Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում


Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը դեռևս շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, վիճակը, փաստաբան Լևոն Բաղդասարյանի պնդմամբ՝ ծանր է։

«Տարբեր հիվանդանոցներից, բժշկական կենտրոններից մասնագետներ են հրավիրվում, կոսիլիումներ են անում, կյանքին վտանգ է սպառնում, Գրիգորյանի հիվանդությունները դեռևս 7-8 ամիս առաջ, որը բարձրաձայնել են ինչպես տեղացի բժիշկները, այնպես էլ միջգերատեսչական հանձնաժողովը», - ասաց Բաղդասարյանը։

Փաստաբանն ասաց նաև դեռ պարզ չէ՝ արդյո՞ք կարիք կա, որպեսզի Գրիգորյանին տեղափոխեն արտերկիր բուժման: Բժիշկները դեռևս այդ պատասխանը չունեն:

«Նման դեպքում վարույթ իրականացնող մարմինն ունենալու է պարտավորություն քննարկելու և որոշում կայացնելու, հակառակ պարագայում՝ հերթական անգամ կունենանք խոշտանգման փաստ», - նշեց Լևոն Բաղդասարյանը։

Ավելի քան 1,5 տարի անազատության մեջ գտնվելուց հետո երեկ երեկոյան գեներալի խափանման միջոց կալանքը փոխարինվեց չհեռանալու մասին ստորագրությամբ։ Դատարանը բավարարեց մեղադրող կողմի ներկայացրած՝ խափանման միջոցը վերանայելու միջնորդությունը։

Արտահերթ նիստի նախաձեռնությունը հենց դատախազությանն էր:

Գրիգորյանին դատաբժշկական փորձաքննության ենթարկելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը դատարանում հայտարարեց՝ նրա կյանքին վտանգ է սպառնում։ Ասաց, որ գեներալի առողջական այս վիճակը համատեղելի չէ կալանքի հետ։

Ամիսներ առաջ նույն հանձնաժողովը եզրակացրել էր, որ Գրիգորյանի հիվանդությունները համատեղելի են կալանքի հետ։ Սակայն այժմ, ըստ փորձագետի, Գրիգորյանի մոտ առկա հիվանդությունների վատթարացում է նկատվում։ Դատավորը երեկ երեք տասնյակից ավելի հիվանդություն թվարկեց, այդ թվում՝ սրտի ռիթմի խանգարում, շաքարախտ և թոքի քաղցկեղ։

Ի դեպ, Մանվել Գրիգորյանը, որ ամիսներ շարունակ բուժում է ստանում ոչ թե բանտում, այլ «Նաիրի» բժշկական կենտրոնում, օրեր առաջ տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ եթե Մանվել Գրիգորյանը շարունակեր մնալ կալանքի տակ, ապա դա կհամարվեր արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք և խոշտանգում։

«Անազատության մեջ գտնվելուն անհամատեղելի հիվանդությունների ցանկը պետք է անպայման վերանայվի, պետք է վերանայվի և՛ դա, և՛ պետք է վերանայվեն ընթացակարգերը։ Օրինակի համար, եթե դատախազությունը արտահերթ դատական նիստի հրավերի դիմումով չդիմեր, դա իր իրավունքն է, բայց դա պետք է լինի պարտականություն, որ եթե բժշկական եզրակացությունը տալիս է, որ արդեն հիվանդությունը հենց էս պահին արդեն անհամատեղելի է պատիժը կրելու կամ կալանքը կրելու հետ, ժամանակային տիրույթը, որով պետք է ներկայացնեն այդ եզրակացությունը, այդ եզրակացության հիման վրա միջնորդություն ներկայացնեն դատարան խափանման միջոցը փոխելու կամ պատիժը կրելուց անազատության վայրից, ազատությունից զրկված վայրից ազատելու, դա պետք է լինի շատ ավելի օրենքով սահմանված և ավելի կարճ ժամկետներում», - ասաց Սաքունցը։

Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ գործով դատական նիստերը մեկնարկեցին 2019-ի մայիսից։ Սակայն դրանք պարբերաբար հետաձգվում էին, քանի որ Մանվել Գրիգորյանը վատառողջ լինելու պատճառաբանությամբ չէր ներկայանում նիստերին, իսկ այն նիստերը, որոնց ներկա էր, րոպեներ անց ևս հետաձգվում էին, քանի որ Գրիգորյանը պնդում էր, որ ինքնազգացողությունը վատ է։ Հենց այս պատճառով էլ նախորդ տարվա նոյեմբերի 26-ին դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց առանձին քննել Գրիգորյանի և կնոջ գործերը։

Այդ ընթացքում պաշտպանական կողմը Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխարինելու բազմաթիվ միջնորդություններ է ներկայացրել, որոնք բոլորը մերժվել են նույն՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։

63-ամյա Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ։

XS
SM
MD
LG