Փաստաբան Լևոն Բաղդասարյանն իր միջնորդությունը հիմնավորել էր Մանվել Գրիգորյանի ծանր հիվանդ լինելու հանգամանքով, դատարանին էր փոխանցել անկողնային բուժման վերաբերյալ գրություն: Սակայն մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը, ուսումնասիրելով պաշտպանական կողմի փաստարկները, ասաց, թե չի կարծում, որ Գրիգորյանն այնպիսի ծանր առողջական վիճակում է, որի պայմաններում քրեական գործի վարույթը ենթակա է կասեցման:
«Այդ փաստաթուղթը, որ դուք ներկայացրել եք, այստեղ որևէ բառով նշվաշ չէ, որ Մանվել Գրիգորյանը տառապում է կոնկրետ իքս հիվանդությամբ, և «Արմենիա» բժշկական կենտրոնում մենք չենք կարող այդ հիվանդության դեմ պայքարել: Հետևաբար խոսել այն մասին, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ խոշտանգում է իրականացվում, կամ նրան այլևս հնարավոր չէ Հայաստանում բուժել, դրանք ընդամենը խոսքեր են», - ասաց դատախազ Դոլմազյանը:
Հանրապետական նախկին պատգամավոր Գրիգորյանը կալանավորվեց հեղափոխությունից անմիջապես հետո` 2018-ի հունիսին: 2019-ի մայիսից մեկնարկած դատական նիստերը պարբերաբար հետաձգվում էին, քանի որ Մանվել Գրիգորյանը վատառողջ լինելու պատճառաբանությամբ չէր ներկայանում նիստերին: Ներկայանալու դեպքում էլ նիստերը րոպեներ անց հետաձգվում էին, քանի որ գեներալ Գրիգորյանը պնդում էր, որ ինքնազգացողությունը վատ է:
Առողջական խնդիրների հիմքով դատարանը այս տարվա հունվարին որոշեց նրան ազատել կալանքից: Այդուհանդերձ, նույնիսկ ազատության մեջ նրա առողջական վիճակը, ըստ փաստաբանների, է'լ ավելի է վատթարանում: 64-ամյա գեներալի պաշտպանների պնդմամբ, Գրիգորյանի հիվանդությունների թիվն արդեն հասել է 40-ի, նրա կյանքին վտանգ է սպառում, և անհրաժեշտ է բուժման համար տեղափոխել Ֆրանսիա:
Լևոն Բաղդասարյանի փոխանցմամբ, այժմ Գրիգորյանը տանն է, բժիշկների հսկողության ներքո. – «Դատարանն ըստ էության ոչ թե արդարության շահից ելնելով է արդարադատություն իրականացնում, այլ հերթական անօրինականությանը մենք [ականատես եղանք]: Ինչպես դուք նկատեցիք, ներկայացվեց համապատասխան համալիր բժշկական տեղեկատվություն, որտեղ փաստեցինք, որ նախկինների հետ կապված բացասական դինամիկա է առկա, հիվանդությունները վատթարանում են, ավելանում են, և նման պայմաններում տևական ժամանակ է անձը չի կարողանում մասնակցել դատական նիստերին: Եվ նման պայմաններում ուղղակի պարտավորությունն էր դատարանի, որպեսզի կասեցնի` պայմանավորված ծանր հիվանդություններով: Տեղի է ունենում ընտրովի արդարադատություն, որը անթույլատրելի է: Փաստում եմ հետևյալը` դասական խոշտանգում է»:
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք, զինամթերք պահելու, ավելի քան 101 մլն դրամ յուրացնելու, ավելի քան մեկ մլրդ դրամ հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան մեկ մլրդ դրամ վատնելու և շորթմամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար: