Հայ ժողովուրդը շնորհակալ է Ռուսաստանին և ՌԴ նախագահին՝ հատկապես այս դժվարին օրերին ցուցաբերած աջակցության համար, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ Արմեն Սարգսյանը մասնավորապես ասել է. «Հայաստան եք եկել դժվար ժամանակ: Շատ դժվար, կարելի է ասել՝ ճգնաժամային ժամանակահատված է: Մեծ խնդիրներ կան տնտեսական ոլորտում, հետպատերազմյան դժվար իրավիճակ է, մեր խնդիրները նաև հոգեբանական են, ցավոք, նաև կա կորոնավիրուսը և շատ այլ հարցեր։ Ընդհանուր առմամբ, արտաքին քաղաքականության ոլորտում ևս դժվար է»։
Հայաստանի նախագահը խնդրել է իր և մեր ժողովրդի շնորհակալությունը փոխանցել ՌԴ նախագահին՝ հատկապես այս դժվարին օրերին ցուցաբերած աջակցության համար: «Պատերազմական գործողությունների առաջին օրերին գիտեինք, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարության, անձամբ նախագահի բոլոր ջանքերն ուղղված էին դրանց դադարեցմանը: Մեկ անգամ ևս համոզվեցինք, որ իսկական բարեկամությունը երևում է դժվարին ժամանակներում»:
Արմեն Սարգսյանն ասել է, որ այսօր ունենք երկու խնդիր, որոնք պետք է ոչ միայն լուծել, այլև հետևողական լինել, որ դրանք ավելի մեծ խնդիր չդառնան։ «Առաջինը՝ համատեղ հայտարարության համաձայն՝ պատերազմական գործողությունների դադարեցումը ոչ միայն իրագործվի, այլև շարունակվի հաջորդող տարիներին»,-նշել է նախագահը՝ շարունակելով, - «Եվ երկրորդը, որն ինձ շատ անհանգստացնում է, կապված է մեր երկրում կայունության հետ։ Չնայած դժվարություններին, ճգնաժամային իրավիճակին, միշտ հնարավոր է գտնել լուծումներ»։
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր խոսքում մասնավորապես նշել է․ «Երախտապարտ ենք, և նախագահ Պուտինը խնդրել է անձամբ Ձեզ փոխանցել իր շնորհակալությունն այն գնահատանքի համար, որ հայտնել եք Դուք և Հայաստանի քաղաքական գործիչների և հասարակ քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը՝ կապված նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության հետ, որն ընդունվել է Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից։ Ինչպես ասացիք, դա թույլ տվեց կանգնեցնել պատերազմը:
Պուտինի կարգադրությամբ ստեղծվում է հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն, որն ամենաարագ կերպով օգնելու է լուծել բնակչության հումանիտար հարցերը։ Մենք այս հարցում ակտիվորեն ներգրավում ենք նաև միջազգային կազմակերպություններին՝ վաղուց աշխատում է Կարմիր խաչը, նաև ՄԱԿ-ի կազմակերպությունները»։
Հանրապետության նախագահն ու ՌԴ ԱԳ նախարարն անդրադարձել են նաև հայ-ռուսական համագործակցության օրակարգի այլ հարցերի: