Ազգային ժողովում գիշերային անկարգությունների հետքերը դեռ չմաքրված` առավոտյան քաղաքացիների նոր խումբ ներխուժեց շենք։ ԱԺ նիստերի դահլիճից հայտարարեցին` 2 ժամ ժամանակ են տալիս պատգամավորներին արտահերթ նիստ գումարելու համար։ Պահանջում էին չեղարկել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած փաստաթուղթը, որն անվանեցին «ամոթալի կապիտուլյացիա»:
«Պատգամավորներ, եկեք Ազգային ժողով` ձեր աշխատավայր, էսօր դուք իրավունք չունեք այս օրհասական պահին պախկվելու, թաքնվելու», - ասում էին նրանք:
Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ երեկ հանդես էր եկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Այսօր խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննարկումների մեջ են պատգամավորների հետ անհրաժեշտ ստորագրություններ հավաքելու համար: Նկատենք, միայն ընդդիմադիր պատգամավորների ստորագրությունը բավարար չէ նիստ գումարելու համար, ընդդիմադիրներին, սակայն, չի հաջողվում կապ հաստատել իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։ ԲՀԿ-ի առաջարկած օրակարգը, ըստ էության, սա է՝ ռազմական դրության չեղարկում, ստորագրված փաստաթղթի վերաբերյալ քննարկում:
«Ես դիմում եմ «Իմ քայլի» պատգամավորներին, եկեք, մասնակցեք նիստին, փորձենք այլևս սևի ու սպիտակի չբաժանելով մեր հասարակությունը, փորձելով մեր երկրի ներսում այլևս թշնամիներ, վհուկներ, սատանաներ չփնտրելով փորձենք գտնել: Եթե դուք հիմա հարցնեք` ելքը ո՞րն է, ես անկեղծորեն պիտի պատասխանեմ, որ այս պահին ես չգիտեմ, ես չեմ կարող ասել: Մենք պիտի հասկանանք նաև, որ այս 2.5 տարում անընդհատ այսպես հարվածելով մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին, անընդհատ այդ տարատեսակ գրանտալափ կազմակերպություններով Ռուսաստանի դեմ արշավներ կազմակերպելով` մենք ուղղակիորեն իսկապես լուրջ վնաս հասցրինք երկրին, և հիմա այնտեղ արդեն կանգնած են ռուս խաղաղապահները: Դա նշանակում է, որ այլևս մեր որդիները չեն զոհվի, բայց մենք պիտի հասկանանք, որ մարդիկ լուծում են ուզում, մարդիկ համաձայն չեն տեղի ունեցածի հետ: Ինչ պիտի արվի, այս պահին ես չեմ կարող ասել», - ասաց Զոհրաբյանը:
Արդեն օրվա վերջում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրեց՝ հանդիպում է ունեցել ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ և եկել այն եզրակացության, որ այս պահին ռազմական դրությունը հանելը նպատակահարմար չեն համարում, առնվազն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում։ Մարուքյանը հանդիպել և հարցը քննարկել է նաև նիստը նախաձեռնած ուժի` ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ. «Վտանգը չի անցել պատերազմի հետ կապված, և դեռ ամեն ինչ չի ավարտվել: Եվ ես ասացի, որ ռազմական դրությունը պետք է հանվի, որ երկրում սկսվեն քաղաքական և քաղաքացիական պրոցեսներ, և գլխավոր շտաբի պետի ամբողջ պահանջը, խնդրանքն այն էր, որ առնվազն 7 օր հնարավորություն տանք Հայաստանի Հանրապետության զինված ուժերին: Չկա ինձ համար այլ մարդ այս պահին վստահելի, քան զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Ես ընդունել եմ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջարկ-հորդոր-խնդրանքը, և մենք քննարկել ենք և որոշում ենք ընդունել, որ ռազմական դրության իրավական ռեժիմը երկրում վերացնելու վերաբերյալ Ազգային ժողովի առանձին նախաձեռնություն կլինի 7 օր հետո»:
Այսօր պատգամավորների հետ հանդիպում է ունեցել երեկ ու այսօր կառավարական շենքերում ցույցեր անող քաղաքացիներին ներկայացնող 10 հոգանոց խումբը: Այդ քաղաքացիներն ասում են, թե չեն ներկայացնում քաղաքական ուժերին, խոսում են դրսում ու ներսում ցույցեր անող մարդկանց անունից։ Նրանց ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը նոր պահանջների մասին խոսեց։ Այն է` ռազմական դրության չեղարկում, վարչապետի հրաժարական, ստորագրված փաստաթղթի չեղարկում, իսկ ավելի երկարաժամկետ կտրվածքով արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Ընդդիմադիր խմբակցությունների հետ նրանց քննարկումը շարունակվեց փակ դռների հետևում: Քննարկման առաջին րոպեները բավականին թեժ էին: Քննարկման ավարտին նախաձեռնող խմբի անդամները հայտարարեցին` եթե իրենց պահանջներն առաջիկայում իրավական ճանապահով չբավարարվեն, իրենք կդիմեն 2018 թականին փորձված փողոցային պայքարի մեթոդին. «2018 թվականին ինչպես որ կատարվեց իշխանափոխությունը, ոչ թե հեղափոխությունը, այսինքն` այդ պրոցեսով մենք գնանք նրան, որ պառլամենտը լուծարվի»: