Հրադադարի հայտարությունից 11 օր անց պաշտոնից ազատվել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Նրան փոխարինում է վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը։ «Ստեղծված իրավիճակը կարիք ունի լիցքաթափման, և ուզում եմ, որ իմ հեռանալն ընկալվի այդ տրամաբանության մեջ», - պաշտոնը թողնելուց րոպեներ անց իր ուղերձում նշեց Դավիթ Տոնոյանը:
«Իմ գործունեության որևէ ամփոփում տեղին չէ այսօր, որովհետև ակամայից այդ ամփոփումը դարձավ Արցախյան երկրորդ պատերազմը: Բավարարվա՞ծ եմ պատերազմի ընթացքում և դրա նախապատրաստական փուլում իմ աշխատանքից: Կարծում եմ՝ որոշ հայեցակարգային ուղղություններ վերանայման կարիք ունեն, որ չհասցրի իրագործել, և այս առումով ես պատրաստ եմ կրելու իմ բաժին պատասխանատվությունը: Այս պահին պաշտոնավարումս դադարեցնելը կրկնակի դժվար է, քանզի սովորություն չունեմ հեշտ ու ընդունված ճանապարհը բռնելով խուսափելու բարդ իրադրության մեջ հայտնվելուց, եթե նժարին պետությանն ու ժողովրդին ծառայել-չծառայելն է դրված: Նույն սկզբունքով եմ առաջնորդվել նաև 2018 թվականի գարնանը: Բայց ստեղծված իրավիճակը կարիք ունի լիցքաթափման: Եվ ուզում եմ, որ իմ հեռանալն ընկալվի այդ տրամաբանության մեջ», - նշված է ուղերձում:
Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվել էր հեղափոխությունից հետո։ Մինչ այդ արտակարգ իրավիճակների նախարարն էր, իսկ դրանից առաջ յոթ տարի պաշտպանության փոխնախարարն է եղել։
Վաղարշակ Հարությունյանը 1999-2000 թվականներին ղեկավարել է պաշտպանության գերատեսչությունը: Նորանշանակ նախարարը խիստ ռուսամետ դիրքերում է և երբեք էլ սա չի թաքցրել, ասում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը: Ռուսաստանն է՞ որոշել ոլորտը վստահել Վաղարշակ Հարությունյանին, թե՞ Նիկոլ Փաշինյանի ընտրությունն է, քաղաքական մեկնաբանը դժվարանում է հստակ պատասխանել, բայց շեշտում է` նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունից հետո Հայաստանում Ռուսաստանի ազդեցությունն առավել բարձր է:
«Առանց այդ էլ հայտնի է, որ Ռուսաստանը միշտ ազդեցություն է ունեցել Հայաստանում, հիմա նոյեմբերի 9-ից հետո մենք կարող ենք խոսել առավել բարձր ազդեցության մասին: Թե ինչպես է դա արտահայտվում, արդեն ընթացիկ հարցեր են, ես կդժվարանամ նշել», - ասաց Բադալյանը:
Մի քանի օր է՝ փոխհրաձգություն է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Փաշինյանի թիմակից, իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի միջև։ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցերից 5 օր անց Ազգային ժողովում Անդրանիկ Քոչարյանը մեղավորների շարքում դասեց նաև պաշտպանության գլխավոր պատասխանատուին։ Անդրանիկ Քոչարյանն ընդհուպ հիշել ու քննադատում էր դեռևս 2016 թվականին «Ազատության» եթերում Դավիթ Տոնոյանի մի հայտարարություն, որի մասին Տոնոյանի իշխանական քննադատները մինչև նոյեմբերի 16-ը չէին հիշել:
«Չէ վարչապետը ռազմական գործիչ չի, և վերջին հաշվով ես պարոն Տոնոյանին պետք է հարցնեմ` պարոն Տոնոյան, երբ Դուք 16 թվականի ապրիլի 12-ին «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցին, որ հակառակորդն օգտագործել է անօդաչու, Դուք ասում եք` «անօդաչուն թանկ է, մենք գրանատով կխփենք», էտ գիտե՞ք` ինչ է, էտ նշանակում է, որ նախարարի այն ժամանակվա առաջին տեղակալը չի տիրապետում այն վտանգները, որը օդից կարող են իրականացվել արդեն այդ ժամանակ թեկուզ իսրայելական հարվածային harop-ների կողմից», - ասել էր Քոչարյանը:
Պաշտպանության նախարարի և կառավարության այլ անդամների փոփոխությունը որքանո՞վ կլիցքաթափի ցավոտ հայտարարությունից հետո հայաստանյան լարված մթնոլորտը, երբ գրեթե բոլոր քաղաքական ուժերը համարում են` գլխավոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, և անխուսափելի է նրա հրաժարականը: Քաղաքական մեկնաբանը դժվարանում է կանխատեսել` ում հրաժարականը կլիցքաթափի լարումը, հասարակական արձագանքը ցույց կտա, բայց ռազմաքաղաքական ծանր պարտությունից հետո, ըստ մեկնաբանի, հասունանում է պարտության բոլոր դերակատարների հրաժարականի հարցը` սկսած վարչապետ Փաշինյանից. «Իշխանությունն առնվազն այս փուլում ունի պատասխանատվություն երկրի կայունությունն ապահովելու համար, և եթե այդ կայունությունը պահանջի ընդհուպ վարչապետի հեռանալ և ժամանակավոր անցումային կառավարության ձևավորում, ապա պետք է գնալ նաև այս քայլին»:
Այսօր պաշտոնանկ է եղել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Նրան փոխարինում է վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը:
Արտակարգ իրավիճակների նախարարի թափուր պաշտոնում էլ նշանակվել է Անդրանիկ Փիլոյանը։ Ֆելիքս Ցոլակյանը, որն արտակարգ իրավիճակների նախարար էր նշանակվել հեղափոխությունից հետո, նախօրեին հրաժարականի դիմում է գրել։ Նորանշանակ նախարարը զինված ուժերի 5-րդ բանակային կորպուսի հրամանատարն է, մեկ ամիս առաջ՝ թեժ մարտերի օրերին Փաշինյանը Ֆեյսբուքում գրել էր, որ Անդրանիկ Փիլոյանը կարժանանա Ազգային հերոսի կոչման։