Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն այսօր հայտարարել է, որ թուրք զինվորականների՝ Ադրբեջանում տեղակայման համար ամեն ինչ պատրաստ է։
«Մենք ավարտել ենք բոլոր նախապատրաստական աշխատանքները։ Խորհրդարանի կողմից ընդունված որոշման համաձայն, թուրք զինվորականները իրենց ծառայությունը Ադրբեջանում կսկսեն որքան հնարավոր է շուտ», - հայտարարել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարը։
Ադրբեջանի տարածքում գտնվող թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգային կենտրոնի շուրջ բանակցությունները մեկնարկել էին անցած շաբաթ Անկարայում, սակայն երկօրյա քննարկումներից հետո ընդհատվել էին առանց վերջնական որոշման հրապարակման։ Թուրքիայի խորհրդարանը այս շաբաթ նաև որոշում էր կայացրել՝ թուրք զինվորականներին իրավունք տալով ծառայություն իրականացնել Ադրբեջանի տարածքում։