Մատչելիության հղումներ

Երեկվա դրությամբ քաղաքացիական բնակչության շրջանում կա առնվազն 44 զոհ և 141 վիրավոր, հայտնում է Արցախի ՄԻՊ-ը


Հոկտեմբերի 30-ի դրությամբ քաղաքացիական բնակչության շրջանում կա առնվազն 44 զոհ և 141 վիրավոր, հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Նշում եմ առնվազն, քանի որ տարբեր տեղերից նախնական տեղեկություններ ունենք, հատկապես այն բնակավայրերից, որտեղ ադրբեջանական զինված ուժերը մուտք են գործել և որոշակի հանցագործություններ են կատարել, տեղեկություններ ենք ստացել, որ առկա են քաղաքացիական այլ զոհեր: Սակայն այս պահին դեռևս ճշգրտված վերջնական տեղեկություններ չունենք, չենք կարողանում ապացուցված կերպով ներկայացնել», - նշեց Բեգլարյանը:

Արցախի ՄԻՊ-ը հայտնեց, որ Ադրբեջանը կրկին խախտել է պայմանավորվածությունները և թիրախավորել է Ստեփանակերտը, Շուշին և այլ բնակավայրեր, ինչ հետևանքով կան վիրավորներ:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 30-ին Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են մի քանի անհապաղ քայլի իրականացման շուրջ, այդ թվում` դիտավորությամբ չթիրախավորել խաղաղ բնակչությանն ու ոչ ռազմական օբյեկտները, մասնակցել ռազմի դաշտում մնացած աճյունների փոխանակման աշխատանքներին։

XS
SM
MD
LG