Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվում էր Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ գրավ չկիրառելու` առաջին ատյանի դատարանի որոշման դեմ նրա պաշտպանների բողոքի քննությունը:
Այս բողոքը վերաբերում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ նոյեմբերի 5-ի որոշմանը, որով մերժվել էր Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը:
63-ամյա Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը 1 անգամ՝ 1 տարի առաջ փոխարինվեց գրավով, հետո դատախազության միջնորդությամբ նա կրկին կալանավորվեց: Նախկին պատգամավորի խափանման միջոցի փոփոխման հարցով պաշտպանական կողմը ընդհանուր իրավասության դատարանում ներկայացրել է շուրջ 10 միջնորդություն, որոնք մերժվել են անհիմն լինելու պատճառաբանությամբ։ Եվս մեկ նույնաբովանդակ միջնորդություն դատարանը քննության չէր առել՝ գտնելով, որ պաշտպանական կողմը չարաշահում է միջնորդություններ ներկայացնելու իր իրավունքը:
Փաստաբան Գուրգեն Գրիգորյանն այսօր կրկին նշեց, որ Մանվել Գրիգորյանի առողջության վատթարացումը տեղի է ունեցել կալանքը կրելու ընթացքում. - «Ամեն եռամսյակը մեկ կրկնակի վիճակը ծանրացել է»։
Պաշտպանական կողմն այսօր նաև մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանին բացարկ հայտնեց։ Հիմնավորումը անաչառ չլինելն է։ Փաստաբան Արսեն Մկրտչյանն անդրադարձավ դեռ նախորդ դատական նիստին մեղադրողի հայտարարությանը, թե կա ձայնագրություն, որտեղ երբ փաստաբանը ցածր ասում է՝ «բոյկոտում ենք», անմիջապետ հետո Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատանում է։ Մկրտչյանն ասաց՝ ինքն է եղել այդ փաստաբանը, և կարծում է, որ դատախազը չպետք է նման հայտարարություն աներ։ Մեղադրող դատախազն ասաց՝ բացարկը հիմնազուրկ է և ենթակա է մերժման.
«Այդ ձայնագրառման օրինակը հուսով եմ, որ պահանջած կլինեք, լսած կլինեք, և որ կա այնտեղ այլ զրույցների մասին, խոսք լինել չի կարող, հետևաբար չի կարող բարձրաձայնվել, հրապարակվել, թե իբր կոնտեքստից կտրված որևէ արտահայտություն եմ ես մեջբերում և խեղաթյուրում են այն ամենը, ինչ պաշտպանության կողմը դիտարկում է որպես պաշտոնական ռազմավարության իրականացում»:
Դատախազին հայտնած բացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 16-ին։