Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը մնացել է անփոփոխ:
Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ առավոտյան հարավային, հյուսիսային, հյուսիսարևելյան և արևելյան ուղություններով հակառակորդը վերսկսել է հրթիռահրետանային ակտիվ կրակով ուղեկցվող գործողություններ, հատկապես ակտիվ է ճակատային գծի հյուսիսարևելյան հատվածում:
«Պաշտպանության բանակի ստորաբաժանումները հակառակորդի կրակը լռեցնելու և վերջինիս պլանները ձախողելու համար բոլոր ուղղություններում ձեռնարկում են համարժեք գործողություններ՝ վերահսկողության տակ պահելով օպերատիվ-մարտավարական իրադրությունը», - փոխանցում է Արցախի ռազմական գերատեսչությունը:
Անցած շաբաթավերջին Մոսկվայում հումանիտար հրադադար հաստատելու մասին համաձայնություն ձեռք բերվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Ռուսաստանի միջնորդությամբ: Այդուհանդերձ, հոկտեմբերի 10-ին ժամը 12-ից ուժի մեջ մտած հրադադարը չի պահպանվում, ինչի համար կողմերը միմյանց են մեղադրում: