Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանին բուժման համար Ֆրանսիա տեղափոխելու միջնորդությունը մերժվեց


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Դատարանն այսօր մերժեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ամբաստանյալ Մանվել Գրիգորյանի հետագա բժշկական հետազոտությունը Ֆրանսիայում անցակցնելու փաստաբանների միջնորդությունը։

Պաշտպանները նշեցին՝ անհրաժեշտություն են տեսնում, որպեսզի անցած շաբաթ ստորագրությամբ կալանքից ազատված Գրիգորյանին տեղափոխեն Ֆրանսիա՝ հարազատների միջոցով բուժում իրականացնելու համար։

«Հաշվի առնելով նաև անձի կյանքին վտանգ սպառնալու հանգամանքը, անկանխատեսելի հետևանքները, որ կարող են լինել, հարգելի՛ նախագահող, ակնկալում ենք, որպեսզի հնարավորություն ընձեռվի, տեղափոխվի հետազոտվի, անհրաժեշտության դեպքում՝ բուժում ստանա», - ասաց փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

Փաստաբան Կարեն Քամալյանն էլ հավելեց. -«Վերջին 20 տարիներին մեր պաշտպանյալը բուժումը կրել է Ֆրանսիայում, համաձայն այնտեղ կազմված փաստաթղթերի՝ շատ կարճ ժամանակահատվածում Մանվել Գրիգորյանը կարողացել է վերականգնվել, քայլել և նրանց արտասահմանյան բուժումների արդյունքում մինչև կալանավորվելը ինսուլինային կախվածություն չուներ: Գտնում ենք անհրաժեշտ նրա բուժումն առ այնտեղ, որ պայմանավորված է, և համոզված ենք, որ կարճ ժամանակահատվածում նա անձամբ կարող է ներկայացնել իր շահերը»:

Մեղադրող կողմն առարկեց միջնորդության դեմ։ Դատախազները նշեցին՝ չկա որևէ հիմնավորում, որ Մանվել Գրիգորյանին հնարավոր չէ բուժել Հայաստանում. - «Ձեր փաստարկներն այն կապակցությամբ, թե անպայման պետք է դրսում բուժվի, մասնագետները՝ 7-8 հոգով ստորագրած, արձանագրել են, որ նա կարող է Հայաստանի Հանրապետությունում պատշաճ իր բժշկական սպասարկումն անցնի», - ասաց Հայկ Պետրոսյանը։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը, միջնորդությունը մերժելով, ասաց՝ դատարանին որևէ ապացույց ներկայացված չէ այն մասին, որ Գրիգորյանի վատառողջ լինելը, վիճակի վատթարացումն ուղղակիորեն կապ ունի արտերկրում հետազոտություն չանցնելու հետ, որը Հայաստանում չի արվում, և դրա իրականացման պարագայում հնարավոր է բարելավել նրա վիճակը. - «Որևէ փաստարկ, որևէ հանգամանք ներկայացված չէ դատավորին այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում պայմանավորված Գրիգորյանի առողջական վիճակով, որը վատացավ հունվարի 14-ից հետո, բուժում իրականացնելն անհնարին է և ծայրահեղ անհրաժեշտություն է կամ ընդհանրապես անհրաժեշտություն է այդ ախտորոշման պարագայում նրան տեղափոխել:
Եթե նման պատշաճ փաստաթուղթ, բժշկական հետազոտություն դատարանին ներկայացվի, իհարկե կքննարկվի, և հնարավորություն կտրվի տեղափոխել, եթե Հայաստանում դա անհնար է։ Տվյալ փուլում նման հիմնավորումներ դատարանին չեն ներկայացրել։Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ դատարանը որոշում է միջնորդությունը մերժել»:

Գրիգորյանը, ով մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ, այսօրվա դատական նիստին ներկա չէր։ Նա շարունակում է գտնվել «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Ավելի քան մեկուկես տարի անազատության մեջ գտնվելուց հետո հունվարի 15-ին գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց չհեռանալու մասին ստորագրությամբ։ Նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը քննարկվեց այն բանից հետո, երբ Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացավ։


XS
SM
MD
LG