կան մի շարք չլուծված հարցեր։ Պետք է ապահովել ԼՂ-ի բնակիչների վերադարձն իրենց տներ։
«Բաց են մնում հարցերը, թե հետագայում ինչպե՞ս ենք ապահովելու մի քանի շրջանի բնակիչների վերադարձի իրավունքի կիրառումը, ո՞վ է ապահովելու մեր հայրենակիցների անվտանգությունը, ինչպե՞ս է դա իրագործվելու։ Դրանք, իհարկե, հարցեր են, որոնք գտնվում են մեր օրակարգում։ Մենք պետք է քննարկենք և որոշումներ ընդունենք այդ կապակցությամբ», - ասել է Փաշինյանը:
Լավրովը շեշտել է՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը «հնարավորություն է տալիս լուծել այդ հարցերն այն պայմանավորվածությունների հիման վրա, որոնք արձանագրվել էին երեք ղեկավարի կողմից ստորագրված փաստաթղթում»։
«Եվ ի լրումն խաղաղապահների դերակատարության՝ միջգերատեսչական կենտրոնը, որը ստեղծվում է նախագահ Պուտինի հրամանով և արդեն սկսում է իր աշխատանքները, նույնպես կոնկրետ զբաղվելու է բոլոր այս հարցերով», - ընդգծել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։
Արդեն հանդիպումներից հետո ճեպազրույցի ընթացքում Լավորվը դարձյալ ընդգծել է, որ անընդունելի է Եռակողմ հայտարարությունը կասկածի տակ դնելու փորձերը ինչպես Հայաստանում, այդպես էլ արտասահմանում։
Սերգեյ Լավորվը հանդիպել է նաև նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Հանդիպումներ են եղել նաև Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերի մակարդակով և քննարկվել են Արցախում հումանիտար աղետի հետևանքների հակազդման միջոցառումները։ Որից հետո Կրեմլի գործուղած պատվիրակությունը մեկնել է Բաքվում և հանդիպել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ։
Հանդիպումներց հետ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով հրադադարի պահպանման գործում Թուրքիայի դերին` Լավրովը շեշտել է, որ ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը գործելու է բացառապես հեռավար: