Մատչելիության հղումներ

Հայաստանի ազգային հերոսի գերմանուհի մայրը հավատում է՝ «խոխեքը կանգնելու են մինչև վերջ»   


Գերմանուհի Էլվիրա Դիլմանը Սիսիանի բնակելիներից մեկում սպասում է՝ երբ է հետ` Ստեփանակերտ վերադառնալու, Արցախից նախորդ պատերազմների ժամանակ երբեք չէր հեռացել:

«Ամեն օր ասում եմ` այ Աստված, էն Գիքորի ասած` տունս եմ ուզում, շենս եմ ուզում, պապաս-մամաս եմ ուզում: Ես էլ Ղարաբաղ եմ ուզում, տուն եմ ուզում», - ասում է նա:

Ամեն ժամ լուրերին է հետևում, ասում է՝ մինուճար որդուս օրինակով գիտեմ՝ հողը պահեցիր, տունդ, ընտանիքդ, երկիրդ ապահով է. գերմանուհի Դիլմանը Հայաստանի ազգային հերոս Յուրա Պողոսյանի մայրն է. - «Սաղ օր նայում եմ` նայում եմ` ինչ է կատարվում, ոնց է կատարվում, ջահել-ջահել գնում են, բայց ի՞նչ անենք, իրենց հայրենիքը իրենք պիտի պահեն, հետևում ծնող կա, խոխա կա, պիտի պահեն до конца, Աստված դուզություն ա սիրում, ով որ դուզ ա, նա կհաղթի անպայման»:

Որդին՝ Յուրա Պողոսյանն արցախյան շարժման առաջին զինագործն էր, ուսումնական հրացաններն ու սովորական երկաթը դարձնում էր մարտական զենք ավտովերանորոգման իր արհեստանոցում: Նրա փոխակերպած զենքերով են մարտի դուրս եկել առաջին ազատամարտիկները, ազգային հերոսը նաև ադրբեջանական առաջին տանկը խփողն է, ղարաբաղյան առաջին պատերազմի առաջին զրահամեքենայի անձնակազմը էլի ղեկավարում էր Յուրա Պողոսյանը։ Մայրը ծիծաղում է՝ գուցե գերմանական արյունն էր, որ որդին զենքերը պատրաստում էր այդքան ճշգրիտ. - «Կոմդոսը միշտ ասում էր` Յուրա, էն ավտոմատն անում ես, էն պոլիմյոտն անում ես, էդ ո՞նց ես սարքում, կարծես թե իրեն Աստծուց է տված դա»:

Նրա գործը միայն զենք պատրաստելը չէր, մասնակցել է Կիչանի, Սրխավենդի, Էդիլուի, Խրմանջուղի կռիվներին, զոհվել 92-ին Ասկերան-Նախիջևանիկ ճակատային գծում: 31 տարեկան էր: Մայրը հիշում է՝ երբ ասում էի` զգույշ կլինես, հեգնում էր. - «Էն վոր ասում ես` զգույշ կաց, մի ասա, զգույց կացը ես ո՞նց պիտի հասկանամ, սաղ առաջ քնան, ես քամա՞կ: Դա՞ է զգույշը, զգույշ չկա, ես պիտի պեռվին գնամ»:

Չէր սիրում նաև, երբ տանը քննարկում էին ռմբակոծությունից այլ՝ ավելի ապահով տեղ գնալու հարցը, երեք փոքրիկներ ուներ, կնոջ հետ միշտ Ստեփանակերտում են եղել. - «Իմ ընտանիքը տանը պիտի լինի, կանգնեցեք, ո՞ւր եք գնում, ասում ա` դու որ գիտես, որ տանը մամադ ա, պապադ ա, խոխադ ա, կռվի ժամանակ խելքդ ուրիշ տեղ չի լինում, գիտես` ընտանիքդ տանն է»:

Մինուճար որդուն կորցրած 81-ամյա մայրը տասնամյակներ անց ասում է՝ չեմ ողբում, որդիս կյանքը, խելքը սիրտը հայրենիքին է տվել, միայն թե ինչի՞ անիծյալ պատերազմը չի ավարտվում, երազանքը խաղաղությունն է. - «Дай бог, ես ուզում եմ, որ էտ հարցը որոշվի, որ մեր Ղարաբաղը պնդի, կռիվի վերջը լինի, սաղ խոխեքը սաղ մնան»:

Ղարաբաղ մտնելու օրից է երազում խաղաղության մասին. գերմանացի Վիլհեմ ու Ելենա Դիլմանների դուստրը արցախցի Վաղինակ Պողոսյանի հետ ծանոթացել է Վոլգոգրադում, ինքը սովորում էր, փեսացուն՝ ծառայում. - «Ես 2 տարի էնտեղ կարդում էի, ինքն էլ բանակումն էր, վերջում դասը պրծա, ինքն էլ բանակը պրծավ, վերջում ասաց` միանանք, դե էն վախտ ո՞վ էր ասել` ես նեմեց եմ, ինքը հայ ա»:

Երբ տասնամյակներ առաջ հարս եկավ Ստեփանակերտ, հայերեն ոչ մի բառ չգիտեր, հիմա արցախյան ամենախորը բարբառով է խոսում, ստիպված էր սովորել, տան մեծ մայրը ռուսերեն ու գերմաներեն չգիտեր. - «Մինչև լեզուն սովորել եմ, ինչքան եմ լացել, չէի իմանում` ինչ են ասում, պառավն էլ լեզուն չգիտեր»:

Որդու զոհվելուց հետո քույրը՝ Բերթան իրենց գերմանական Օսնաբրյուկ հրավիրեց, Արցախում Վերա Պողոսյան դարձած Էլվիրա Դիլմանն ասում է՝ ամուսնուս հետ մի կերպ դիմացանք, հետ փախանք Արցախ. - «Շատ լավ ա, շատ լավ ա, բայց մերը չէ, գնանք մեր տուն էլի»:

Վերա տատիկը հարսի՝ տիկին Անժելայի հետ միասին մեծացրել ու ոտքի են կանգնեցրել հերոս որդու երեխաներին, Յուրա Պողոսյանի 2 աղջիկները 6-6 երեխաներ ունեն, տատիկն ամեն օր շտապում է տուն վերադառնալ՝ ասում է այնտեղ է իրականություն դառնում որդուս երազանքը, որ իսկական բանակ ունենալն էր. - «Արդեն խոխեքի ձեռքին զենք կա, հաց կա, ջուր կա, սոված չեն, ծարավ չեն: Մինչև վերջ победа за нами, ես հավատում եմ, որ մեր խոխեքն ուժեղ են, կանգնելու են մինչև վերջ»:

XS
SM
MD
LG