Որքանո՞վ է ռուսական զորախմբի տեղակայումը Լեռնային Ղարաբաղում համապատասխանում Ադրբեջանի շահերին։ Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ստորագրումից 10 օր անց ադրբեջանցի ընդդիմադիրների մի զգալի մասի շրջանում հիմնականում հոռետեսական մոտեցումներն են գերակշռում։
«Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» ղեկավար, պատմաբան Ջամիլ Հասանլին, օրինակ, վստահ է՝ ռուսական զորքերի մուտքը Ղարաբաղ չեղարկեց անկախ Ադրբեջանի գլխավոր ձեռքբերումներից մեկը։
«Մենք տարիներ շարունակ հպարտանում էինք, որ Ադրբեջանը դարձավ ոչ միայն հետխորհրդային, այլև հետսոցիալիստական տարածքի առաջին պետությունը, որտեղից դուրս բերվեցին օտարերկրյա, այսինքն` ռուսական ռազմակայանները և սահմանապահ զորքերը։ Այժմ ահա Ադրբեջանը մասնակիորեն հրաժարվում է իր ինքնիշխանությունից և ազատությունից», - պնդում է Հասանլին Meydan TV կայքին տված հարցազրույցում:
REAL կուսակցության նախկին ղեկավարներից մեկի` քաղաքագետ Ազեր Ղասիմլիի պնդմամբ էլ` նոյեմբերի 9-ի համաձայնագիրը չեղարկեց ոչ միայն 90-ականներին Ադրբեջանի արձանագրած դիվանագիտական հաջողությունների, այլև վերջին շաբաթների ռազմական ձեռքբերումների նշանակալի մասը։
«Եթե համեմատենք մինչև պատերազմը ստեղծված իրավիճակը և այժմ առկա կացությունը, ապա, իհարկե, դրությունն Ադրբեջանի համար շատ ավելի բարվոք է։ Խաղաղապահների տեղակայումը, սակայն, չեղարկեց այդ ամենը։ Դա նշանակում է, որ այժմ էլ Ղարաբաղը մեր ձեռքում չէ, դա նշանակում է, որ մենք երբ ցանկանանք Ղարաբաղ այցելել, չենք կարողանա», - պնդում է ադրբեջանցի քաղաքագետը՝ համոզմունք հայտնելով, որ այսօր Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացությունը շատ նման է այն իրավիճակին, որ ստեղծվել էր 90-ականներին և 2000-ականներին Վրաստանի տարածքում առկա հակամարտությունների ժամանակ։
«Մենք գիտենք, թե ռուս խաղաղապահներն ինչ արեցին Աբխազիայում և Հարավային Օսիայում։ Վրաստանն այնտեղ որևէ լիազորություն չուներ։ Արդյոք նման իրավիճակը չի կրկնվի նաև Ղարաբաղում, և ո՞վ կարող է մեզ նման երաշխիքներ տալ։ Եռակողմ հայտարարության մեջ նման երաշխիքներ չկան», - պնդում է քաղաքագետը։
Ադրբեջանի մերձիշխանական շրջանակներից, սակայն, վստահեցնում են, որ ռուսական զորքերի մուտքը Լեռնային Ղարաբաղ գրեթե անխուսափելի էր։ Միլի մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջն, օրինակ, լրագրողների հետ զրույցում անկեղծորեն խոստովանում է, որ Լեռնային Ղարաբաղին հարող այն շրջանները, որոնք դեռ գտնվում են հայկական ուժերի վերահսկողության տակ, հնարավոր է Բաքվին վերադարձնել բացառապես ռուսների օգնությամբ։
«Քելբաջարից, Աղդամից հայկական ուժերի դուրսբերման այլ մեխանիզմ գոյություն չունի։ Դու չես կարող զանգահարել հայերին և ասել՝ հեռացեք», - նշում է Օրուջը։
Ի դեպ, Քելբաջարի մասին։ Այս շրջանը Ադրբեջանի վերահսկողության տակ պետք է անցնի արդեն հաջորդ շաբաթ։ Բաքվում, սակայն, դժգոհ են, որ Դադիվանքի մերձակայքում ռուսական անցակետ է տեղադրվել։
«Վանք գյուղի [նախկին] բնակիչները դժգոհ են։ Եթե ռուսները ցանկանում են հսկել վանական համալիրը, կարող են տանկ կանգնեցնել վանքի, այլ ոչ թե գյուղի մուտքի մոտ։ Վաղը, երբ ադրբեջանցիները վերադառնան Վանք, արդյոք պետք է թույլտվություն ստանան ռուսական անցակետից», - գրում է «Թուրան» գործակալությունը։
Ազեր Ղասիմլիի համոզմամբ` ադրբեջանական կողմի համար անպատասխան թվացող հարցերի առկայության գլխավոր պատճառը նոյեմբերի 9-ի համաձայնագիրն ու ռուսական ուժերի փաստացի անսահմանափակ լիազորություններն ու կարողություններն են։
«Այդ փաստաթղթում հստակորեն նշված է, որ ռուսական զորախմբի կազմում 1960 զինծառայող է լինելու, 90 զրահամեքենա, 380 միավոր այլ տեխնիկա։ Իսկ ո՞վ է այդ ամենը վերահսկելու։ Ի՞նչ գիտեք, այնտեղ 380՞ միավոր տեխնիկա է լինելու, թե՞ ասենք 580: Դա վերահսկելը գործնականում անհնարին է», - համոզված է Ղասիմլին։