Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն հայտարարում է, թե Նավալնու թունավորման մասին Մերկելի հայտարարությունը «կեղծիք է»


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Մինսկ, 3-ը սեպտեմբերի, 2020
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Մինսկ, 3-ը սեպտեմբերի, 2020

Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ում Կրեմլի աջակցության շնորհիվ հաջողվել է պահպանել իշխանությունը, այսօր հայտարարել է, թե Բելառուսի հատուկ ծառայությունները գաղտնալսել են Նավալնիի թունավորման մասին Մերկելի հայտարարության կեղծման մասին Վարշավայի և Բեռլինի զրույցը։

Ալեքսանդր Լուկաշենկոն պնդում է՝ կա Վարշավայի և Բեռլինի խոսակցությունը, որ ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման մասին Անգելա Մերկելի հայտարարությունը կեղծիք է: Այս մասին Բելառուսի նախագահը հայտնել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինին, որն այսօր բանակցություններ է վարում Մինսկում։

Լուկաշենկոն նախազգուշացրել է, որ Արևմուտքը ստորություններ է պատրաստում Ռուսաստանի նկատմամբ տարածաշրջանային ընտրություններից առաջ: Դրանք, հիշեցնեմ, պետք է կայանան հաջորդ հանգստյան օրերին։

Կրեմլը իր հերթին պնդում է, թե մինչև Բեռլին տեղափոխվելը ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու օրգանիզմում թունավոր նյութեր կամ դրանց հետքերը չեն հայտնաբերվել` չնայած բազմաթիվ հետազոտություններին, ուստի չի համարում, որ Արևմուտքը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու առիթ ունի։ Այս մասին այսօր ասել է Ռոսւաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք չենք հասկանում, թե ինչը կարող է պատճառ լինել ինչ-որ պատժամիջոցների կիրառման համար։ Մենք ընդհանրապես չենք ընդունում պատժամիջոցների լեզուն: Կարծում ենք, որ դա բացարձակապես անընդունելի է», - հայտարարել է Պեսկովը` հավելելով, որ պետության հասցեին մեղադրանքներ չկան։

Պաշտոնական Մոսկվան անընդհատ կրկնում է, թե Ռուսաստանի գլխավոր դատախազությունը իրավական հարցում է ուղարկել Բեռլին, սակայն պատասխան չի ստացել։ Ավելին՝ Պեսկովի խոսքով, երեկ Բեռլինում Ռուսաստանի դեսպանին կանչել էին Գերմանիայի արտգործնախարարություն, սակայն զրույցի ժամանակ Նավալնու հետազոտությունների և անալիզների արդյունքների հետ կապված որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել։

«Այդ կապակցությամբ կարող ենք կրկնել, որ մինչև Բեռլին հիվանդին ուղարկելը վերցված բազմաթիվ անալիզներն ու հետազոտությունները չեն հայտնաբերել թունավոր որևէ նյութ», - հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովը այս անգամ էլ չի նշել Ալեքսեյ Նավալնիի անունը։ Նա շեշտել է, որ Մոսկվան «անկասկած շահագրգռված է», որպեսզի «Բեռլինում բուժվող հիվանդի» հետ տեղի ունեցածի պատճառները պարզվեն:

«Մեր քննչական մարմինները կատարում են անհրաժեշտ ստուգողական գործողությունները։ Այդ գործողություններին միանշանակ կօգնի գերմանական կողմի տեղեկատվությունը», - եզրափակել է նա և ևս մեկ անգամ կրկնել, որ ռուսական կողմը Գերմանիայից ոչ մի տեղեկություն չի ստացել։

Սա ընդհանրապես պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումն է. Օմսկի բժիշկների անցկացրած բոլոր հնարավոր հետազոտությունները և անալիզները թունավորման հետքեր չեն հայտնաբերել, իսկ թե ինչ են արել Նավալնու հետ Բեռլինում, իրենք չգիտեն՝ «որևէ փաստաթուղթ գերմանական կողմը մեզ չի ուղարկել»։

Այս տրամաբանությամբ հայտարարություն է արել նաև արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. – «Ես ուզում ևս մեկ անգամ կրկնել՝ Ռուսաստանի գլխավոր դատախազությանը գերմանական կողմը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Մենք խնդրում ենք՝ տրամադրեք մեր դեսպանությանը Բեռլինում, որ աշխատում է քսանչորս ժամ, այդ փաստաթղթերը։ Մնացած բոլորը պարզապես ինֆորմացիոն արշավ է»:

Նավալնու թիմակիցները, նրա ընտանիքը առաջին իսկ օրվանից՝ օգոստոսի 20-ին արդեն, երբ նա վատացել էր Տոմսկ - Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում, հայտարարում էին, որ կասկածում են, որ սա թունավորում է, որի պատվիրատուն է Ռուսաստանի իշխանությունը, և առաջին իսկ օրվանից պահանջում էին, որ Նավալնու թունավորման վերաբերյալ քրեական գործ հարուցվի։

Նավալնու կինը` Յուլիա Նավալնայան պահանջում էր, որ հնարավորինս արագ Նավալնուն տեղափոխեն գերմանական հիվանդանոց, որի բժիշկներին Նավալնու ընտանիքը վստահում է։ Ռուսաստանցի բժիշկները սակայն թույլ տվեցին, որ Նավալնուն տեղափոխեն Բեռլին թունավորումից երկու օր անց միայն։ Օմսկի շտապօգնության հիվանդանոցի բժիշկերը տեսախցիկների առջև մի քանի անգամ հայտարարել են, որ Նավալնու ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառը թունավորումը չէր։

XS
SM
MD
LG