Մատչելիության հղումներ

89-ամյա Հովսեփ Ենգոյանը տարիներով հավաքած 1 մլն դրամը «Հայաստան» հիմնադրամին է նվիրաբերել


Հովսեփ և Ասյա Ենգոյանները
Հովսեփ և Ասյա Ենգոյանները

Շիրակի մարզի Արփենի համայնքի 89-ամյա բնակիչ Հովսեփ Ենգոյանը իր տարիներով հավաքած 1 միլիոն դրամը «Հայաստան» համահայկական հիմնադրամին է նվիրաբերել:

«Պատերազմ է կենաց ու մահու, սիրտս մղկտում է, երիտասարդությունը սպանվում է, պաշտպանում են մեր երկիրը: Դե, իմ մասնակցությունը ինչ է՝ հասարակ բան, հասարակ բան՝ հավաքել էի մի քանի կոպեկ, ասենք թե, թաղման համար, դա երբ էլ լինի, կթաղեն ինձ էստեղ՝ գյուղում: Մնում է օգնել պետությանը, օգնել բանակին, որ հաղթանակ տանենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ենգոյանը՝ շարունակելով. - «Պետական թոշակն էր՝ եկել ու լցվել էր: Կամ ինչ մի մեծ բան է, շատ ունենայի՝ ավելի շատ կտայի: Մեծ բան չէ, մենակ հաղթանակ լինի, մենակ հաղթենք, մենակ փրկենք, հայրենիքը փրկենք»:

Կինը՝ Ասյա Ենգոյանը ասաց՝ դեմ չի եղել գումարը հիմնադրամին փոխանցելուն, հավելեց, թե շատ լիներ՝ շատը կփոխանցեին. - «Չէ, ինչի՞ պիտի դեմ լինեի: Եթե շատ լիներ, շատ կտայի: Թոշակիցս ինչքան որ հավաքվել էր, ինչ էլ որ մեղր էինք վաճառել՝ հավաքվել էր, հավաքեցինք՝ ինչքան եղավ, էդքան տվեցինք, եթե շատ լիներ, շատ կտայինք»:

Հովսեփ Ենգոյանը նախկին զինվորական է, խորհրդային Սևծովյան նավատորմում է ծառայել՝ կապավորից մինչև նավապետ դառնալով։ 90-ականների սկզբին Աբխազական պատերազմի բովով անցած ամուսիններն ասում են՝ իրենց մաշկի վրա զգացել են ռազմական գործողությունների հետևանքները ու հիմա արցախցիներին շատ լավ են հասկանում:

Ենգոյանները 27 տարի առաջ են վերադարձել հայրենի գյուղ: Գյումրիում մի փոքր բնակարան ունեն, սակայն տարվա մեծ մասն անցկացնում են Արփենիում: Տնտեսություն են ստեղծել, մեղվապահությամբ են զբաղվում ու դրանով ապրում:

«91 թվին գնացի թոշակի ու պատրաստվեցի, էնտեղ երկու տարի մեղվապահությունը սովորեցի, նպատակ ունեի՝ էնտեղ սովորեցի, եկա: Եկա Հայաստան, ինձ ընդառաջեցին, տեղամաս տվեցին, տնտեսությունը հատկացրեցին ինձ, բանջարանոցով և այլն, գնացել, ապրել ենք: Երեխաներս էստեղ չեն՝ աղջիկս Սուխումում է, տղաս՝ Մոսկվայում», - ասաց Հովսեփ Ենգոյանը:

Նախկին զինվորականը կարծում է, որ հայկական ուժերը գրագետ են կռվում, նույնիսկ գերազանց: «Մեր բանակը գերազանց է կռվում, շատ գերազանց ձևով: Պիտի պաշտպանենք, ստիպված ենք պաշտպանել, ստիպված եքն հաղթել», - ասաց Հովսեփ Ենգոյանը:

Տարեց ամուսիններն ամեն օր հետևում են, թե ինչ է կատարվում առաջնագծում, ու հավատում են հայկական կողմի հաղթանակին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG