Մատչելիության հղումներ

ԱԳ նախարարը բանակցություններում նախ պետք է բարձրացնի ԼՂ կարգավիճակի հարցը, վստահ է քաղաքագետը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արտաքին գործերի նախարարության աշխատակազմին նորանշանակ նախարար Արա Այվազյանին ներկայացնելիս ընդգծել է, որ պատերազմից հետո էլ ավելի է ծանրաբեռնվելու դիվանագետների աշխատանքը։

«Իհարկե, մենք գտնվում ենք չափազանց բարդ և ծանր մի ժամանակահատվածում, երբ ըստ էության եթե համարենք, որ ինչ-որ առումով ռազմական ծանրաբեռնվածությունը նվազում է հայտնի հանգամանքների բերումով, դիվանագիտական ծանրաբեռնվածությունը համապատասխանաբար մեծանում է, ու հենց դիվանագիտական ճակատն է հիմա ամենակարևորն ու ծանրաբեռնվածը: Եվ այս առումով ես հույս ունեմ, որ նորանշանակ նախարարը կկարողանա մեր ողջ դիվանագիտական համակարգը համախմբել և կենտրոնացնել մեր ազգային ու պետական խնդիրները լուծելու համար», - նշեց Փաշինյանը։

Զոհրաբ Մնացականյանն աշխատանքից ազատվել էր նոյեմբերի 16-ին՝ Շուշիի վերաբերյալ վարչապետի և Արտգործնախարարության՝ իրար հակասող հայտարարությունների ֆոնին։ Երկուսուկես տարի պաշտոնավարած Մնացականյանին փոխարինում է 51-ամյա կադրային դիվանագետ Արա Այվազյանը։ Նորանշանակ արտգործնախարարը նախքան այս պաշտոնին նշանակվելը մեկ ամիս պաշտոնավարել է որպես փոխարտգործնախարար, դրանից առաջ էլ լատաինաամերիկյան և եվրոպական տասից ավելի երկրներում դեսպան է եղել։

Արտաքին քաղաքական գերատեսչության նորանշանակ ղեկավարն իր հերթին կարևորել է ղարաբաղյան հակամարտության հարցի լուծումը դիվանագիտական դաշտ տեղափոխելու գործընթացը։ Ընդգծել է, որ դիվանագիտական առաքելությունները շարունակելու են առավելագույնս օգտագործել իրենց ներուժը ճակատագրական այս մարտահրավերներին դիմակայելու, արդյունավետ լուծումներ գտնելու համար. «Վստահ եմ, որ այս փուլում էլ ձգտելու ենք անել անհնարինը: Պարոն վարչապետ, ուզում եմ Ձեզ, մեր ժողովրդին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Արցախին և Սփյուռքի մեր քույրերին ու եղբայրներին վստահեցնել, որ այն գիտակցությամբ ենք լծված գործին, որ այստեղ մեզանից յուրաքանչյուրը հասկանում է, որ յուրաքանչյուրիցս կախված է մեր երկրի ներկան ու ապագան»:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով` նորանշանակ նախարարը բանակցային սեղանի շուրջ առաջին հերթին պետք է բարձրացնի Ղարաբաղի կարգավիճակի հարցը, ինչպես նաև հակամարտության լուծումը վերադարձնի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափ՝ հասնելով Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը. «Հիմա Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան իրոք լրջագույն դժգոհություն հայտնեցին Ռուսաստանին, որ շրջանցվեցին, ու իրենք գլխավորը, որ դնում են, կարգավիճակի խնդիրն է, որը մեզ շատ է հուզում: Ադրբեջանն ասում է` ի՞նչ կարգավիճակ, մոռացանք, հարցը լուծված է, պաշտոնապես հայտարարեց: Հիմա ո՞վ է մեզ աջակցում կարգավիճակի հարցում` Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, ովքեր համանախագահող երկրներն են: Մեզ դա ձեռնտու է, ուրեմն այո, աշխատելու ենք Ռուսաստանի հետ, միասին նաև նորից վերադառնանք Մինսկի խմբի շրջանակներ»:

Քաղաքագետն ասում է՝ պատրաստ են համագործակցել նորանշանակ նախարարի հետ և հասնել հայկական կողմի համար արդյունավետ լուծումների։ Գրիգորյանը մի շարք առաջարկներ է նեկայացնում։ Դրանցից մեկն էլ շփման գծի երկայնքով ձգվող բնակավարերի մասով վիճելի դրության հայանպաստ լուծումն է. «Գնում են շփման գծի ճշտումներ, այդ շփման գծի ճշտումներում մենք պետք է շատ ուշադիր լինենք, ստացվում է այնպես, որ 3 շրջաններ տվեցին Ղարաբաղին, երկուսը տվեցին Ադրբեջանին, բայց նույնիսկ այդ 3 շրջաններից ես տեսնում եմ` այնտեղ գյուղեր կան, որ ինչ-որ վիճելի իրավիճակ է: Ուրեմն, այստեղ ինքը պետք է անմիջականորեն սկսի զբաղվել, անմիջականորեն Ռուսաստանի հետ, պարզ է, քանի որ նույնիսկ մի գյուղ, 100 մետր այս կողմ, այն կողմ շատ կարևոր դեր է խաղում»:

Քաղաքագետը նորանշանակ նախարարի ուշադրությունն է հրավիրում նաև պաշտոնական Բաքվի հայտարարությունների վրա, թե կդիմի միջազգային դատարաններ՝ գույքային վնասի փոխհատուցման համար։ Հայաստանը ևս պետք է հակընդդեմ հայցեր ներկայացնի՝ Բաքվի և Գյանջայի հայերի գույքային իրավունքները վերականգնելու հարցով, կարծում է Գրիգորյանը։

Վարչապետն այսօր նաև ներկայացրել է Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ տնօրենին։ Արմեն Աբազյանը չորրորդ ԱԱԾ տնօրենն է 2018-ին Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո և երկրորդը պատերազմի ընթացքում։ Աբազյանին էլ ներկայացնելիս Փաշինյանը նշել է, որ Հայաստանն այժմ ծանր ժամանակներ է ապրում, և Ազգային անվտանգության ծառայությունը պետք է կարողանա կատարել պետության ողնաշարի իր դերը. «Ազգային անվտանգության ծառայության անունը լսելիս պետք է մարդիկ` անկախ իրենց հայացքներից, աշխատանքի վայրից, բնույթից, կրթական ցենզից, զգաստանան, ընդ որում ոչ թե ինչ-որ նեգատիվ կոնտեքստով, այլ հասկանալով, որ գործ ունեն պետական կարգի օրինականության, անվտանգության ապահովման մարմնի հետ, որն ապահովում է առաջին հերթին պետության անվտանգությունը, քաղաքացու անվտանգությունը և այսպես շարունակ»:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը հակադարձում է վարչապետին՝ ընդգծելով պետության ողնաշարը միայն ԱԱԾ-ն չէ։ Եվ որպեսզի այս կարևորագույն կառույցում հաճախակի ղեկավարներ չփոխվեն, պետք է հստակեցնել՝ ինչ են ուզում այս կառույցից՝ այն լինի սովետական КГБ, թե օրենքի շրջանակում գործող օրինապահ մարմին. «Եթե մենք ուզում ենք ունենալ իրական Ազգային անվտանգության ծառայություն, ուրեմն պետք է շատ շուտվանից մենք ձեռնամուխ լինեինք այդ կառույցում էական, հեղափոխական փոփոխությունների: Անցավ 2 տարի, ոչինչ էլ չարեցինք այդ բնագավառում, որևէ բնագավառում շատ բան չենք արել»:

Թավշյա հեղափոխությունից հետո իրավապաշտպանները բազմիցս են քննադատել իշխանություններին՝ դատական և իրավապահ համակարգում էական փոփոխություններ չանելու համար։ Դատելով անցած երկուսուկես տարվա ընթացքում չկատարված քայլերից՝ դեռևս չկա ցանկություն տեսնել պետությանը ծառայող կառույցներ, ասում է Հարությունյանը։

XS
SM
MD
LG