Բելառուսի նախագահական ընտրություններում երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայան նախազգուշացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ ռուսական ՕՄՕՆ-ի մուտքը Բելառուս «ծանր հետևանքներ կունենա»:
«Մենք բոլոր երկրներից պահանջում ենք հարգել Բելառուսի ինքնիշխանությունը: Միևնույն ժամանակ, մենք չափազանց մտահոգված ենք Պուտինի հայտարարություններով՝ ռուսական ՕՄՕՆ- ը Բելառուս ուղարկելու վերաբերյալ: Դա կլինի Բելառուսի ինքնիշխանության լուրջ խախտում և ծանր հետևանքներ կունենա Բելառուսի և Ռուսաստանի հարաբերությունների համար», - հայտարարել է Տիխանովսկայան:
Օգոստոսի 27-ին Պուտինը հայտնել էր, որ Լուկաշենկոյի խնդրանքով իրավապահների ռեզերվային խումբ է ստեղծել, որն անհրաժեշտության դեպքում կարող է ուղարկվել Բելառուս: Նա հայտարարել էր, որ դա կարող է կիրառվել միայն որպես ծայրահեղ միջոց:
Հաջորդ օրը Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հստակեցրել էր, թե Կրեմլը ելնում է այն ենթադրությունից, որ այդ ռեզերվը «ոչ մի կերպ չի օգտագործվի»:
ԱՄՆ-ը ուշադիր հետեւում է Բելառուսում տիրող իրավիճակին և Ռուսաստանին կոչ է անում հարգել հանրապետության ինքնիշխանությունը, հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քեյլի ՄըքԷնանին: Նրա խոսքով ՝ Բելառուսի իշխանությունները պետք է լսեն բողոքի դուրս եկած քաղաքացիներին:
Արդեն երրորդ շաբաթն է՝ Բելառուսում շարունակվում են բողոքի զանգվածային ցույցերը օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ, որոնց համաձայն՝ երկիրը շուրջ քառորդ դար ղեկավարող Լուկաշենկոն վերընտրվել է քվեների ավելի քան 80 տոկոսով: