Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտնում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նիկոլ Փաշինյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակին, հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։
Հանդիպման ընթացքում Հայաստանի վարչապետն ընդգծել է, որ պետք է ապահովեն Արցախի բնակիչների վերադարձն իրենց տներ:
«Այսօր մենք ընդլայնված կազմով քննարկեցինք բոլոր այն հարցերը, որոնք կան մեր օրակարգում։ Իհարկե, մեզ համար հիմա ամենագլխավոր հարցն այն իրավիճակն է, որն ստեղծվել է Լեռնային Ղարաբաղում։ Մենք պետք է որոշումներ ընդունենք շատ հարցերի վերաբերյալ, և ամենագլխավորը հարցի հումանիտար կողմն է՝ մենք պետք է ապահովենք Արցախի բնակիչների վերադարձն իրենց տներ։ Իհարկե, արդեն հիմա նկատվում է Արցախի բնակիչների՝ իրենց տներ վերադառնալու բավական լավ դինամիկա։ Եվ փաստացի ռուսաստանցի խաղաղապահները գտնվում են բոլոր նախանշված վայրերում, նրանք արդեն ապահովում են անվտանգությունը։ Դա շատ կարևոր գործոն է, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգությունը։ Բայց կան նաև հարցեր, որոնք լուծված չեն, բաց են մնում՝ հետագայում ինչպե՞ս ենք ապահովելու մի քանի շրջանների բնակիչների վերադարձի իրավունքի կիրառումը, ո՞վ է ապահովելու մեր հայրենակիցների անվտանգությունը, ինչպե՞ս է դա իրագործվելու։ Դրանք, իհարկե, հարցեր են, որոնք գտնվում են մեր օրակարգում։ Մենք պետք է քննարկենք և որոշումներ ընդունենք այդ կապակցությամբ», - ասել է Փաշինյանը։
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր խոսքում նշել է․ «Մեր պատվիրակությունը ժամանել է Երևան՝ Ձեր և նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ պայմանավորվածության շրջանակում, այն նպատակով, որպեսզի ամբողջական անդրադարձ արվի մեր համագործակցության, մեր դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների բոլոր ուղղություններին։ Եվ, իհարկե, առաջին պլանում այն հարցերն են, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղի շուրջ առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ»:
Նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ըստ Ռուսաստանի ԱԳ նախարարի, հնարավորություն է տալիս լուծել այդ հարցերը այն պայմանավորվածությունների հիման վրա, որոնք արձանագրվել էին երեք ղեկավարների կողմից ստորագրված փաստաթղթում։
«Եվ ի լրումն խաղաղապահների դերակատարությանը՝ միջգերատեսչական կենտրոնը, որն ստեղծվում է նախագահ Պուտինի հրամանով և արդեն սկսում է իր աշխատանքները, նույնպես կոնկրետ զբաղվելու է բոլոր այս հարցերով։
Այս այցի ընթացքում կդիտարկենք նաև մեր հարաբերությունների ողջ համալիրը՝ Ռուսաստանի կառավարության պրոֆիլային փոխվարչապետերի գծով, առողջապահության, արտակարգ իրավիճակների նախարարների գծով։ Դուք արդեն հանդիպել եք Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հետ, Երևանում է նաև «Ռուսաստանի երկաթուղիներ»-ի գլխավոր տնօրենը։ Համոզված եմ, որ այս ճյուղային բանակցությունների արդյունքներով կունենանք դրական և համալիր պատկեր, որն առաջ կմղի մեր հարաբերությունները և որը, ինչը և մենք անկեղծորեն ցանկանում ենք, կպաշտպանի Ձեր նախաձեռնությունները՝ ուղղված Հայաստանում իրավիճակի կայունացմանը և Լեռնային Ղարաբաղի հետ կապված խնդիրների լուծմանը», - ասել է նա։