Մատչելիության հղումներ

Միջազգային հանրությունը շարունակում է ճիգեր գործադրել՝ կյանքի կոչելու Արցախում հրադադարի համաձայնությունը


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ, արխիվ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ, արխիվ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղա Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման համաձայնությունը չի կատարվում, դա համարելով անընդունելի։

Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հիշեցրել է, որ անցած հանգստյան օրերին Անտոնիո Գուտերեշը ողջունել էր Մոսկվայում ձեռք բերված համաձայնությունը, և հայտարարել. - «Այսօր մենք մենք շատ հիասթափված ենք հրադադարի ռեժիմը խախտելու մասին հաղորդագրություններից և նման խախտումները համարում ենք անընդունելի»։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտում է քաղաքացիական բնակչության դեմ ուղղված ցանկացած գործողություններ, որտեղ էլ դրանք տեղի ունենան, և ցավում է զոհվածների ու վիրավորների համար։

«Մենք նաև ընդգծում ենք, որ բոլորին կողմերին կոչ ենք անում կատարել հումանիտար նպատակներով ու այլ պարտավորություններով կրակը դադարեցնելու համաձայնությունը, որի մասին հայտարարվել է Մոսկվայում։

Մենք նաև կիսում ենք ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի մտահոգությունները՝ կապված քաղաքացիական անձանց պատճառված վնասների հետ, և պատրաստ ենք ցուցաբերել հումանիտար ցանկացած օգնություն այդ հարցով դիմումներ ստանալու դեպքում», - հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը։

Եվրամիությունը կոչ է արել Լեռնային Ղարաբաղում անհապաղ հրադարար հաստատել։ Երեկ 27 երկրների արտգործնախարարները քննարկել են նաև Ղարաբաղի իրավիճակը։

Թուրքիայի նախագահը ձգտում է Ադրբեջանի շահերը պաշտպանել նաև Եվրամիությունում, չնայած ԵՄ մի շարք երկրներում հստակ արտահայտված դժգոհություններ կան հենց Անկարայի հանդեպ։

Եվրամիության երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ և կոչ է արել, որ Եվրամիությունը հետևողական դիրքորոշում ցուցաբերի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցում: Էրդողանն ասել է, թե Հայաստանը սպառնում է Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը։ Քննարկվել են Թուրքիա-Եվրամիության հարաբերությունները, տարածաշրջանային խնդիրները, մասնավորապես՝ Արևելյան Միջերկրականի իրավիճակը։ Երեկ Անկարան հայտարարեց, թե թուրքական հետազոտական նավը կրկին ուղևորվում է գազի պաշարներով հարուստ այդ շրջանը, որը Հունաստանը համարում իր տնտեսական գոտին։ Էրդողանի և Միշելի հեռախոսազրույցի մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի գրասենյակի հաղորդագրությունը։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտնել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ հեռախոսազրույցների ընթացքում շոշափել է նաև ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմը վերահսկելու հարցերը։ Լավրովն ընդգծել է, որ հրադադարի ռեժիմը վերահսկելը կարևոր է և առանցքային։ Նա այդ մասին խոսել է երեկ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ խոսել էր մինչ Մոսկայում կայացած Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի արտգործնախարարների հոկտեմբերի 9-ի եռակողմ հանդիպումը, որի արդյունքում հրադադարի մասին համաձայնության հայտարարություն արվեց, որը, սակայն, չի իրագործվում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG