Մատչելիության հղումներ

«Հաղթանակից այն կողմ այլընտրանք չունենք», - շեշտում է Անդրանիկ Քոչարյանը


Օդը երբեք 100 տոկոսով չի փակվելու, «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Միևնույն ժամանակ, Քոչարյանն ընդգծեց՝ հայկական կողմը պարտավոր է օր առաջ ռազմական կարողություններն ավելացնել։ «Մեր կարողություններն, ուզենք, թե չուզենք, մենք պարտավոր ենք օր առաջ ավելացնել, որովհետև շատերն այսօր խոսում են՝ «օդը պետք է փակել», օդը երբեք 100 տոկոսով չի փակվելու, նաև մենք սովորում ենք օդի այսպիսի բաց լինելու պայմաններում ինչպես գոյատևել, մեր գոյամարտն այնպես անել, որպեսզի հնարավորինս խոցման արդյունքում ոչ միայն տեխնիկայի, այլև մարդկային կորուստներ քիչ ունենանք», - ասաց իշխանական պատգամավորը։

Քոչարյանը նշեց, որ պատերազմ ի առաջին 10-15 օրերին հայկական կողմը պատրաստ չի եղել նման ծավալի օդային հարձակումների, սակայն վերջին շաբաթներին, նրա խոսքով, իրավիճակը փոխվել է. - «Առաջին 10-15 օրը մենք պատրաստ չէինք նման ծավալի հարձակումների՝ ճշգրիտ հրթիռակոծման՝ վերևից, կասեցնելու կամ դրանց դեմ պայքարելու առումով, և մենք շատ տեխնիկա և անձնակազմ ենք կորցրել, բայց վերջին շաբաթների ընթացքում նաև մեր մասնագիտական խմբերը՝ հրետանավորները, հակաօդային պաշտպանության ուժերը շատ բաներ ժամ առաջ սկսում են սովորել, կիրառել, որը, որ վերջնամասում մեզ բերելու է վերջնական հաղթանակի»։

Պաշտպանության և անվտանգության հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահն ընդգծեց՝ հաղթանակն այլընտրանք չունի։ «Մենք հաղթանակից այն կողմ այլընտրանք չունենք։ Պարտությունը դա նշանակում է անպաշտպան թողնել մեր ժողովրդին, ոնց որ 1915 թվականին եղավ։ Գրոհայինները, եթե տեսնում եք, չեն եկել է մարտնչելու, նրանք եկել են մեզ սպանելու, երեխաներին սպանելու, կանանց բռնաբարելու, և մենք բոլորովս միասին՝ մեկ բռունցք դարձած, պետք է լուծենք։ Եթե նույնիսկ կրակելու բան չունենանք, մենք պարտավոր ենք դառնալ թնդանոթի միս, որպեսզի այդ անցքերը փակենք։ Դա է մեր ճակատագիրը, ինչքան էլ ներսում ներքին բայրաքթարները՝ մարդկային կերպարանքով, սողացող տեսքով, տեսակով, փորձեն խանգարեն էս գործընթացներին՝ չգիտակցելով, որ դրանով իրենք վտանգում են իրենց տանը բնակվող հարազատներին, թոռներին, որովհետև էս միասնական բուրգը պահանջում է միասնական կառավարում ռազմական դրության պայմաններում, իսկ դրա կառավարիչը գերագույն գլխավոր հրամանատարն է, ինչքան էլ ուզեն, թե չուզենան, սիրեն, թե չսիրեն, պարտավոր են ենթարկվել պետության մեջ գործող օրենքներին: Ովքեր օրենքներին չենթարկվեն, նրանք պետք է օր առաջ ամենախիստ պատիժը կրեն», - հայտարարեց Քոչարյանը:

«Այստեղ դրված է կա՛մ-կա՛մ․ կա՛մ հաղթում ենք, կա՛մ վերանում ենք, իսկ քանի որ մենք հազարամյակներով չենք վերացել, նույնիսկ պետություն չունենալու պարագայում մենք մեր ինքնությունը, մեր տեսակը կարողացել ենք պահել, պաշտպանել և աշխարհով մեկ տվել ենք մեր ինտելեկտի, մշակույթի կարողությունները տարբեր երկրներին, տարբեր ժողովուրդներին, մենք հիմա ունենք պետություն, և պետությունը պետք է իրացնի իր մոնոպոլ իրավունքը՝ պաշտպանել իր ինքնիշխանությունը, իր տեսակը, սահմանները», - եզրափակեց խորհրդարանական հանձնաժողովի նախագահը:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի նոյեմբերի 1-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG