Մատչելիության հղումներ

Ըստ «Ռոյթերզ»-ի աղբյուրի, Թուրքիան և Ռուսաստանը համաձայնության չեն գալիս թուրքական անկախ ռազմական դիտորդական կենտրոնի ստեղծման շուրջ


Թուրքիան և Ռուսաստանը ընդհանուր հայտարարի չեն գալիս Ադրբեջանի տարածքում անկախ ռազմական դիտորդական կենտրոնի ստեղծման շուրջ։ Այդ մասին «Ռոյթերզ»-ին հայտնել է թուրքական աղբյուրն՝ անանուն մնալու պայմանով։

Խոսքը ոչ թե ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնի, այլ Թուրքիայի կողմից հակամարտության գոտում առանձին դիտորդական կետ հիմնելու մասին է։

«Ռուսաստանը կարծում է, որ տարածաշրջանում առանձին թուրքական դիտորդական կենտրոնի ստեղծման անհրաժեշտություն չկա, սակայն Թուրքիայի համար դա անհրաժեշտություն է», - հայտնել է «Ռոյթերզ»-ի աղբյուրը։

Ըստ նույն աղբյուրի, խնդրի շուրջ Մոսկվայում բանակցությունները կշարունակվեն և Անկարան հույս ունի Ռուսաստանի հետ համաձայնության հասնել։

Անցած շաբաթ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ Մոսկվան և Անկարան շուտով կավարտեն քննարկումները` Ղարաբաղում հրադադարի մոնիտորինգի համատեղ կենտրոն հիմնելու շուրջ։

Զերծ մնալով հավելյալ մանրամասներից՝ Շոյգուն միայն նշել է, թե ռուս-թուրքական այս համագործակցության նպատակն է երաշխավորել կայունությունը և նպաստել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը։

«Համատեղ կենտրոն ստեղծելու որոշումը թույլ կտա հուսալի վերահսկողղություն իրականացնել և դիտարկել հրադադարի պահպանման ռեժիմը», - պարզաբանել էր Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG