Մատչելիության հղումներ

Մինսկի կենտրոնում հարյուրավոր կանայք բողոքի ցույց են անցկացրել


Բելառուս - Սեպտեմբերի 1-ի երեկոյան ցույցը Մինսկում
Բելառուս - Սեպտեմբերի 1-ի երեկոյան ցույցը Մինսկում

Երեկ ուշ երեկոյան Մինսկի կենտրոնում հարյուրավոր կանայք խաղաղ բողոքի ցույց անցկացրեցին: Ավելի վաղ անվտանգության ուժերը բերման էին ենթարկել տասնյակ ուսանողների, որոնք հավաքվել էին՝ հետևելով ուսումնական տարվա առաջին օրը դասադուլ հայտարարելու ընդդիմության կոչին:

Մայրաքաղաքի Անկախության պողոտայի մոտ երգում և պարում էին, ոստիկանությունը հետևում, բայց չէր միջամտում:

Ալեքսանդր Լուկաշենկոյի իշխանության դեմ ավելի քան երեք շաբաթ շարունակվող բողոքի ցույցերում կանայք առաջատար դեր ունեն, հաճախ շղթա կազմելով նրանք փորձում են պաշտպանել տղամարդկանց ձերբակալությունից:

Երեկ Մինսկում տեղի ունեցած զանգվածային ուսանողական երթի ընթացքում ավելի քան 50 մարդ է բերման ենթարկվել, այդ թվում ՝ լրագրողներ: Հայտնի բելառուս մարզիկները կոչ են արել իրենց գործընկերներին միավորվել և աջակցել բողոքի ցույցերին:

ՄԱԿ-ի տվյալներով ՝ Բելառուսում բողոքի ցույցերի ընթացքում 6 մարդ է անհետ կորել: Կազմակերպության փորձագետները նշում են ձերբակալվածների խոշտանգումների և վատ վերաբերմունքի 450 փաստված դեպքի մասին: ՄԱԿ-ը կոչ է անում հետաքննություն անցկացնել և պատժել մեղավորներին:

ԱՄՆ-ը Ռուսաստանին նախազգուշացնում է, որ Բելառուսի իրադարձություններին միջամտելու դեպքում պատժամիջոցներ կկիրառի: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Պետքարտուղարության անանուն բարձրաստիճան պաշտոնյայի: Լրատվական գործակալության զրուցակիցը նշել է նաև, որ Պետդեպարտամենտը պատժամիջոցներ է պատրաստել Բելառուսի 7 քաղաքացիների դեմ, որոնք, ըստ պաշտոնական Վաշինգտոնի, կապված են օգոստոսի 9-ի ընտրությունների արդյունքների կեղծման և խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու հետ:

Օգոստոսի 27-ին Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ Լուկաշենկոյի խնդրանքով իրավապահների ռեզերվային խումբ է ստեղծել, որն անհրաժեշտության դեպքում կարող է ուղարկվել Բելառուս: Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ դա կարող է կիրառվել միայն որպես ծայրահեղ միջոց:

XS
SM
MD
LG