Մատչելիության հղումներ

Ադրբեջանին հանձվելիք տարածքներից հեռացող մարդիկ քանդում ու հրկիզում են իրենց տները


Հայաստանը Արցախին կապող այսօր գործող միակ` Վարդենիս – Քարվաճառ - Դրմբոն ճանապարհի երկայնքով ձգված բնակավայրերում, մայրուղու վրա պատահող փոքրիկ հյուրատներում մարդիկ շարունակում էին, այսպես ասենք, ապամոնտաժել իրենց ունեցվածքը՝ կա՛մ Հայաստանի Հանրապետության, կա՛մ Արցախի տարբեր շրջաններ տեղափոխվելու համար։

Քարվաճառին հարակից գյուղերում դեռ մարդիկ կան, որոնք, սակայն, իրենց իրերն են հավաքում տեղափոխվելու համար։ «Եթե հնարավորություն լինի, ապրելու միջոց լինի, ես ստեղից քինալ չեմ, ես իմ տանից քոչիլ չեմ։ Բայց արդեն հնարավոր չի, որ թուրքին հետ մի տեղ ապրինք», - «Ազատության» հետ զրույցում ասաց մի տարեց կին։

Դիտարկմանը, որ ռուս խաղաղապահներ են գալու, նա արձագանքեց․ - «Ռուս խաղաղապահը որ գա, գիշելը գալու ա մեր տանը կենա՞, ինձ պահե՞»։

Շահումյանի շրջանում կային նաև հայկական զինված ուժերի զինավաններ` սպայական տներ։ Բազմաբնակարան այս շենքերում միայն պատերն են մնացել։ «Քանդում են, որպեսզի չմնա հակառակորդին», - «Ազատությանն» ասաց փոխգնդապետ Թաթուլ Սարգսյանը։ - «Ամեն մարդ իրա տունը քանդել ա։ Վերջում էլ երևի հողին կհավասարացնենք, դուրս կգանք»։

Բնակավայրերից դուրս հանդիպող փոքրիկ հյուրատները, խանութները, բենզա-գազալցակայանները ապամոնտաժված էին, երբեմն ջարդուփշուր եղած ու հրկիզված։

Շահումյանի շրջանը, Քարվաճառին հարակից տարածքները հարուստ են գետերով, բազմաթիվ են փոքր ՀԷԿ-երը։ Ճանապարհին մեզ պատահած հիդրոէլեկտրակայանների սարքավորումները ապամոնտաժված էին, իսկ շինությունները՝ հրկիզված։

Շահումյանի շրջանում ամենահայտնի քրիստոնեական սրբավայրը, թերևս, Դադիվանքն է։ Սակայն այն միակը չէ, կան բազմաթիվ այլ կոթողներ։ Վարդենիս – Քարվաճառ – Դրմբոն ճանապարհի մոտ է գտնվում 12-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին (Կուսանոց Անապատ)։ Եթե, օրինակ, Դադավանքի մոտ ռուս խաղաղապահներ կան, և հայտարարվում է, որ վանական համալիրը կպաշտպանվի, կպահպանվի, այստեղ որևէ խաղաղապահ չկա, և պարզ չէ, թե ինչ կլինի այս եկեղեցու ճակատագիրը։

Հիշեցնենք, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած համատեղ հայտարարության համաձայն, Շահումյանի շրջանը` Քարվաճառն ու հարակից տարածքները պետք է Բաքվին հանձնվեին նոյեմբերի 15-ին, սակայն ժամկետը երկարաձգվել է։ Նորը նոյեմբերի 25-ին է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG