Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պնդմամբ` Լեռնային Ղարաբաղի շուրջ նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստի վրա աշխատել են այն ստորագրած բոլոր երեք կողմերը։ Այս մասին Ռուսաստանի նախագահը ասել է այսօր երկրի պետական հեռուստատեսության եթերում հեռարձակված հարցազրույցում։
«Տեքստի վրա աշխատում էինք երեքով՝ բնականաբար ես, Ալիևը և Փաշինյանը։ Այլ կերպ հնարավոր էլ չէր», - նշել է Պուտինը։ Ռուսաստանի նախագահի խոսքով. «Ըստ էության, դա համաձայնություն էր երկու կողմերի միջև, իսկ Ռուսաստանը միայն միջնորդի դեր էր կատարում, ինչպես նաև, ըստ այդ փաստաթղթի, իր վրա էր վերցնում ուժերի խաղաղ տարանջատման պարտավորությունը»։
«Մենք հիմա հենց դրանով էլ զբաղված ենք, այդ իսկ պատճառով փաստաթղթի հեղինակ են հանդիսանում [այն ստորագրած] բոլոր երեք կողմերը», - նշել է Ռուսաստանի նախագահը։