Մատչելիության հղումներ

«Անընդհատ սպասում ես, թե երբ պիտի ասեն՝ լավ ա, եկեք տուն»


Արցախցի երեխաները Վանաձորում, հոկտեմբեր, 2020թ.
Արցախցի երեխաները Վանաձորում, հոկտեմբեր, 2020թ.

Այն, ինչ ղարաբաղցի Էլինան ու Հայկը պատմում են միմյանց, մեկ ամիս առաջ մի ֆիլմի պատմություն կարող էր լինել, իսկ այսօր արդեն այդ ամենի ականատեսն են։ Հարևան-բարեկամներով մի քանի օր ապաստարաններում անցկացնելուց հետո եկել են Վանաձոր՝ ռումբերից հեռու։

11-ամյա Հայկն ասում է՝ չէր վախենում, սկզբում անգամ դուրս էր գալիս՝ հետևելու անօդաչուների թռիչքներին, բայց որ դրանք մահաբեր են՝ ավելի ուշ են հասկացել։

Գնացել են նախ Ասկերան, որտեղ պատսպարվել են նկուղում, հետո գնացել են Ստեփանակերտ, որտեղ նույնպես պայթյուններ են սկսվել՝ «կողքի շենքը ցրիվ տվեցին»:

10-12 տարեկան այս երեխաների շատ հարազատներ այսօր դիրքերում են, կռիվ են տալիս.

«Հարևան, բարեկամ, էդպես...»:

«Երկու եղբայրս ու հայրիկս»:

12- ամյա Էլինան հայրիկի հետ գրեթե ամեն օր խոսում է, հավաստիացումներ ստանում, թե շուտով գալու է, իսկ իրենք՝ վերադառնան Արցախ։ Բայց անհամբեր են՝ պատերազմական գոտի դարձած հարազատ գյուղի ամեն ինչն են կարոտել. - «Տան ամեն ինչը, դաժե պատերը»:

30-ամյա Մարգարիտան իրենց հարևանն է։ Երեք մանկահասակ երեխաների հետ Վանաձորի YMCA կազմակերպության բարեգործական ճամբարում է ապաստանել։ Հղի է, հույս ունի, որ 4-րդ երեխան ծնվելու է խաղաղ պայմաններում ու հարազատ Սոս գյուղից ոչ այսքան հեռու։

«Անընդհատ սպասում ես, թե երբ պիտի ասեն՝ լավ ա, եկեք տուն: Երեխոցը համար, շատը իրանց համար եմ վախենում», - ասաց կինը:

Մարգարիտան երկու տարեկան է եղել, երբ առաջին պատերազմն սկսվել է Լեռնային Ղարաբաղում։ Այդ տարիներին իրենց հայրերն էին ռազմաճակատում, այսօր արդեն ամուսիններին են ուղարկել դիրքերը պահելու։

«Երկու տարեկան, չեմ հիշում: Բայց անընդհատ մինչև հիմա էլ ձեները գալիս ա, որ կռիվ էլ չի լինում, իրանք իրանց գործը անում են: Կարելի ա ասել՝ ամեն օր, ամեն օր գալիս ա: Դիրքերից դիրքեր, չենք ասում, որ գյուղերի կամ քաղաքների՝ էն ժամանակ դիրքերից դիրքեր: Հիմա լայնամասշտաբ, ամեն տեղ», - նշեց Մարգարիտան:

Ամուսինն ու երկու եղբայրները դիրքերում են։ Ասում է՝ կնոջ համար ամենադժվարը սպասումն է։ Ամուսնու զանգերը միշտ հուսադրող են. - «Լավ կլինի, երկու օր սպասեք: Քսան օր ա սպասում ենք՝ երկու օր, բայց քսան օր ա: Պետք ա հողը պաշտպանեն, ի՞նչ անեն, արյան գնով էլ պետք է պաշտպանեն: Կյանքը էդ ա, պիտի ուժեղ լինես»:

Հարցին՝ ի՞նչն է իրան ուժ տալիս, Մարգարիտան արձագանքեց. - «Էրեխեքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG