Ռուսաստանի Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում պահպանվում է ողջ ծավալով։ Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը այս մասին հայտարարել է այսօր Բաքվում՝ Ադրբեջանի նախագահի հետ կայացած հանդիպման ժամանակ։
«Նոյեմբերի 9-ի պատմական հայտարարությունից այնքան էլ շատ ժամանակ չի անցել, սակայն խաղաղապահ ուժերը արդեն իսկ զբաղեցրել են իրենց համար նախատեսված դիրքերը՝ 23 դիտակետերում։ Հսկողության տակ են վերցվել նաև հիմնական ճանապարհները, ինչը թույլ է տալիս ապահովել անվտանգությունը շփման գծում», - հայտարարել է Շոյգուն։
Իլհամ Ալիևի խոսքով ևս նոյեմբերի 9-ի համաձայնագրի դրույթները կատարվում են։
«Այդ համաձայնագրի դրույթները հաջողությամբ կյանքի են կոչվում։ Դա ևս մեկ անգամ վկայում է ադրբեջանական և հայկական կողմերի՝ երկարամյա հակամարտությանը վերջ դնելու պատրաստակամության և քաղաքական հանգուցալուծմանը ձեռնամուխ լինելու մասին», - նշել է Իլհամ Ալիևը։