Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ նոյեմբերի 1-ի գիշերը և այսօր օրվա ընթացքում ադրբեջանական զինուժը շարունակել է կրակի տակ պահել Արցախի բնակավայրերը:
Իրավիճակը, հատկապես Մարտունի և Մարտակերտ քաղաքներում, ինչպես նաև հարակից բնակավայրերոմ՝ անհանգիստ է:
Ըստ հաղորդագրության, գրադի և սմերչի կայանքներից խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված հրթիռներից բացի, այստեղ կիրառվում է նաև ռազմական ավիացիա:
Տուժածներ չկան:
Մյուս բնակավայրերում իրավիճակը հարաբերական հանգիստ է:
Հոկտեմբերի 31-ին Ժնևում՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարեցին, որ ղարաբաղյան հակամարտության կողմեր պայմանավորվել են մի քանի անհապաղ քայլի իրականացման շուրջ, այդ թվում` դիտավորությամբ չթիրախավորել խաղաղ բնակչությանն ու ոչ ռազմական օբյեկտները, մասնակցել ռազմի դաշտում մնացած աճյունների փոխանակման աշխատանքներին։
Ադրբեջանական կողմը, ինչպես շեշտում է հայկական կողմը, շարունակում է ռմբահարել խաղաղ բնակավայրերը։ Պաշտոնական Բաքուն ևս պնդում է, որ դիրքերից բացի հրետակոծվել են խաղաղ բնակավայրեր։