Մատչելիության հղումներ

Տիխանովսկայան ՄԱԿ-ին կոչ է արել դիտորդական առաքելություն ուղարկել Բելառուս


Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան այսօր հեռավար ելութ է ունեցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ պաշտոնական նիստին։ Նա ՄԱԿ-ին կոչ է արել միջազգային դիտորդական առաքելություն ուղարկել Բելառուս՝ արձանագրելու, թե ինչ է կատարվում երկրում։ Նա նաև կոչ է արել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հատուկ նիստ գումարել` քննարկելու Բելառուսի իրավիճակը։

Տիխանովսկայան նշել է, որ ուժային կառույցներn անհամաչափ ուժ են կիրառում ցուցարարների հանդեպ, խախտում մարդու իրավունqները, ստորացնում մարդկային արժանապատվությունը։ Տիխանովսկայան միջազգային հանրությանը կոչ է արել «օգտագործել բոլոր մեխանիզմները բռնությունները դադարեցնելու համար», այդ թվում նաև պատժամիջոցներ սահմանել ընտրախախտումներ և «մարդկության դեմ հանցագործություններ» կատարած անձանց հանդեպ։

Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հինգշաբթի օրը ուժային կառույցներումվերանշանակումներ է կատարել, մասնավորապես փոխվել է Պետական անվտանգության կոմիտեի ղեկավարը, Անվտանգության խորհրդի քարտուղարը։ «Ռոյթերսը» նշում է, որ Լուկաշենկոն առաջ է քաշել երկրի ներքին խնդիրները կոշտ մեթոդներով լուծելու կողմնակիցներին, իր իշխանությունն ու վերահսկողությունը պահպանելու համար։

Լուկաշենկոյի 26 տարվա անընդմեջ նախագահության ընթացքում նա այսպիսի լուրջ մարտահրավեր չէր տեսել, ինչպես հիմա։ Օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից հետո, որի պաշտոնական արդյունքներով Լուկաշենկոն կրկին հաղթել է, նրա հրաժարականի, իշխանությունից հեռանալու պահանջով հզոր ցույցեր են սկսվել։

Լուկաշենկոն չտեսնելու է տալիս ներքին խնդիրները` մեղավորներ փնտրելով դրսում։ Նորանշանակ պաշտոնյաների հետ հանդիպմանը նա կրկնել է բազմիցս ասած միտքը, թե իր դեմ ցույցերը հրահրվում են դրսից: Նրա խոսքով` շատերը, «հատկապես հարևանները կցանկանային տեսնել մեր փլուզումը»: «Շատ ուժեղ է արտաքին ազդեցությունը Լեհաստանից, Լիտվայից, Լատվիայից և Ուկրաինայից, ինչը մեզ անհանգստացնում է» ,- ասել է Լուկաշենկոն` նշելով, թե ամենակարևորը թույլ չտալ հրդեհի բռնկումը Մինսկում, որը կարող է տարածվել ամբողջ երկրով մեկ։

Արտաքին ազդեցության նույն միտքը Լուկաշենկոյի հետ հանդիպմանը կրկնել է նաև Մինսկ ժամանած Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ «Շատ կարևոր է ամբողջովին վերացնել արտաքին միջամտությունը Բելառուսի ներքին գործերին»,- հայտարարել է Ռուսաստանի վարչապետը, ապա հավելել. - «Մենք կցանկանայինք հատկապես ընդգծել, որ Ռուսաստանն ամբողջովին պաշտպանում է Բելառուսի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը։ Մեզ համար Բեառուսը հարազատ երկիր է, խոսքը ոչ միայն պատմական լեզվի ու հոգևոր կապերի մասին է, այլ նաև որ մեր հազարավոր, միլիոնավոր քաղաքացիներ հանդիսանում են մեկ ժողովուրդ, ինչպես դուք բազմիցս ասել եք», - Մինսկում երեկ հայտարարում էր ՌԴ վարչապետը։

Ռուսաստանի վարչապետին Մինսկում հանդիպելուց բացի, նախատեսված է Լուկաշենկոյի այցը Մոսկվա, այսօր այդ մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը, բայց կոնկրետ ժամկետ չի նշվել։

XS
SM
MD
LG