Մատչելիության հղումներ

Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին վանդալիզմի է ենթարկվել


Լուսանկարը՝ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքայն պաշտոնական էջից։
Լուսանկարը՝ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքայն պաշտոնական էջից։

Չնայած Պուտին-Ալիև ժամեր առաջ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի ղեկավարը ընդգծել է Բաքվի վերահսկողության ներքո անցած եկեղեցիների պահպանության և «եկեղեցական նորմալ կենսոգործունեության» անհրաժեշտությունը, իսկ Ալիևն էլ հավաստիացրել է, որ այդ եկեղեցիներն ու վանքերը կպահպանվեն ադրբեջանական պետության կողմից, սակայն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայատարարել են, որ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին ադրբեջանցիները պղծել ու ենթարկել են վանդալիզմի։

«Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ստորագրած հրադադարի համատեղ հայտարարությունից հետո Շուշի մուտք գործած ադրբեջանցիները պղծել են քաղաքի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին՝ իրենց հետքը թողնելով եկեղեցու արտաքին և ներքին պատերին», - ասված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ժամեր առաջ տարածած հաղորդագրությունում։

«Խստորեն դատապարտում ենք կատարվածն՝ այն որակելով որպես բացահայտ վանդալիզմ ու անհանդուրժողականության դրսևորում։ Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը, իր հովանավոր ցեղասպան Թուրքիայի հետևողությամբ, շարունակի մշակութային ցեղասպանության իր քաղաքականությունը, որն արդեն տասնամյակներ շարունակ տարբեր դրսևորումներով իրականացվում է Ադրբեջանում և նրա կազմում գտնվող Նախիջանի Ինքնավար Հանրապետությունում», - ասված է հաղորդագրությունում։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը օրինակ բերելով Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հետ տեղի ունեցածը՝ բարձրաձայնում է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելիք տարածքներում կան բազմաթիվ կրոնական և քաղաքակրթական կարևոր նշանակության կառույցներ, հուշարձաններ, արվեստի տարբեր նմուշներ, հնավայրեր, որոնց պահպանությունը վտանգված է՝ միաժամանակ պահանջելով ՅՈւՆԵՍԿՕ-ից և մշակութային արժեքների պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային այլ կազմակերպություններից «հավատարիմ մնալ ստանձնած առաքելությանը, անհապաղ ձեռնարկել գործուն և վճռական քայլեր՝ կանխելով ու դատապարտելով ադրբեջանական վանդալիզմի դրսևորումները»։

Ե՛վ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, և՛ նախարարությունը իրենց հայտարարություններին կից տարածել են մի լուսանկար, ուր պատկերված է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին` պատերին ադրբեջաներեն գրառումներով։

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի խոսքով՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո անցնող հայկական վանքերի, եկեղեցիների, պատմամշակութային բազմաթիվ այլ կոթողների ճակատագիրը լուրջ վտանգի տակ է՝ հաշվի առնելով Ադրբեջանում տասնամյակներով շարունակվող հակահայկական պետական քաղաքականությունը, Ջուղայի խաչքարերի հետ տեղի ունեցածը։

«Ճիշտն ասած, հիմա ավելի վտանգված է, որովհետև վերջին հատկապես 30 տարիներին այնքան շատ է հայկական ատելության քարոզչությունը, ուսուցումն ու ներդրումը ուժեղացած եղել, որ եթե նույնիսկ տեսական հնարավորությամբ փորձենք մտածել, որ Ադրբեջանի կառավարությունը փորձելու է ինչ-որ ձևով, իբրև թե, պաշտպանել բարբարոսություններից, ապա ակնհայտորեն գործնականում դա ներդրված է արդեն։ Ոչ մի անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի անդրադարձել Նախիջևանին, ոչ մի անգամ նույնիսկ ԵԱՀԿ-ն չի անդրադարձել, որն ունի հատուկ էդ գծով և Եվրամիության կոնվեցիայի կատարման հանձնաժողով և ունի կոմիսար, որը պետք է հրատապ արձագանքման նպատակով տեղում լինի», - ասաց Հրանուշ Խառատյանը։

Ի դեպ, Լեռնային Ղարաբաղում եկեղեցիների պահպանության անհրաժեշտության մասին հայտարարություն է տարածել նաև Ռուս ուղղափառ եկեղեցին։ «Լեռնային Ղարաբաղում հակամարտության դադարեցման պատադիր պայման է այնտեղ տեղակայված քրիստոնեական սրբավայրերի անձեռնմխելիությունը», - իր Telegram ալիքում գրել է Մոսկվայի պատրիարքության հանրային կապերի պատասխանատու Վախթանգ Կիպշիձեն։

Փաշինյանի, Ալիևի ու Պուտինի կողմից ստորագրված համատեղ հայտարարության համաձայն, այսօր՝ նոյեմբերի 15-ին Ադրբեջանի վերահսկողության տակ պետք է անցնի Քելբաջարի շրջանը, հինգ օր անց` մինչև նոյեմբերի 20-ը, պետք է վերադարձվի Աղդամը, այնուհետ` մինչև դեկտեմբերի 1-ը Լաչինի շրջանը՝ բացառությամբ Գորիսը Ստեփանակերտին կապող 5 կիլոմետրանոց լայնությամբ ճանապարհ-միջանցքի:

9-րդ դարում հիմնված Դադիվանքի վանական համալիրը Քելբաջարի շրջանում է։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքի իր էջում առաջ գրել է. - «Այսու իրազեկում եմ, որ Դադիվանքն արդեն գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո և նրան որևէ վտանգ չի սպառնում: Ներկայիս վանքում կան մի քանի եկեղեցականներ, որոնք շարունակելու են սրբավայրում մատուցել իրենց աստվածպաշտությունը և կանոնավոր իրականացնել արարողությունները»:

Associated Press-ի հետ զրույցում Դադիվանքի վանահայր տեր Հովհաննեսը հույս հայտնեց, որ վանքը կշարունակի ծառայել քրիստոնյաներին։

«Մեզ համար շատ կարևոր է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորքը եկել է այսօր այստեղ՝ պահելու, պահպանելու խաղաղությունը, որովհետև չգիտեմ ինչ-ինչ հարցերով այսօր որոշվում է դեռ, լրիվությամբ չի որոշվել այն ամենն, ինչ-որ պիտի լինի ապագայում», - ասաց Տեր Հովհաննեսը։

Դադիվանքում արդեն ռուս խաղաղապահներ են։​

«Մեր առաքելության նպատակն է՝ թույլ չտալ, որպեսզի վանդալները, կողոպտիչները և այլ ուժեր կողոպտեն, ավիրեն պատմական ժառանգության այս հուշարձանը։ Որպեսզի այն պահպանվի սերունդների համար, որպեսզի մարդիկ կարողանան այստեղ գալ և խոնարհվեն այս սրբության առջև, որը, անկասկած, կարևոր է տվյալ ժողովրդի համար», - ասաց ռուս խաղաղապահներից մեկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG