Մատչելիության հղումներ

ՀՀ կառավարությունը աջակցության փաթեթ է պատրաստում Լիբանանից Հայաստան տեղափոխվածների համար


Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի տեղեկացմամբ, առաջիկա երկու շաբաթվա ընթացքում պարզ կդառնա, թե ինչ սոցիալական, կրթական, բժշկական արտոնություններ են նախատեսվելու. – «Մի կողմից կա մեր անդրդվելի նվիրվածությունը հայրենադարձության գաղափարին և ընդհանրապես Հայաստան եկող հային Հայաստանը տուն դարձնելու գաղափարին: Լիբանանի դեպքում սա է, ոչ թե հայրենադարձությունը: Մյուս կողմից, այն փաստը, որ Հայաստանը սահմանափակ ռեսուրսներ ունեցող պետություն է: Մենք շատ կուզեինք, որ եկողներին հենց միանգամից ձրի տուն բաժանեինք, աշխատանքով ապահովեինք, տնտեսական, սոցիալական, առողջապահական ամենալավ փաթեթները իրենց տայինք: Բայց Հայաստանը Հայաստանն է, և Միացյալ Նահանգները չի կամ Շվեյցարիան չի: Ամեն դեպքում, մեր հնարավորության սահմաններում մենք պատրաստ ենք լավագունն անել»:

Սինանյանի գլխավորությամբ հայաստանյան պատվիրակությունը մի քանի օր անցկացրեց Բեյրությում՝ համայնքային կենտրոններում, նաև հայաբնակ թաղամասերում հանդիպումների միջոցով պարզելու համայնքի կարիքներն ու տրամադրությունները։ Լիբանանից հեռանալու տրամադրությունները հիմա՝ պայթյունից հետո, սրվել են, բայց մինչև այդ էլ կային երկրի քաղաքական, տնտեսական ճգնաժամի պայմաններում: Ըստ Սինանյանի, նախորդ տարեվերջին հարցումներ էին անցկացրել, և հարցված 521 լիբանանահայերի 58 տոկոսը նշել էր, որ պատրաստվում է լքել այդ երկիրը:

Սինանյանի խոսքով, իրենց խնդիրն այն է, որ այդ մարդիկ ընտրեն Հայաստանը. – «Քսանհինգ հազար Հայաստանի քաղաքացի կա բնակվող Լիբանանում: Իմանալ, թե արդյոք 25 հազարի մեջ բոլոր անապահով, բոլոր անտուն... այսինքն մնացել են թե ոչ: Եթե ինձ հարցնեք, զուտ ստատիստիկորեն կարծում եմ, մնացել են: Մենք այդ երեք ինքնաթիռը փորձեցինք օգտագործել հատուկ հենց այդ կատեգորիայի մարդկանց Հայաստան բերելու համար»:

Պայթյունից հետո շուրջ 100 լիբանանահայ է Հայաստան տեղափոխվել: Նրանք են, որ այստեղ մնալու տեղ ունեն, իսկ Բեյրությում մնացել են անտուն, և ընտանիքի անդամներից մեկը Հայաստանի քաղաքացիություն պետք է ունենա:

Ի պատասխան մեղադրանքների, թե ինչու չեք Բեյրութի այս դժվար օրերին այնտեղ ապրող հայերին Հայաստան տեղափոխում, Զարեհ Սինանյանն արձագանքեց. – «Մենք չենք կարող նման գործողության քաջալերողի դերում լինել, որովհետև չենք կարող դիտվել որպես համայնքը ոչնչացնող կամ Լիբանանի հասարակական բալանսը խախտող: Մյուս կողմից էլ, նաև ունենք մեր տնտեսական սահմանափակումները: Դա ասելով հանդերձ` կրկնում եմ, որ պետությունը իր հայրենակիցներին որևէ տեղ, ուր էլ որ նրանք լինեն, երբ որ խնդիր ունեն, ուշադրությունից դուրս չի թողնի»:

Քանի հայ է ապրում Լիբանանում. հստակ թիվ չի հնչում՝ 60 հազարից մինչև 120 հազար: Ամեն դեպքում՝ լիբանանահայերը այստեղ հիմնադիր համայնք են` բազմագույն այս երկրի 7 գլխավոր համայնքներից մեկը:

Հակոբ Բագրատունի Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունի. – «Այս պահին բնական է, որ մարդիկ ուզում եմ ավելի ապահով տեղերում լինել: Մեր բաղձանքն է, որ այդ ապահով տեղի իրենց համար լինի Հայաստանը»:

ՀՅԴ Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին շեշտում է, որ առանց այդ էլ քայքայված այդ մարդիկ չպետք է դժվարությունից դեպի դժվարություն տեղափոխվեն և Հայաստանում էլ անօգնական մնան, հուսահատվեն ու թեքվեն դեպի Եվրոպա. – «Խնդիրը դժվարության մեջ հայտնվածներին այդ դժվարությունից փրկելն է, բայց այնպես, որ նվազ դժվարության մեջ ընկնեն, ոչ թե ավելի դժվարության: Եվ այս անգամ նույնիսկ հայրենիքի մեջ ապրելու հույսը քանդվի իրենց մեջ, և այդ հույսը քանդվելով իրենց աչքերը ուղղեն դեպի Արևմուտք»:

«Աշխարհի յուրաքանչյուր հայի սիրտն այժմ պիտի Բեյրութում բաբախի», - ասում է Բագրատունին՝ շեշտելով թե' նյութական ու թե' բարոյական աջակցության անհրաժեշտությունը համայնքին. – «Հայաստանի օժանդակությունը մեզ համար շունչ է, թթվածին է... Գիտեք, աղետին անմիջապես հետո, մի քանի րոպե հետո հարյուրավոր հեռախոսազանգեր ենք ստանում. հարցնում են`ինչպե՞ս եք և ինչի՞ կարիք ունեք»:

Հայաստանն ու Արցախը շուրջ 40 տոննա դեղորայք ու սնունդ են ուղարկել Լիբանանի ժողովրդին, նաև հայ համայնքին: Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանն առաջարկում է «Հայաստան» հիմնադրամի այս տարվա մարաթոնը սփյուռքահյության կարիքներին ուղղել: Ի դեպ, հիմնադրամում լիբանանահայերի աջակցության հաշվեհամարին ավելի քան 235 հազար դոլար է փոխանցվել, և հանգանակությունը դեռ շարունակվում է:

Բեյրությում արդեն գործի է անցել Լիբանանի վերականգնման մարմինը, որ ղեկավարում է թեմի առաջնորդ Շահե արքեպիսկոպոս Փանոսյանը: Նա տեղեկացրեց, որ սկզբում մարդկանց ավերված տները կնորոգեն, ապա կանցնենք համայնքային կառույցներին՝ վարժարաններին, եկեղեցիներին. – «Այդքան էլ հեշտ չէ, տակավին պետությունը լրիվ հաշվարկը չունի: Հնարավոր չէ բոլորին միանգամից հասնել: Իսկ թաղային մակարդակով արդեն իսկ մենք ցուցակագրումը անում ենք, և վաղը-մյուս օր կսկենք նաև առաջնահերթությունները ճշտել»:

«Մինչև տների վերականգնումը մարդկանց անտուն չենք թողել», - շեշտում է սրբազանը: - «Մենք անտուն մարդ չենք թողնում: Անոթի մարդ չենք թողնում: Մանավանդ տագնապի ժամանակ փորձում ենք իրար տիրություն անել: Այսօր եթե կան ոմանք, ովքեր իսկապես կորցրել են ապրելու հնարավորությունը իրենց բնակարաններում, տեղավորում ենք ուրիշի մոտ»:

Տեղում որքան էլ հայ համայնքի նկատմամբ ուշադրություն դրսևորվի, մարդիկ անվտանգ չեն զգում, նաև սոցիալական խնդիրներն են խորանում:Բեյրութի վերջին թռիքով երկու օր առաջ Երևան տեղափոխվեց Թագուհի Չիլինգարյանը՝ աղջկա հետ: Նա կորանվիրուսիյին կարանտինի մեջ է, ուստի հեռախոսով պատմեց. ամուսինը զինվորական է, ստիպված մնացել է Բեյրութում, բայց որոշել են, որ կմիավորվեն այստեղ՝ Երևանում. – «Ուրիշ տեղ մենք չենք ուզում, ուզում ենք մնանք ստեղ, որովհետև սա մեր հայրենիքն է: Ստեղից լավ տեղ չկա»:
Թագուհին ասաց, որ արդեն Երևանում են, բայց երեքամյա դուստրը պարբերաբար երկնքին է նայում և ամպերի մեջ սև ծուխ փնտրում:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG