Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը բացարձակ անհրաժեշտություն է համարում հրադադարի մշտադիտարկումը


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ

Հրադադարն ամբողջությամբ չի պահպանվում, և սա ճանաչված փաստ է շատ միջազգային դիտորդների կողմից: Այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Russia Today (RT) հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Հարցին՝ «կա՞ն հրադադարի խախտումներ հայկական կողմից, և եթե այո, ապա ինչո՞ւ», նախագահն արձագանքել է. - «Եթե մի կողմը խախտում է, մյուս կողմը պատասխանում է: Իհարկե, շատ կարևոր է ունենալ մեխանիզմ՝ հստակեցնելու, թե ով է խախտում հրադադարը: Իսկ դա անելու շատ տարբերակներ կան և դրանք պետք է գործի դրվեն: Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը, որին առաջարկվել է մաս լինել այս հումանիտար գործողության, ի վիճակի չի լինի աշխատել այստեղ: Ուստի, բացարձակ անհրաժեշտություն է հրադադարը մշտադիտարկման ենթարկելը, ապահովելը, որ այն աշխատի»:

Գյանջայի հրետակոծության վերաբերյալ Ադրբեջանի մեղադրանքներին ի պատասխան՝ Արմեն Սարգսյանը հայտարարել է. - «Առաջինը՝ ինչ վերաբերում է Գյանջան ռմբակոծելուն կամ հրետակոծելուն, ես հստակ տեղեկություններ ունեմ իմ կառավարությունից՝ պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններից, որ հաստատապես Հայաստանը չի հրետակոծել այն»:

«Երկրորդը՝ երբ խոսում եք հրադադարը խախտելու մասին, դժբախտաբար, դրա հայտարարումից անմիջապես հետո ՝ ժամը 12-ին, Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը հրետակոծության ենթարկվեց: Ես խոսում եմ քաղաքացիական բնակչությանը հրետակոծելու մասին:

Երրորդ՝ մենք չպետք է մոռանանք իրական փաստը՝ ով է սկսել պատերազմը: Դա ադրբեջանական կողմն է, և ոչ թե Լեռնային Ղարաբաղի/ Արցախի Հանրապետության բնակչությունը: Եվ այդ պատերազմը սկսվեց մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքացիական բնակչության ու շինությունների հրետակոծությամբ: Ստեփանակերտում չկան ռազմական օբյեկտներ: Իսկ քաղաքացիական բնակչությանը գյուղերում, քաղաքներում, այդ թվում և՝ մայրաքաղաքում ռմբակոծելը մարդու իրավունքների կոպիտ խախտում է», - ընդգծել է Հայաստանի նախագահը:

Հարցին՝ կարո՞ղ է լինել տարաձայնություն հայկական Զինված ուժերի ներսում, Արմեն Սարգսյանը պատասխանել է. - «Եթե խոսում եք Հայաստանի և ՀՀ պաշտպանության նախարարության մասին, ավելի քան վստահ եմ, որ կա միայն մեկ տեսակետ և մեկ վարքագիծ, որը գալիս է կառավարությունից, վարչապետի գրասենյակից, պաշտպանության նախարարությունից: Եվ պատճառը պարզ է՝ վարչապետն է պատասխանատու անձը կառավարությունում այս ամբողջ գործողությունների իրականացման համար: Եթե ես նման տեղեկություն ունենայի, ապա կլինեի առաջինը, ով կվերցներ հեռախոսը և կխոսեր վարչապետի, պաշտպանության նախարարի հետ: Ես չունեմ նման տեղեկատվություն»:

Անդրադառնալով Ռուսաստանի դերին և պատասխանելով հարցին՝ «որպես Երևանի դաշնակից՝ Ռուսաստանը բավարար քայլեր կատարե՞լ է», նախագահը հայտարարել է - «Երբ խոսում եմ Կովկասում Ռուսաստանի վարած քաղաքականության մասին՝ հենվում եմ մի քանի կարևոր սկզբունքների վրա: Դրանցից մեկը վերջերս նշել է նախագահ Պուտինը : Նա հստակորեն ասել է, որ Ռուսաստանը հարաբերություններ ունի Հայաստանի հետ, կան ստորագրված պայմանագրեր՝ և՛ քաղաքական, և՛ ռազմական ոլորտներում, Հայաստանը նաև ՀԱՊԿ մաս է կազմում: Նախագահ Պուտինը հստակ նշել է, որ հավատարիմ կմնան յուրաքանչյուր պայմանագրի դրույթներին: Կարծում եմ՝ սա կարևոր է Կովկասում Ռուսաստանի վարած քաղաքականության տեսանկյունից: Ես դա ողջունում եմ, որովհետև սա ցույց է տալիս, որ Ռուսաստանը վստահելի գործընկեր է: Ռուսաստանը նաև լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Եվ այս հարաբերությունները հավասարակշռված են: Կարծում եմ, որ դրանք այնքան շատ են հավասարակշռված, որ երկու կողմերը կարող են Ռուսաստանին վստահել որպես միջնորդի: Այդ վստահության և պատասխանատվության շնորհիվ են կողմերը հավաքվել մեկ հարկի տակ և սկսել խոսել: Հույս ունեմ, որ վերջնական հրադադար կհաստատվի, և դրա հիման վրա կշարունակենք առաջ գնալ: Ռուսաստանի դերը շատ կարևոր է»:

«Իհարկե, կարևոր է, որ կա ԵԱՀԿ Մինսկի խմբի հարթակը, և համանախագահող երկրների նախագահները՝ Դոնալդ Թրամփը, Էմանյուել Մակրոնը և Վլադիմիր Պուտինը, դիմել են կողմերին: Նախագահ Թրամփը հիմա զբաղված է ընտրություններով, նախագահ Մակրոնը, ներկայացնելով Եվրոպան, ակտիվորեն ներգրավված է, և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան: Եվ, իհարկե, Ռուսաստանի դերն այս հարցում առանձնահատուկ է», - հավելել է Սարգսյանը:

«Դատելով այն ամենից՝ ինչ ասացիք, Դուք զգու՞մ եք, որ Ռուսաստանի ու Հայաստանի հարաբերություններն ավելի են սերտացել այս վերջին բռնկումից հետո։ Կհամաձայնե՞ք այդ մտքի հետ», - այս հարցին էլ, նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Արմեն Սարգսյանն արձագանքել է. - «Մեր մտերմությունը չի կարող մեկնաբանվել այսօրվա քաղաքականությունից ելնելով, հայտարարությունների մակարդակով կամ վերաբերմունքով, որոշումներով, խմբերով, կուսակցություններով։ Մեր հարաբերությունները եղել են, կան և, համոզված եմ, լինելու են շատ խորը։ Շատ ավելի խորը, քան քաղաքական իրադարձությունները։ Այս հարցին պատասխանելու համար կրկին նույն բառը կօգտագործեմ, որը մի քանի անգամ արդեն իսկ հնչեցրել եմ՝ վստահություն։ Սա վստահություն է, որը գալիս է դարերով»։

«Վստահությունը և բարեկամությունը մի բան են, որի մասին պետք է հոգ տանես ամեն օր։ Կարծում եմ, որ դա նման է գեղեցիկ բույսի կամ ծառի, և եթե այն չջրես, չխնամես, ծաղիկներ և պտուղներ չես ստանա։ Պետք է խնամես, հոգ տանես դրա մասին ամեն օր, նույնիսկ եթե այն խորն է», - ամփոփել է Հայաստանի նախագահը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG