Լեռնային Ղարաբաղում հրադադարի դիտարկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ստեղծման շուրջ բանակցությունները շարունակվում են, NTV հեռուստաընկերության եթերում այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը։
«Երկխոսության առաջին փուլը ավարտվել է։ Ռուսական կողմը տեղյակ է Անկարայի մոտեցումներին։ Բանակցություններին մասնակցում են Արտգործնախարարության, Պաշտպանության նախարարության և Թուրքիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները։ Առաջիկա օրերին կհստակեցվեն կենտրոնի տեղակայման վայրը և դրա գործունեության սկզբունքները։ Կհստակեցվի նաև, թե ով ինչի համար է պատասխանատու։ Այսպես թե այնպես թուրք զինվորականները ներկայացված են լինելու Ղարաբաղում գործող այդ կենտրոնում», - նշել է Քալընը։
Անդրադառնալով վերջին շաբաթների իրադարձություններին՝ Էրդողանի խորհրդականը նշել է. «Ոչ ՆԱՏՕ-ն և ոչ էլ ԵՄ-ն այդպես էլ չկարողացան հանդես գալ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման որևէ իրատեսական առաջարկով։ Փոխարենը Անկարային և Մոսկվային հաջողվեց փոխհամաձայնության գալ 30-ամյա հակամարտության լուծման շուրջ», - նշել է թուրք պաշտոնյան։