Ղարաբաղյան նոր պատերազմի մեկնարկից ի վեր հայ-թուրքական սահմանի գյուղերում բնակիչներն առավել զգոն են դարձել, ուշի-ուշով հետևում են փշալարերից այն կողմ ընթացող տեղաշարժին։
Հայկաձորցիները ակտիվ աշխատանքներ են նկատել հատկապես վերջին գիշերներին, ասում են՝ Ադրբեջանին այս պատերազմում անթաքույց սատարող Թուրքիան հենց սահմանին ինչ-որ ինժեներական աշխատանքներ է իրականացնում:
«Երևի իրանց հաղորդում են, կապնվում են: Էսի չկա, էսի երկու-երեք օրը դրեցին, առաջ չկար, որ էս թուրքերը ցերեկով գային, իսկ հիմա ժամը 12-ին, 1-ին իջնում են ընդեղ ջրի բերանը, մենք էլ հելնում ենք նայում ենք, մարում են, վառում են, գնում են: Մինչև էս պատերազմը, մեկ ամիս առաջ չկային, բայց էս եղավ շաբաթ-տասը օր իրանց սաստավը այնտեղ է, սարի հետևը, ջրամբարի մոտ ավտոներով գալիս են լույսերը քցում, գնում: Ցերեկով չկա, բայց գիշերը 12-ից մինչև 1-ը, 2-ը այնտեղ առած կանգնում են, բայց մեր ռուսական զորքը էդ, որ իմանում են գալիս են այնտեղ, մեր կողմը», - ասաց բնակիչներից մեկը:
«Գյուղում մեծից փոքր սահմանապահ ենք», - ասում են հայկաձորցիները: Պատերազմի օրերին գյուղից առաջնագիծ մեկնած, նաև վերադարձածներ կան: Հայկաձորցի Հովիկ Ասատրյանի մասին լուրը լսել են Պաշտպանության բանակի հաղորդագրությունից, որ ցուցաբերելով մասնագիտական վարպետություն հմուտ խուսանավմամբ անցել է հակառակորդի թիկունք և խոցել 4 զրահատեխնիկա: Ընտանիքը պատերազմի առաջին օրից զինվորից այլ տեղեկություն չունի, եղբայրը՝ Խորենն ասում է՝ սպասում են զանգին:
«Չորս տանկ է հակառակորդի թիկունք անցել, խոցել ու մինչև այսօր իրենից լուր չունենք: 27-ին է զանգել ու վերջ, սպասում ենք գոնե մի հատ զանգի», - նշեց Խորենը:
Վարչապետի՝ զորահավաքին միանալու կոչին արձագանքել են նաև հայկաձորցիները: Գյուղապետարանի մոտ հավաքվել-սպասում էին համայնքապետին, որ ջոկատ կազմեն ու Արցախ մեկնեն։ Արմեն Աբրահամյանն ասում է՝ սահմանի այս գծի հսկողությունը թողնում է որդիներին, ինքն էլ գնում է առաջնագիծ:
«Մենք գնում ենք Ղարաբաղ, մնացողն էլ այստեղ է մնում, այստեղ պահելու համար, այնպես քիչ չի, մեր ջահելները փոքր երեխաներից սկսած կանգնած են: Երկու տղա ունեմ, երկուսն էլ բոյիս են», - ասաց Աբրահամյանը:
Ֆերդինանտ Նիկոյանը ղարաբաղյան առաջին պատերազմի վետերան է։ Հաշմանդամություն ունի, բայց դա չի խանգարում, որ 60-ամյա Նիկոյանը նորից մեկնի առաջնագիծ: «Միանշանակ արդեն գնալու ենք, էսօր կամավորների հավաք է, գնալու եմ միանշանակ, որոշումս ստույգ է ու փոփոխական չի կարող լինել: Ղարաբաղի նախագահն իմ մարտական ընկերն է, 17 տարեկանից իմ կողքն է եղել Ղարաբաղում, մեծ եղբոր զոհվելուց հետո ինքն ա եղել: Էսօր ելա, որ գնայի, նորից ասացին՝ չէ, սպասեք: Բայց էսօր, որ եկել-հասել ա, որ պետք ա գնանք, պիտի գնանք: Մեր հայրենիքը մենք ենք պաշտպանելու», - ասաց նա:
Տղամարդիկ ամեն առավոտ հավաքվում են գյուղամիջում ու ռազմաճակատի լուրերը քննարկում, փոքրերն էլ անվադողեր են հավաքում, որ առաջնագիծ ուղարկեն։