Մատչելիության հղումներ

Անիպեմզայի բնակիչները սահմանի թուրքական կողմում շինարարական աշխատանքների ակտիվություն են նկատել


Հայ-թուրքական սահմանին գտնվող Անիպեմզա համայնքի բնակիչները վերջին օրերին թուրքական կողմում շինարարական աշխատանքների որոշակի ակտիվություն են նկատել։ Չնայած որ հայ-թուրքական սահմանին վիճակը հանգիստ է, Արցախում ընթացող պատերազմը գյուղի բնակիչներին ավելի զգոն է դարձրել։

«Էս մի 4 օր եղավ, որ պրծել են: Էս ամսու սկզբից ստեղ բերին տեխնիկա, էնտեղաներից ճամփա բացելով եկան, պոստ դրեցին, ժողովուրդը սկզբից սաղն էլ պանիկայի մեջ ընկան, թե տեսնիս` ինչ պիտի բերեն, բայց բերին, էս վիշկեն դրին: Հիմա սրա վրա ինչեր պիտի տեղադրեն հետո, չիդենք, կարողա լակատրներ բերեն, նրանք զարգացած պետությունների հետ մոտիկ են, ինչ ասես, կդնեն: Կարողա էնպես բան դնեն, որ մենք ստեղ խոսանք, իրանք ընդեղ լսեն», - ասում է բնակիչներից Արտյոմ Ղազարյանը:

Նման աշտարակներ թուրքական կողմը տեղադրել է նաև սահմանամերձ մյուս գյուղերի մոտ: Արտյոմ Ղազարյանն ասում է` գիշեր-ցերեկ սահմանապահներից բացի, նաև իրենք՝ բնակիչներն են հսկում. - «Հայաստանը ստեղից սկսվում, ստեղից վերջանում է, ոչ մի խնդիր չկա, եթե պետք լինի, գյուղը հենց սահմանապահ գյուղ է, այսինքն` եթե ռուսական զորք է ստեղ կանգնած, ուրեմն գյուղում ծնված ցանկացած երեխան սահմանապահ է, էտպես է մեծանում: Շարժ չկա, շատ աչալուրջ ենք, նայում ենք անընդհատ: Ցանկացած շարժի դեպքում գյուղը միանշանակ կարձագանքի այդ ամեն ինչին: Հետևում ենք, երկիրը պատերազմի մեջ է, մենք ստեղ աչալուրջ ենք, կանգնած ենք»:

Անիպեմզա համայնքի միջով է անցնում հայ-թուրքական սահմանի բաժանարար փշալարը: Ախուրյան գետի մի ափին Անիպեմզան է, մյուսում՝ Թուրքիան: Սահմանամերձ գյուղերի բնակիչները, ովքեր կամա թե ակամա սահմանապահ են, նաև ինչ-որ տեղ անծանոթ ցանկացած մեքենայի ու անձի նկատելիս հարցուփորձ են անում` հասկանալու այցի նպատակը. - «Մենք գիշեր-ցերեկ հսկում ենք, եթե էս կամեռան չեղներ, ձեզ էլ պիտի հարց ու փորձ անեինք` ով եք, ինչ եք, էտ է, մեր պարտականության մեջ է մտնում: Անծանոթ մարդուն պարտադիր պիտի մենք հարցուփորձ անենք, եթե չբան եղավ, զաստավը մոտիկ, մենք մի հատ սիգնալիզացիա կուդանք, գուկան, կտքնին, ու շատ ենք էդ ձևի մարդկանց բռնել, տարել են, եսիմ ով են»:

Անիպեմզայի բնակիչ Արտյոմ Ղազարյանի որդին առաջնագծում է: Ինքն էլ պատրաստվում է գնալ հայտարարված զորահավաքին մասնակցելու: Ճանապարհին համագյուղացուն հանդիպեց, առաջնագծից համացանցում հայտնված վերջին լուրերը քննարկեցին: Մարատ Մալխասյանի 2 որդիներն առաջնագծում են, մեկը զինվորական է, մյուսը՝ կամավորական. - «Պատրաստ ենք գնալու, մեր երեխեքն էնտեղ են, մեր հողն է, պիտի գնանք, ազգի հարց է դրված, լինել-չլինելու հարց է դրված, ու այսօր յուրաքանչյուր մարդ պարտավոր է իր պարտքը կատարելու` անկախ տարիքից, անկախ սոցիալական վիճակից, պարտավոր է իր պարտքը կատարել հայրենիքի հանդեպ»:

Ամիպեմզայից Արցախ մեկնել ցանկացողները շատ են: Հիմա առավել ևս, երբ զորահավաք է հայտարարված, անկախ տարիքից սպասում են, որ առաջնագիծ գնալու իրենց հերթն էլ կհասնի. - «Կրնանք, մենք էլ էրթանք մասնակցենք, ի՞նչ է եղել ինձ, չե՞մ կրնա յաշիկըմ քաշիմ, մի բանըմ օգնիմ երեխեքին»:

Սահմանի գյուղն իր առօրյայով է ապրում: Շենքերից մեկում, օրինակ, տանիքն էին նորոգում:

XS
SM
MD
LG