Մարտական գործողությունները շարունակվում են, դրանք այնքան սաստիկ չեն, ինչպես պատերազմի առաջին փուլում էին։ Բայց առանձին տեղային մարտեր կան, որոնք ոչ պակաս ուժգնություն ունեն, այսօր «Ազատության» եթերում ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Մասնավորապես՝ Մարտունի և Մարտունիից հարավ, Հադրութից հյուսիս առանձին ռազմաճակատային բնագծով են ընթանում մարտերը և առանձին օջախային մարտեր են կատարվում նաև անտառային զանգվածի գյուղերում, որոշակի օջախային մարտեր են կատարվում նաև Արաքսից հյուսիս ընկնող հարթավայրային զանգված, այդ ուղղությունը մինչև Բերձոր», - ասաց Հովհաննիսյանը:
Գիշերվա ընթացքում ղարաբաղյան հակամարտության ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ մարտեր են ընթացել, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը՝ հավելելով, որ ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության ներքո:
Ըստ նույն աղբյուրի՝ երեկ ուշ երեկոյան շուրջ երեք ժամ թեժ մարտեր են ընթացել ճակատային գծի հյուսիս- արևմտյան հատվածում։ Մասնավորապես, Պաշտպանության բանակի երկու հանգուցային դիրքի ուղղությամբ ադրբեջանական կողմը վաշտի կազմով ձեռնարկել է հարձակում, որը միջդիրքային մարտերի արդյունքում կասեցվել է:
Արցախի պաշտպանության նախարարությունն այսօր հրապարակել է Ադրբեջանի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհված ևս 11 զինծառայողների անուն-ազգանունները: Այս ցանկում են նաև գնդապետ, Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանի և հոկտեմբերի 4-ին Արցախի հերոսի կոչմանն արժանացած գնդապետ Սերգեյ Շաքարյանի անունները։
Հայկական կողմը պատերազմի 37-րդ օրը հայտնել է 1172 զոհի մասին։ Պաշտոնական Բաքուն մահացած զինծառայողների անուններ կամ թիվ չի հրապարակում՝ պատճառաբանությամբ, թե դա «ռազմական գաղտնիք է»։
Չնայած քաղաքացիական բնակչությանը չթիրախավորելու ժնևյան պայմանավորվածությանը՝ հայկական կողմը հայտնում է՝ անցած գիշեր և այսօր օրվա ընթացքում ադրբեջանական զինուժը շարունակել է կրակի տակ պահել Արցախի բնակավայրերը: Իրավիճակը հատկապես անհանգիստ է Մարտունի և Մարտակերտ քաղաքներում, ինչպես նաև հարակից բնակավայրերում, հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների ծառայությունը։ Ադրբեջանը իր հերթին հաղորդում է, թե գնդակոծվում են Աղդամի և Աղջաբեդիի շրջանների գյուղերը։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր կրկին խոսել է ղարաբաղյան հակամարտությունում վարձկանների և թուրքական ջոկատների ներգրավվածության մասին՝ պարգևատրելով Վլադիմիր Բալայանի և Շահեն Մեղրյանի անվան կամավորական ջոկատի անդամներին։ Մեղրյանի անվան ջոկատի մի քանի կամավորները հետմահու են պարգևատրվել։
«Վլադիմիր Բալայանի անվան ջոկատի, զորամիավորման 5 հոգանոց խմբին հաջողվել է հերթական ապացույցն ունենալ և աշխարհին ցույց տալ, որ մենք կռվում ենք վարձկանների դեմ, իսկ Մեղրյանի անվան խումբը մի քանի օր անընդհատ պայքարում էր ադրբեջանական, թուրքական ամենաէլիտար հատուկ ստորաբաժանումների դեմ Սղնախ-Ավետարանոց հատվածում և ոչ միայն կռվում էր, այլ մեծ վնաս է հասցրել: Երբ որ Ալեքսեյ Բալայանը իրիկունը զանգել է, ասում է՝ առաջներս կան այդ վարձկաններից, և մենք ուզում ենք գնալ և ապացույց բերել ի լուր աշխարհի, ես կատեգորիկ արգելել եմ, որովհետև ասել եմ՝ ռիսկի չդիմեք, իսկ առավոտյան արդեն ժամը 7-ի կողմերը կապ է հաստատում և ասում է՝ մեկին գերել ենք, հնարավորություն ունենք ևս , ասացի՝ այդ հնարավորությունը էլ չօգտագործեք, որովհետև ձեր, մեր ամեն մի կյանքը շատ ավելին է, քան ցանկացած վարձկան գերելը կամ ցանկացած այլ հակառակորդի, ընդհուպ տասնապատիկ ավելի վնաս հասցնելը», - ասաց Հարությունյանը:
Վարձկանների ներգրավվածությանն է անդրադարձել նաև Հայաստանի վարչապետը։ «10 միլիոն բնակչություն և նավթային ահռելի եկամուտներ ունեցող Ադրբեջանը 2020 թվականի հուլիսից հետո ինքն իրեն խոստովանեց, որ ի վիճակի չէ սեփական ուժերով լուծել իր անվտանգության խնդիրները և դիմեց հազարավոր վարձկանների օգնությանը, ինչի համապարփակ ապացույցները մենք արդեն ունենք», - Ֆեյսբուքում գրել է Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով, - «վարձկանների և ահաբեկիչների ներգրավումը Արցախի դեմ ծավալված ագրեսիայում սպառնալիք է ոչ միայն Արցախի և Հայաստանի, այլև միջազգային անվտանգությանը, և այս խնդիրը պետք է դառնա միջազգային հետաքննության առարկա»։
Ղարաբաղյան հակամարտության գոտում սիրիացի ահաբեկիչների ներգրավման մասին խոսել են մի քանի երկրների առաջնորդներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային մամուլն էլ արդեն մեկ ամիս շարունակ հետաքննություններ է ներկայացնում, սակայն Թուրքիան և Ադրբեջանը կտրականապես հերքում են, թե ադրբեջանական կողմում ջիհադիստներ են կռվում։
Մինչ այս պահը հայկական կողմն արդեն հայտնել է երկու վարձկանի գերեվարման մասին, նրանցից մեկին՝ սիրիացի Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին արդեն մեղադրանք է առաջադրվել միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների և վարձկանության համար։ Նա այսօր կալանավորվել է։