Մատչելիության հղումներ

Ադրբեջանական գյուղից հարս բերած բաղանիսցիներն ասում են՝ հարևան երկրի հետ չեն հաշտվի, քանի դեռ Հայաստանի ունեցածի վրա աչք է գցել


Ադրբեջանի հետ սահմանակից բաղանիսցիների ուշք ու միտքը ռազմաճակատում է, անելիքը՝ գյուղի կենտրոնում։ Առաջնագիծ ուղարկելու համար ցանցեր են գործում, գյուղից կռիվ գնացածների մասին հարցուփորձ անում, իրար լուր տալիս, լուր առնում։

Հետո իրար սիրտ են տալիս, թե լացուկոծով գործը գլուխ չի գա։ Խոսքի տոնայնությունն էլ է փոխվում, ասելիքն էլ, տրամադրությունն էլ։ «Ալիևը հեչ բան ա, Թուրքիան ա: Խաղաղություն եմ ուզում էս երեխաների համար, մենք մեր փայը տեսել ենք: Դուխով», - ասաց հավաքված կանանցից մեկը:

Սահմանի հակառակ կողմում գտնվող ադրբեջանական գյուղերից ընդամենը մի քանի քայլ են հեռու։ Ժամանակին բարեկամություն են արել, անգամ հարս բերել իրենց գյուղ։ «Շատ լավ ենք եղել, շատ հարևանական ենք եղել, երեխաները միշտ իրենց հետ կապված են եղել, մենք հաշվի չենք առել, որ թուրք է, մեզ հետ հավասար հայ է, անունը տանք-չտանք, էդ կինը 50-60 տարի է մեզ հետ ապրում է», - նշեց բաղանիսցիներից մեկը:

Բազմաթիվ անգամ Տավուշի մարզի Բաղանիս գյուղը ռմբակոծվել է հակառակորդի կողմից, բայց իրենց գյուղի ադրբեջանցի հարսին վատ աչքով չեն նայել։ Ասում են՝ երկու երկրների միջև ծագած հակամարտությունից հետո նա էլ իրենց նման անիծում է պատերազմն ու թշնամուն։ Այսօր էլ իրենց ադրբեջանցի համագյուղացու որդին ու երկու թոռները առաջնագծում են, պայքարում են Ադրբեջանի դեմ։

Ասում են՝ իրենց ադրբեջանցի համագյուղացու հետ հաշտ ու համերաշխ են, բայց թշնամի դարձած հարևան երկրի հետ չեն հաշտվի, քանի դեռ Հայաստանի ունեցածի վրա աչք է գցել։

Բաղանիսի կենտրոնում օրն ավարտվում է միասնական ընթրիքով ու խաղաղության աղոթքներով։ Բաղանիսցի կանայք խաղաղությանն են սպասում նաև հանուն իրենց համագյուղացի ադրբեջանցու զինվոր թոռների։

XS
SM
MD
LG