Մատչելիության հղումներ

Ըստ օմբուդսմենների` ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը հայկական ու ադրբեջանական կողմերի միջև հավասարության նշան է դրել


Արցախի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանները` Արտակ Բեգլարյան (ձախից) և Արման Թաթոյան (աջից)
Արցախի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանները` Արտակ Բեգլարյան (ձախից) և Արման Թաթոյան (աջից)

Ադրբեջանական կողմը շարունակում է Հայաստանի նկատմամբ ռազմական հանցագործությունները, իսկ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատար Միշել Բաշելեն միջազգային բոլոր կառույցների պես իր հայտարարությամբ կողմերի միջև հավասարության նշան է դրել։ Դժգոհում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

«Այդ հայտարարության բովանդակության մասով բավականին շատ վերապահումներ կան: Գլխավոր վերապահումն այն է, որ ինչպես բոլոր միջազգային կառույցները կամ միջնորդները, ինքը նույնպես տրվել է այն գայթակղությանը, որ երկու կողմերի միջև հավասարության նշան դնի», - ասում է նա:

Նախօրեին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատար Միշել Բաշելեն մտահոգություն է հայտնել Ղարաբաղում և հարակից տարածքներում բնակավայրերի թիրախավորման և միջազգային իրավունքին հակասող միջոցներով գրոհի կապակցությամբ: Ըստ Գլխավոր հանձնակատարի՝ այդ գործողություններում պատերազմի հանցագործության նշաններ կան։ Գլխավոր հանձնակատարը նշել է, թե չնայած միջազգային կառույցների հորդորներին, որ բացառվեն քաղաքացիական օբյեկտներին, դպրոցներին ու հիվանդանոցներին հարվածները, դրանք շարունակվել են, և բնակավայրերում ավերվել են տներ, մարդիկ ստիպված ապաստանում են նկուղներում: «Հակամարտող կողմերը պարտավոր են հետաքննել այդ միջադեպերը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին՝ հանցանքը կատարողներին և հանցավոր հրամաններն արձակողներին»,- ասել է Միշել Բաշելեն։

Գլխավոր հանձնակատարի հայտարարությունն ակնհայտ կողմնապահություն է Ադրբեջանի օգտին, ասում է Արցախի օմբուդսմենը. - «Լրիվ ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը սկսել է պատերազմը, ադրբեջանական կողմն առայսօր դիտավորյալ բազմաթիվ հանցագործություններ է կատարում, մի մասը նաև` ոչ դիտավորյալ, չտարբերակված այսպես ասած, որը նույնպես հանցագործություն է միջազգային մարդասիրական իրավունքով: Եվ բազմաթիվ են ապացույցները և մեր կողմից ներկայացված, և նաև միջազգային լրատվամիջոցների կողմից ներկայացված: Այս առումով սխալ էր հավասարության նշան դնել, և դա նշանակում է, որ կողմնապահություն է Ադրբեջանի օգտին, ինչը լրացուցիչ կերպով խրախուսում է Ադրբեջանի հանցավոր վարքը»:

Տիկին հանձնակատարը խաղաղ բնակավայրերի թիրախավորման դեպքերի մասին խոսում է որպես ենթադրյալ հանցագործությունների։ Ըստ Բեգլարյանի՝ միջազգային կառույցների ներկայացուցիչները պետք է հնարավարություն ունենան այցելել հակամարտության գոտի՝ անձամբ համոզվելու, որ դրանք ոչ թե ենթադրյալ, այլ փաստված հանցագործություններ են. - «Նույնիսկ որևէ երկրի կամքի կախված չպետք է լինի մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ մշտադիտարկումները կամ առանձին փաստահավաք առաքելությունները, բայց հենց իրենք քաղաքականացնում են այս հարցը, որովհետև լսում են Ադրբեջանին կամ տրվում են Ադրբեջանի շանտաժներին: Արդյունքում իրենք ընդունում են քաղաքականացման մեթոդաբանությունն Ադրբեջանի կողմից, և իրենք էլ խթանում են Արցախի բնակչության միջազգային մեկուսացմանը, որն առանձին քաղաքականություն է Ադրբեջանի իշխանությունների կողմից»:

Ադրբեջանի պատերազմական հանցագործություններին միջազգային կառույցների արձագանքը Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանն էլ համաչափ չի համարում, բայց վերջին հայտարարությունն առանձնացնում է: Ըստ նրա` ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հայտարարել է պատերազմական հանցագործության հնարավորության մասին Լեռնային Ղարաբաղում և ենթադրաբար նկատի ունի Հադրութ քաղաքում երկու հայ գերիների գնդահակահարությունն ադրբեջանական զինված ուժերի կողմից. - «Այստեղ երբ մատնանշվում է խաղաղ բանկիչներին կամ խաղաղ բնակավայրերին թիրախավորելու անթույլատրելիությունը, իր հիմնական հաղորդագրության մեջ հանձնակատարը հիշատակում է Ստեփանակերտի կենտրոնական շուկայի հրթիռակոծումը, դրանից բացի, ամենակարևոր մասերից է այս հայտարարության այն, որ հիշատակվում է Հադրութում մեր երկու հայրենակիցների սպանությունը»:

Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել Ժնևյան կոնվենցիաներով սահմանված միջազգային մարդասիրական իրավունքը, ընդգծում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։ Հայկական կողմը փաստերով է ահազանգում Ադրբեջանի սանձազերծած պատերազմական հանցագործությունների մասին` ռազմագերներին նվաստացնելուց ընդհուպ հիվանդանոցների հրթիռակոծում։

«Թիրախային հարվածները խաղաղ բնակչության նկատմամբ, իհարկե նաև կլաստերային կամ կասետային արգելված զինատեսակներով, երկրորդ` վայրագություններն ու դաժանությունները, որ տեղի են ունենում, այդ թվում` սպանությունները, այդ թվում` բացառիկ ցինիզմով սպանությունները, դիակների նկատմամբ անարգանքը, նաև արժանապատվությունը նվաստացնող անմարդկային վերաբերմունքը գերիների նկատմամբ: Դրանից բացի, թիրախավորելը խաղաղ բնակավայրերի քաղաքացիական ենթակառուցվածքները, և նաև արդեն նոր տարատեսակ է հայտնվել, դա քիմիական էլեմենտներ պարունակող զանգվածային ոչնչացման զենքի օգտագործումն է: Ակնհայտ փաստեր են, Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցի կամ բժշկական կենտրոնի հրթիռակոծումը, ընդ որում դա եղել է ցերեկային ժամին, երբ առավել շատ ակնհայտ է մարդկանց վնաս հասցնելոը մտադրությունը երևում, և իհարկե ոչ միայն բժշկական կենտրոնն ինքնին, այլ նաև ծննդատունը: Սրանք իրենցից ներկայացնում ենք Ժնևի կոնվենցիաների կոպիտ խախտումները, միջազգային մարդասիրական իրավունքի և արգելված են միջազգային մարդասիրական իրավունքով, հետևաբար պարունակում են ակնհայտ պատերազմական հանցագործության հատկանիշներ», - նշում է Թաթոյանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG