Մատչելիության հղումներ

Զենքին փոխարինելու է եկել վրձինը. նկարիչների աջակցությունը հիմնադրամին


«Ականատես եղա Տեր Աբել Քարտաշյանի խոսքերին, որոնք հուզեցին ինձ: Նայեցի զինվորների աչքերին, և հասկացա, որ նրանք ավելի շատ են սիրում հայրենիքը, քան ես հավատում եմ Աստծուն, անմիջապես խաղաղություն գտա հենց այդ խոսքերում, խաղաղության սիմվոլը ձևավորվեց նրա կերպարի և նրա այդ ասվածքի մեջ, դրա համար որոշեցի անդրադառնալ կտավի ձևով»:

22-ամյա գեղանկարիչ Մանու Հարությունյանը նկարն ավարտեց 2 ժամում ու այն տեղադրեց Ֆեյսբուքում, ապա տեսնելով, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամին աջակցելու կարիք կա, որոշեց նկարը աճուրդի հանել՝ հասույթը փոխանցելով հիմնադրամին։ Առաջին փորձից հետո` ղարաբաղյան այս պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայտնի լուսանկարը գեղանկարչական աշխատանքի վերածեց ու հապճեպ կազմակերպեց աճուրդը։ 5000 դոլարը փոխանցեց հիմնադրամին։

«Քանի ես սահմանում զինվոր չեմ, ես պետք է նույն օրինակը ծառայեմ ու լինեմ զինվոր թիկունքում, դրա համար զենքին փոխարինելու է եկել իմ վրձինը, ես հիմա թիկունքում ծառայում եմ` անելով իմ գործը, այն գործը, որ իմ մասնագիտությունն է, և կարող եմ ամենից լավ դա անել», - ասում է նա։

Զենքին փոխարինած վրձնով արդեն երրորդ նկարն է պատրաստում աճուրդի. - «Որոշեցի հերոսական նկարների շարք սկսել, որովհետև յուրաքանչյուր հայ հիմա եթե շնչում է, եթե բարևում է մյուսին, քայլում է, գնում է աշխատանքի, պարտական է մեր զինվորներին, և կարծում եմ, որ յուրաքանչյուր արժանի հայորդի պետք է իր տանը որպեսշնորհակալություն նաև, որպես բարի գործ ունենա մեր հերոսներից մեկին, որը ոչ միայն տվյալ հերոսն է, այլ ամբողջ մեր բանակի հավաքական կերպարն ամփոփված մեկում»:

Պատերազմն ամբողջովին փոխել է իմ կյանքը, ասում է Մանու Հարությունյանը: Լուսաբացին սկսում է նկարել, հետո որպես կամավոր սնունդ և այլ անհրաժեշտ պարագաներ է հասցնում Արցախից եկած քաղաքացիներին. - «Թե՛ մտածելակերպը, թե՛ հոգեվիճակը, թե՛ կենցաղս, թե՛ մտքերս ամբողջովին հիմա սահմանին են»։

«Մենք փորձում ենք մեր փոքրիկ օժանդակությունը ցույց տալ մեր բանակին, հայկական հիմնադրամին», - ասում է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, 74-ամյա Լեմս Ներսիսյանն, ով իր գործընկերների հետ միասին ևս աշխատանքները վաճառքի է հանել՝ գումարը փոխանցելով համահայկական հիմնադրամին. - «Պետք է մինչև վերջ օգնենք, որպեսզի կարողանքն վերականգնել պատերազմի արհավիրքները բոլոր»:

Գործընկերներին կոչ է արել հնարավորինս ցածր գներով աշխատանքները վաճառել։ Ինքը պատրաստ է բոլոր աշխատանքներն էլ վաճառել՝ մեկ զրո պակաս գումարով. - «Մեր սոցիալական վիճակը հասարակության այնպիսին չի, որ դու քո գինը դնես, իհարկե արժեք ունի այդ նկարը, որովհետև հեղինակավոր նկարիչ է և այլն, բայց նորից կրկնում եմ` մենք ամեն ինչի պետք է գնանք, արվեստը զոհեր է պահանջում։ Այս լոզունգը մենք միշտ ունեցել ենք, և դա, իհարկե, այդքան էլ մեծ զոհողություն չի, որ նկարիչն իր աշխատանքի ցածր գնով գոնե կարողանում է օգտակար լինել: Այստեղ կարևորն օգտակար լինելն է:

Այս երկուսը Վիեննայից են վերցրել, յուրաքանչյուրը 5500 եվրո, և այս երկուսն աճուրդի մեջ են: Ես գտնում եմ, որ եթե հաջողվի արագ վաճառվի, ևս երեք հատ կդնեմ: Ես իմ ամբողջ արհեստանոցն ուզում եմ վաճառել, ուղարկեմ այդ հարթակ, որպեսզի օգտակար լինի: Ես չեմ չափազանցնում, ցանկացած աշխատանք, որ հավանեն, ես կվաճառեմ մեկ զրո պակաս»։

Իսկ ահա արվեստաբան Օվսաննա Քարամյանը ստեղծել է հարթակ, որտեղ նկարիչներն իրենց աշխատանքներն են ցուցադրում։ Նպատակը կրկին մեկն է՝ վաճառքից ստացված հասույթը փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին. - «Ապրեցնում ենք մշակույսը, հասույթը` հիմնադրամին: Եվ հենց ստեղծելու օրվանից 2 ժամ հետո ինքը սկսվեց օր օրի աճել, օր օրի վաճառվել առ այսօր, գնալով շատանում են, նույնիսկ մեր գնորդներից շատերն արտասահմանից են, նաև մեր նկարներով հետաքրքրվեցին Մոսկվայում տեղի ունեցող աճուրդով, որ մի քանի նկար նաև այնտեղ ենք փոխանցել, այսինքն` սկսեցինք առանց մտածելու` ինչ կլինի, ինչ չի լինի: Փորձում էինք ինչ-որ բան անել, ու կարելի է ասել` ինքը ստացվեց ու վարակեց շատ-շատերին ու շարունակում է վարակել»:

Այս հարթակը միավորել է բոլոր հայտնի ու անհայտ արվեստագետներին։ Ներկայացված են ավելի քան 50 նկարչի 150-ից ավելի նկարներ։

XS
SM
MD
LG