Մատչելիության հղումներ

14-ամյա հադրութցի տղան խնայած գումարով բիզնես է սկսել Երևանում


Երկնքից թափվող արկերից մազապուրծ Երևան հասած 14-ամյա հադրութցի Բորիս Վանյանը ստանձնել է մոր ու 4-ամյա եղբոր խնամքը։ Հայրն առաջնագծում է։ Համակարգիչ գնելու նպատակով հավաքած 100 հազար դրամով փոքրիկ բիզնես է սկսել՝ Երևանում օնլայն խանութ է բացել։

«Երբ եկա, հորքուրն ասաց, որ պիտի փող աշխատես, հետո առաջարկ ասաց, բացեցինք, խորհրդակցեցի մայրիկիս հետ, հորքուրիս, համաձայնեցին, հետո առաջին ապրանքը գնեցի` 6-7 հատ ապրանք էր: Հետո բերեցի, սկսեցի նկարել, դնել գովազդի մեջ», - պատմում է նա:

Մեծածախ տոնավաճառներից այսօր ապրանքի նոր խմբաքանակ էր գնել, հետո դրանք լուսանկարելու է, գները գրի, հրապարակի օնլայն խանութի էջում ու սպասի պատվերներին։ Ամենաշատն Արցախի խորհրդանիշ դարձած տատիկ-պապիկի նկարով նոթատետրն է վաճառվում. - «Գնում եմ խանութ, նայում եմ, եթե դա ինձ դուր է գալիս, ուրեմն ուրիշներին էլ դուր կգա: Հետո փորձնական մի քանի հատ առնում եմ, դնում եմ խանութ մեջ, տեսնում եմ` առնում են, թե չէ: Երբ որ առաջին անգամ բացեցի, քիչ ապրանք էր` մի 7-8 հատ ապրանք էր: Երբ որ հորքուրս գրեց իմ մասին, սկսեցին շատ պատվերներ»:

Տան կոմունալ ծախսերը, սննդի ու հագուստի գումարն իր վրա է վերցրել։ Ձեռքներին եղած գումարով արդեն վճարել են վարձակալած 35 քառակուսի մետրանոց տան ամսական 90.000 դրամ վճարը, մյուս ամիսներինն արդեն ինքն է վճարելու։ Թեև հույս ունի, որ դրա առիթը չի ունենա, շուտ կվերադառնա Հադրութ, կվերանորոգեն ադրբեջանցիների արկերից փլուզված տունն ու կշարունակեն ապրել այնտեղ. - «Որ կռիվը պրծնի հետ եմ գնալու»:

Գործարար դառնալու երազանքը պատերազմից հետո է ծնվել, երբ շատ հարստանա, Արցախի քանդված տներն է վերակառուցելու։ Պատերազմը փոխել է նրա ծրագրերը. խնայած գումարով համակարգիչ էր ցանկանում գնել, որ խաղեր խաղար, հիմա նորաստեղծ փոքրիկ բիզնեսին է դա հարկավոր։ Իր մասին տարբեր հոդվածներից հետո շատ նամակներ ու նվերներ է ստացել, օրինակ՝ Մարինե անունով մի աղջիկ համակարգչի սեղան է նվիրել, մի քիչ գործերը լավանա համակարգիչն էլ ինքը կգնի, առայժմ հեռախոսով է խանութի ֆեյսբուքյան էջը կառավարում. - «22 հազար [այցելու], 20 օրում: Հորքուրս իր էջում նյութ դրեց, հետո: Էսօր նամակներին ես չեմ պատասխանում, աշխատողն է պատասխանում, նամակներին պատասխան է, պատվերները վերցնում է, հետո ուղարկում է ինձ»: Առաքումներն ինքը չի կատարում, առաքիչ ունի, ում վարձատրում է:

Բորիսը երկար չպատմեց, թե ինչպես են Հադրութից Երևան հասել, միայն ասաց՝ թեև հայրիկին շատ է կարոտում, բայց հեռախոսով դա չի ասում, որ հայրն այնտեղ չհուզվի։ Տարիներով հավաքած 100 հազար դրամն արդեն կրկնապատկել է, հորը պատմել է իր բիզնեսի մասին, առաջնագծից խրախուսանք ստացել. - «Ուրախացավ, ասաց, որ հիմա տան տղամարդը դու ես»:

«Կցանկանա՞ս ապրել Երևանում», հարցիս լռությամբ պատասխանեց։ Իր երազանքն է հիմա. - «Որ կռիվը պրծնի»: Տեսախցիկից դուրս անկեղծացավ՝ Երևանում ամեն ինչ խորթ է իր համար՝ քաղաքին ծանոթ չէ, ընկերներ չունի, իր շունչը Հադրութում է բացվում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG