«Հայբյուրեղապակի» ԲԲ ընկերության 80 տոկոսի սեփականատեր Նազիկ Ամիրյանի կողմից ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ 221 միլիոն 970 հազար դրամ արժողությամբ գույքը յուրացնելու և ընկերությունը կանխամտածված սնանկության տանելու դեպքերի մի շարք հանգամանքներ, հայտնում են Քննչական կոմիտեից:
ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կնոջը` Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ կառավարության որոշմամբ «Հայապակի» ՓԲ ընկերության 573 միլիոն 733 հազար դրամ արժողությամբ՝ 80 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը 145 միլիոն դրամով, ուղղակի վաճառքի պայմանագրով օտարվել են Նազիկ Ամիրյանին՝ առաջիկա 3 տարիների ընթացքում համապատասխանաբար՝ 100 միլիոն, 80 միլիոն և 70 միլիոն դրամի չափով ներդրումներ կատարելու և որպես սոցիալական երաշխիք՝ 350, 500 և 700 աշխատատեղ ապահովելու պարտադիր պայմանով:
Հետագա գործունեության ընթացքում, ըստ Քննչական կոմիտեի, Նազիկ Ամիրյանը, ընկերությունը կանխամտածված սնանկության տանելու, միևնույն ժամանակ անձամբ շահեկան վիճակում հայտնվելու մտադրությամբ, այլևս չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները. չեն կատարվել ընկերության գործունեության ընթացքում առաջացած հարկային մարմինների և այլ կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունները, որի հետևանքով Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից արգելանքի է վերցվել «Հայբյուրեղապակի» ԲԲ ընկերությանը պատկանող անշարժ և շարժական գույքի մի մասը:
Նշված գործընթացին զուգահեռ Նազիկ Ամիրյանը 2003թ. մարտի 12-ին իր մտերիմի անվամբ հիմնադրել է փաստացի իրեն պատկանող ՍՊ ընկերություն, որից հետո վերջինս որպես ֆիզիկական անձ մասնակցել է ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից հայտարարված աճուրդին և աճուրդի արդյունքներով ճանաչվելով հաղթող՝ 2003թ. հունիսի 28-ին կնքված առուվաճառքի պայմանագրով, շուկայականից էականորեն ցածր գնով գնահատված՝ 8 միլիոն 318 հազար 880 դրամով, ձեռք է բերել «Հայբյուրեղապակի» ԲԲ ընկերությանը պատկանող 9263,32 քմ տարածքով արդյունաբերական արտադրամասը: Այնուհետև, 2003թ. դեկտեմբերի 16-ին իրեն փաստացի պատկանող ընկերության և ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջև կնքված պայմանագրով, Նազիկ Ամիրյանը նույն եղանակով՝ 547.500 դրամով ձեռք է բերել «Հայբյուրեղապակի» ԲԲ ընկերությանը պատկանող 86 անվանում անշարժ և շարժական գույքերը: Հետագայում, ընդամենը 8 միլիոն 866 հազար 380 դրամով ձեռք բերված գույքը գնահատվել է 221 միլիոն 970 հազար դրամ և ներդրվել է Նազիկ Ամիրյանին պատկանող ՍՊ ընկերության կանոնադրական կապիտալում:
Այդ եղանակով Նազիկ Ամիրյանը վերը նշված առանձնապես խոշոր չափերի արժեքով գույքը դուրս է բերել «Հայբյուրեղապակի» ԲԲ ընկերության ֆոնդից և ներդրել փաստացի իրեն պատկանող ՍՊ ընկերության կանոնադրական կապիտալում, որից հետո 2004թ. մայիսի 4-ին կնքված բաժնեմասի առուվաճառքի պայմանագրով 220 միլիոն 2 հազար դրամով վաճառել է նշված ՍՊ ընկերությունը:
Նազիկ Ամիրյանի՝ վերոնշյալ գործողությունների արդյունքում ընկերությունում ստեղծվել են անվճարունակության հատկանիշներ, փաստացի տարբերությունը կազմող միջոցները ստացվել են դրա 80% բաժնեմասի սեփականատեր Նազիկ Ամիրյանի անձնական ֆոնդում, այլ ոչ թե ընկերությունում, որի հետևանքով ընկերությունը դատարանի 29.12.2003թ. վճռով ճանաչվել է անվճարունակ, իսկ ընկերությանն ու ընկերության պարտատերերին պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 213 միլիոն 103 հազար 620 դրամի վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով և 193-րդ հոդվածով (կանխամտածված սնանկությունը) նախատեսված արարքներ առերևույթ կատարելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: