Լոռու մարզի 56 համայնքների գրեթե բոլոր ղեկավարները, որոնք չունեն տարիքային սահմանափակում կամ առողջական խնդիրներ, պատրաստակամություն են հայտնել կամավորական խմբեր ձևավորել ու մեկնել ռազմաճակատ, «Ազատությանը» հայտնեց մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։
Նիկոլ Փաշինյանի՝ համայնքներում զորահավաք կազմակերպելու օրեր առաջ հնչեցրած կոչից հետո մարզխորհրդի նիստ են արել, որին ներկա են եղել համայնքների ղեկավարները։ Մարզի ղեկավարը, որ մասնագիտությամբ բժիշկ է, կոչումով՝ լեյտենանտ, ասում է՝ առաջիններից է կամավորագրվել։
«Դա կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ տղամարդու այսօրվա անելիքն է և այդտեղ չկա որևէ արտառոց բան: Մենք բոլորս պետք է գնանք, լծվենք մի գործի, մեր սուրբ հայրենիքի պաշտպանության գործին: Կարծում եմ՝ մեր այս քայլը ավելի շատ որպես օրինակ կարելի է դիտարկել և ընհանրապես կոտրել այն կարծրատիպերը, որ պաշտոնյաները պետք է hետին պլանում լինեն կամ զբաղվեն թիկունքային գործերով ավեի շատ: Այս պահին եթե կարիքը կա, ուրեմն մենք պետք է լինեն այնտեղ, որտեղ մեր կարիքը կա ամենաշատը», - նշեց մարզպետը:
Անդրեյ Ղուկասյանն ասում է, որ կան նաև բնակավայրերի վարչական ղեկավարներ, ինչպես նաև մարզպետարանի ու համայնքապետարանների աշխատակիցներ, որոնք զինվորագրվելու ցանկություն են հայտնել։ Ձևավորված խմբերը մեկ-երկու օր համապատասխան զինվորական պատրաստություն անցնելուց հետո կմեկնեն առաջնագիծ։ Մարզի ղեկավարը նշում է, որ համայնքների ու մարզպետարանի կառավարումը կստանձնեն տեղակալները կամ աշխատակազմի ղեկավարները։
«Չեմ բացառում, որ դժվարություններ կլինեն տեղում, բայց այսօր պետք է հաշվի առնենք, թե որն է ամենակարևորը, որն է գերակա, և այս պահին ես անձամբ և շատ համայնքապետեր որոշել են, որպեսզի կամավորագրվեն», - ասաց Ղուկասյանը:
Բացի պետական կառույցներից բազմաթիվ կամավորական խմբեր սեփական նախաձեռնությամբ տարբեր գործառույթներ են իրականացնում, սկսած բանակի համար անհրաժեշտ պարագաների պատրաստումից մինչև տեղափոխում առաջնագիծ։
«Մեր Լոռու մարզի գործարարները նույնպես ակտիվ են եղել, նաև Համահայկական հիմնադրամին են բավականին մեծ գումար փոխանցել, և տեղում իրենք շատ մեծ ներդրում ունեն, և անընդհատ իրենք են ինձ հարցնում, թե ինչի կարիք կա, անընդհատ պրոցես է և էլի ուզում եմ շնորհակալություն հայտնեմ նաև Լոռիի գործարարներին», - ասաց մարզպետը:
Բանակին օգնելու գործին են անցել նաև դպրոցականները։ Մանեն ու Ինան Վանաձորի փողոցում իրենց ձեռքի աշխատանքներն էին վաճառքի հանել:
«Տիկնիկներ ենք պատրաստել, գինում բաժակներ, սուրճի խորհրդանիշեր, թևնոցներ», - ներկայացրեցին նրանք:
Լոռու մարզում գործող ընկերությունների, պետական ու մասնավոր հիմնարկ- ձեռնարկությունների կողմից Հայաստան համահայկական հիմնադրամին փոխանցվել է ավելի քան 150 միլիոն դրամ։ Մարզի ամենախոշոր արդյունաբերական ձեռնարկությունը՝ «Թեղուտ» ընկերությունը հայտարարել էր, որ ևս 150 միլիոն դրամ է փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։