Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանը դատարանում կրկին վատացավ, նրան գրավով ազատ արձակելու միջնորդությունը կրկին մերժվեց


Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանն այսօր բժիշկների ու խնամակալի ուղեկցությամբ անվասայլակով եկավ դատարան, սակայն նիստի մեկնարկից մի քանի րոպե անց նրան կրկին տեղափոխեցին քաղաքացիական հիվանդանոց, որտեղ ամիսներ շարունակ Գրիգորյանը բուժում է ստանում։

Քիչ անց բժշկից գրություն ուղարկվեց այն մասին, որ Գրիգորյանը առողջական վիճակի վատթարացման պատճառով չի կարող դատական նիստին մասնակցել։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ եթե հաջորդ նիստին կրկին նույն վիճակը ստեղծվի և հնարավոր չլինի շարունակել, ապա կքննարկի Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործը ամուսնու գործից առանձին քննելու հնարավորությունը:

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի, և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ:

Մանվել Գրիգորյանին դատաբժշկական փորձաքննության ենթարկելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը եզրակացրել էր, որ գեներալի առողջական վիճակը չի խոչընդոտում, որպեսզի ներկա լինի դատական նիստերին, և որ նրա հիվանդությունները համատեղելի են կալանքի հետ։

Պաշսպանական կողմը միջգերատեսչական հանձնաժողովի բժիշկ-փորձագետներին հարցաքննելու միջնորդություն ներկայացրեց․ - «Մենք նաև ականատես ենք եղել, որ միջգերատեսչական հանձնաժողովը գրել է, որ կարող են բերել Գրիգորյանին դատարան՝ այսինչ, այնինչ պայմանները ապահովելու դեպքում: Մենք ականատեսն էինք այն դաժան վերաբերմունքի, որ միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության հիման վրա, նախագահող դատավորը պարտադրված գրություն էր ուղարկել հիվանդանոց, որի արդյունքը այստեղ դատական նիստի ժամանակ երևում է, թե ինչ է կատարվում: Վերոբերյալի հիմքով միջնորդում եմ, որպեսզի միջգերատեսչական հանձնաժողովի բժիշկ-փորձագետներին հրավիրել դատարան՝ հարցաքննելու»:

Դատավոր Մարտիրոսյանը հայտարարեց. - «Հաշվի առնելով, որ նման միջնորդություն ներկայացվել է, դատարանի որոշումը կայացվել է, ղեկավարվելով Քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ և 313-րդ հոդվածներով, միջնորդությունը այս նիստի ընթացքում թողնվում է առանց քննության»:

Ազգային ժողովի նախկին պատգամավորի պաշտպանական կողմն այսօր հերթական անգամ միջնորդեց մինչև 5 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ արձակել Գրիգորյանին։

Փաստաբան Լևոն Բաղդասարյանը նշեց, որ Գրիգորյանի առողջական վիճակը կալանքը կրելու ընթացքում վատթարացել է. - «Վարույթ իրականացնող մարմինը, դատարանը այսօր չի կարող ներկայացնել փաստարկ, որի հետևանքով Գրիգորյանը դատաքննությանը խոչընդոտելու անգամ փորձ է կատարել: Հնարավորություն տվեք, որպեսզի Գրիգորյանը կալանքը կրելու ընթացքում ձեռք բերած և բացասական դինամիկա գրանցած հիվանդությունները հնարավորություն ունենա հնարավորինս արդյունավետ բուժելու և արդարադատությանը ներկայանալու երեսունից ավել ծանր և վատթարացում գրանցած հիվանդություններով ոչ կալանավորի կարգավիճակով»:

Դատարանը, սակայն, կրկին մերժեց միջնորդությունը՝ այն անհիմն համարելով:

Հունվարից կալանքի տակ գտնվող 63-ամյա Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Դատավարության մեկնարկից ի վեր բուն գործը այդպես էլ չի քննվել, քանի որ Մանվել Գրիգորյանը հիմնականում բացակայել է նիստերից:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG