Մատչելիության հղումներ

Բողոքի ալիքը Բելառուսում ահագնանում է


Բողոքի ցույց Բելառուսի մայրաքաղաքում։ 30-ը օգոստոսի, 2020
Բողոքի ցույց Բելառուսի մայրաքաղաքում։ 30-ը օգոստոսի, 2020

Վերջին շաբաթների ընթացքում Բելառուսի զինվորականները թաքստոցներ են հայտնաբերել, որոնցում եղել են սրված ցցեր ու ձողեր, դյուրավառ հեղուկ, անվադողեր, հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարարության գաղափարախոսական աշխատանքի գլխավոր վարչության պետը։

Լեոնիդ Կասինսկիի խոսքով, այդ ամենը կարող էր նախատեսված լինել բողոքի ակցիաների համար։ Այլ մանրամասներ պաշտոնյան չի ներկայացրել։

Բելառուսում բողոքի ակցիաները չեն դադարում օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից ի վեր։ Քաղաքացիները դեմ են վեցերորդ անգամ, ըստ պաշտոնական արդյունքների, վերընտրված Ալեքսանդր Լուկաշենկոյի հետագա պաշտոնավարմանը։

Երեկ՝ օգոստոսի 30-ին՝ Լուկաշենկոյի ծննդյան օրը, Մինսկում անցկացվել է խաղաղության և անկախության երթ, որին մասնակցել է տարբեր տվյլաներով մի քանի հարյուր հազար մարդ: Ցուցարարները հասել էին նախագահական նստավայր՝ վանկարկելով «Ծնունդդ շնորհավոր, առնետ» և «Հեռացիր»։

Ոստիկանությունը հայտնել է 140 ձերբակալվածների մասին: Չնայած այն հանգամանքին, որ Բելառուսի մայրաքաղաքի կենտրոնում հսկայական քանակի իրավապահներ և Պաշտպանության նախարարության ծառայողներ ու մարտական մեքենաներ կային, լուրջ բախումներ չեն եղել ։

Լուկաշենկոն ավելի վաղ ասել էր, թե պատրաստ է թողնել իշխանությունը, սակայն միայն նոր Սահմանադրություն ընդունելուց հետո: Իսկ այսօր նա հայտարարել Է նախագահից անկախ պետական համակարգ ստեղծելու անհրաժեշտության մասին։

Բելառուսի գործող նախագահը խոստովանել է, որ երկրում գոյություն ունեցող հասարակական համակարգը մասամբ ավտորիտար բնույթ է կրում, հետևաբար անհրաժեշտ է նախագահի անձի հետ չկապվող համակարգ ստեղծել։ Ինչպես իր Telegram ալիքում հաղորդում է «Բելտա» գործակալությունը, Լուկաշենկոն այս մասին խոսել է Գերագույն դատարանի նախագահ Վալենտին Սուկալոյի հետ հանդիպումից հետո, ում նա խնդրել է միանալ երկրի Սահմանադրության փոփոխության գործընթացին։

Լուկաշենկոն հայատարել է նաև, որ աշխատում են Սահմանադրության նոր նախագծի վրա, քանի որ համարում է, որ 1994-ի Սահմանադրությունը հնացած է և չի կարելի է դրան վերադառնալ, ինչպես պահանջում է ընդդիմությունը:

Հիշեցնեմ, Լուկաշենկոն փոխել էր Բելառուսի սահմանադրոթյունը և նախագահի պաշտոնում անվերջ առաջադրվելու հնարավորություն էր ստացել։

Այսօր հայտնի դարձավ նաև, որ Լատվիան, Լիտվան և Էստոնիան պատժամիջոցներ են սահմանել և արգելել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ևս երեք տասնյակ պաշտոնյաների մուտքը` ընտրությունները կեղծելու և բողոքի ակցիաների բռնի ձևով ճնշելու պատճառով: Լատվիայի և Էստոնիայի ցուցակում 30 անուն է: Լիտվայի ցանկում նշված է բելառուսական իշխանությունների 31 ներկայացուցչի անուն։ Մասնավորապես, այդ ցուցակում են ընդգրկվել Լուկաշենկոն, նրա որդին ՝ Վիկտորը, Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Լիդիա Երմոշինան, Ներքին գործերի նախարար Յուրի Կարաևը, Անվտանգության խորհրդի քարտուղար Անդրեյ Ռավկովը և այլք։ Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսի խոսքով, մուտքի արգելքն անժամկետ է։

Եվրամիության երկրներն ավելի վաղ սկզբունքորեն պայմանավորվել էին մի շարք բելառուս պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին, սակայն ցուցակի կազմի շուրջ տարաձայնություններ էին առաջացել: Մասնավորապես, ոչ բոլոր պետություններն էին համաձայնել ցուցակում ընդգրկել Լուկաշենկոյին։ Լիտվայում է գտնվում ընտրություններում Լուկաշենկոյի գլխավոր մրցակիցը՝ Սվետլանա Տիխանովսկայան։

Երկուշաբթի նրա համախոհները հայտնել են, որ սեպտեմբերի 4-ին Տիխանովսկայան ելույթ է ունենալու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:

Արևմուտքի երկրները չեն ընդունել պաշտոնական արդյունքները, վրդովմունք են հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և Բելառուսի իշխանություններին կոչ են արել երկխոսություն սկսել ընդդիմության հետ: Ռուսաստանը ճանաչել է ընտրությունների արդյունքները, իսկ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոն և հայտարարել, որ Լուկաշենկոյի խնդրանքով ստեղծել է ռուսաստանցի իրավապահների ռեզերվ, որոնք անհրաժեշտության դեպքում կգան օգնության Բելառուսի գործող իշխանություններին:

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է. - «Ներկայումս այդ ռեզերվի օգտագործման մասին խոսք չկա։ Նախագահն ամեն կերպ ընդգծել է, որ խոսքը միայն ծայրահեղ իրավիճակի մասին է, երբ ծայրահեղական տարրերն անցնեն ուղղակի ապակայունացման։ Բայց հիմա մենք տեսնում ենք, որ իրավիճակը վերահսկողության տակ է»։

Նա ի դեպ նաև հավելել է, որ ռուսաստանցի մասնագետները կարող են օգնել Բելառուսի իշխանություններին նոր Սահմանադրության նախագծի հարցում։ Ինչ վերաբերում է Մոսկվա կատարելիք Լուկաշենոյի այցին, որի մասին երեկ հայտնել էր պաշտոնական Մինսկը, այն, ըստ Պեսկովի, կկայանա առաջիկա շաբաթներին։

Ռուսաստանցի քաղաքագետ Գլեբ Պավլովսկիի կարծիքով, այն բանից հետո, երբ Պուտինը փորձել է միջամտել բելառուսկան զարգացումներին, բողոքի ալիքը նոր թափ է ստացել, ինչի մասին վկայում են բազմահազարանոց բողոքի ակցիաները, որ կայացել էին հանգստյան օրերին, հատկապես երեկ. - «Ինչո՞ւ է ավելացել փողոց դուրս եկած մարդկանց թիվը: Սա բելառուսցիների պատասխանն է գործընթացին միջամտելու, երկրի անկախությունը հարցականի տակ դնելու Պուտինի փորձին։ Մարդկանց, բելառուսցիներին սա դուր չի եկել»։

XS
SM
MD
LG