Ըստ ուսումնասիրության, այն այրող կասետային զենք է, որի կիրառումը խաղաղ բնակչության ուղղությամբ արգելված է Ժնևյան և միջազգային կոնվեցիաներով։
«Այսօր պարզ դարձավ, որ կա զինատեսակ, հայտնաբերել են սակրավորները զինատեսակ, որը հայտնի չէ, և նախկինում չենք էլ տեսել։ Մոտ 40 սանտիմետր երկարություն ունի, և ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ այն զանգվածային ոչնչացման և հրդեհելու համար է որևէ վայր։ Դա կարող է լինել անտառ, դա կարող է լինել քաղաք, ինչ-որ թաղամաս», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը։
Այս պահին Արցախի տարբեր շրջանների անտառները այրվում են։ Արցախի արտակարգ իրավիճակների գերատեսչությունում ենթադրում են, որ հենց այդ զինատեսակից է հրդեհ բռընկվել։
Օրեր առաջ Պաշտպանության բանակը տեսանյութ էր հրապարակել ու հայտնել, որ հակամարտության գոտում Ադրբեջանը ժնևյան կոնվենցիաներով արգելված և քիմիական զենքի տարրեր՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ է կիրառել։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հայտնում է՝ օգտագործվել է զանգվածային ոչնչացման բնույթի զինատեսակ, որը կիրառվում է շրջակա միջավայրի, քաղաքացիական բնակիչների դեմ։ Օմբուդսմենի փոխանցմամբ, այն կիրառվել է Արցախի քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառային տարածքներում, որտեղ զինված հարձակումներից պատսպարվում են նաև խաղաղ բնակիչները․ - «Մենք վերլուծություններ ենք Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ համատեղ անում առ այն, թե ինչ այլ վնասներ այն կարող է տալ։ Օրինակ, Արցախի խաղաղ բնակիչների, մեր հայրենակիցների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները վնասելը՝ գազատար և այլն։ Դրանից բացի, դրա հետևանքները խաղաղ բնակչության համար՝ թունավորումների հետ կապված, օդը աղտոտելու առումով և այլն։ Դրանց հետ կապված հիմա ուսումնասիրություններ տարվում են։ Մենք սա անում ենք համատեղ, Արցախի իմ գործընկերոջ հետ»։
Մարդու համար ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ սպիտակ ֆոսֆորի կիրառումը. «Բավականին ագրեսիվ քիմիական նյութ է։ Այն, որ ինքը անմիջապես մաշկի հետ շփվելիս առաջացնում է տեղային վնասվածք, այրվածք, նա կարող է նաև ընդհանուր պաթոլոգիա առաջացնել։ Այսինքն՝ շնչառական ուղիներով, քթով, լորձաթաղանթներով ներծծվում է արյան մեջ, ցիրկուլյացիայի է ենթարկվում արյան միջոցով և առաջացնում է բազմաթիվ պաթոլոգիական վիճակներ։ Ֆոսֆորով թունավորումը կարող է բերել մահվան։ Ըստ միջազգային ստանդարտների, 0,05 միլիգրամից մինչև 0,15 միլիգրամ ֆոսֆորի ազդեցությունը մարդու վրա արդեն մահաբեր է», - բացատրում Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը։
Ֆոսֆորից այրվածքներ ստացած անձին բժշկական օգնություն ցուցաբերողը պետք է վերապատրաստված լինի, այլապես, ըստ Բաբայանի, վերջինս ևս կարող է այրվածք ստանալ․ - «Մի քանի պատուհան ունենք՝ մաշկ, լորձաթաղանթներ, որի միջոցով ֆոսֆորը կարող է ընկնել դիմացի մարդուն, որը կոնտակտ է ունենում հիվանդի հետ, և նա նույնպես թունավորվի։ Հետևապես պետք է հատուկ արտահագուստ ունենալ, կրեն ակնոցներ, ռեսպիրատորներ»։
ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնն էլ Արցախի էկոլոգիական վիճակի վերաբերյալ տարիներ շարունակ հետազոտություններ է իրականացրել։ Կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանն ասում է, որ անթույլատրելի զենքերի կիրառումը կարող է կործանարար ազդեցություն ունենալ․ - «Արցախը աշխարհի մակարդակով էն ունիկալ տարածքներից է, որտեղ բնական լանդշաֆտները դեռ առկա են, և այս բոլոր տեսակի զենքերի կիրառությունը և ռազմական գործողությունները իրենց անդառնալի հետքը կթողնեն նաև այդ կուսական լանդշաֆտների վրա։ Տեսանյութում երևում է, որ այրվում են անտառներ, լանդշաֆտներ, այսինքն՝ վերանում է կենսաբազմազանությունը»։
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հերքել է հայկական կողմի հայտարարությունը՝ հայտարարելով, թե իրենց սպառազինության մեջ սպիտակ ֆոսֆորային զինատեսակներ չկան։
Արցախի Պաշտպանության բանակի փոխանցմամբ, նման զենքերի օգտագործումը, որոնք հնարավորություն չեն տալիս հստակ տարբերակելու ռազմական և քաղաքացիական նշանակության օբյեկտները, հանդիսանում են պատերազմական հանցագործություններ։