Երկու երկրների միջև ծագած հակամարտությունից հետո սակայն, վերջին երեսուն տարում իր տնից զգուշությամբ է հայացք գցում հակառակ կողմը։ Հանկարծ դիմացը՝ մի քանի հարյուր մետրի վրա կանգնած ադրբեջանցի նշանառուի աչքը չընկնի, կրակոցներ կսկսվեն։
Երկու քառակուսի կիլոմետր մակերես ունեցող ջրամբարի մի ափը Հայաստանն է, մյուսը՝ Ադրբեջանը։
«Ջրի էս ղրաղին իմ հողամասն ա, ջրի էն ղրաղին հորս դոստի հողամասն ա, տունն ա։ Մի տան պես ենք ըլե, բայց հմի թշնամի ենք․․․ Օր չի ըլել, որ իմ տունը թուրք չմտնի, հաց չուտի», - պատմում է Զարգարյանը։
Երկու պետության մեջտեղում Ջողազի ջրամբարն է։ 1970-ականներին հայերն ու ադրբեջանցիները միասին են կառուցել ինչպես Տավուշի ավելի քան 10 հայկական, այնպես էլ ադրբեջանական գյուղերի 10 հազար հա այգիները ոռոգելու համար։ Երկու կողմերում ջրամբարի հաշվին նաև խմելու ջուր են ստացել։
«Լրիվ այգի ա էղել, մի դրախտ։ Պլատինի էն ծերիցը մինչև էս ծերն էլ որդիանց ասես տուրիստ էր գյալի, լողանում ին, օգտվում ին, մեր դեղձիցը տանըմ ին, մեր բերքիցը տանըմ ին»։
Բայց այժմ 60 մետր խորություն ունեցող Ջողազին մոտեցող չկա։ Ջրամբարից մի քանի մետրի վրա ապրող բերքաբերցիներն ասում են՝ գյուղերի ջահելները ժամանակ առ ժամանակ ափից ափ իրար չտեսնելու են տալիս, ձուկ որսում, հազվադեպ՝ լողանում։
Նախկին հարևան գյուղից արձակված կրակոցը դեռ ջահել տարիքում սպանեց Սեդա Զարգարյանի ամուսնուն։ Դժվարանում է ասել՝ երբևէ երկու ազգերն իրար հետ հաշտ կապրեն, թե չէ, բայց զինադադարի պայմաններում, այգում, խաղաղ հողագործի նկատմամբ արձակված գնդակը երբեք իրեն հանգիստ չի տալիս․ - «Մեր հողամասը հենց լճի պռնգըմն ա։ Իջևանից էկավ, հաց կերանք, ասեց՝ քինամ մի շալակ խոտ բիրեմ, որ ապրանքն րիգունն ուտի։ Քինաց, կրակոցն սկսեց։ Ստեղ մեր ազգիցը մի մարդ կար, ասի՝ Ազատ բիձի, Հրանտիկի վրա են կրակըմ․․․»
Բերքաբերում պատերազմի ամբողջ սարսափն զգացած կնոջ երեք թոռներն այսօր ռազմաճակատում են։ Նրանց սպասելու ամեն օրը տարի է թվում։
Հարևանը՝ 80-ամյա Նադյան էլ ծանր վիշտ ունի սրտում։ Պատերազմը խլեց երկու որդիներից մեկին․ - «Իմ տղեն էլ ա թուրքի ձեռով քյացել․․․»
Այսօր էլ լուր էր ստացել, որ Ղարաբաղում հարևան գյուղից մի զինվորական է զոհվել։ Թոռներին ռազմաճակատ ուղարկած կինը հանգիստ չուներ։ Բայց թոռների զանգերը հուսադրող են։ Տատին դուխ են տվել ու թե՝ հաղթանակով են վերադառնալու, միայն հաղթանակով։