Մատչելիության հղումներ

ԱԳՆ. ՀՀ քաղաքացիները, որոնք աղետի հետևանքով կորցրել են բնակարանները, Լիբանանից կտեղափոխվեն Հայաստան


Զուլալ Ծատուրյանը, ով երեխաների և ամուսնու հետ Բեյրութից Երևան է տեղափոխվել դեռ 3 տարի առաջ, պատմում է՝ Բեյրութի իրենց բնակարանը, որտեղ մինչև նավահանգստում տեղի ունեցած պայթյունը ապրել են մայրը, հայրը և եղբայրը, գտնվել է նավահանգստից ընդամենը 400 մետրի վրա։ Սարսուռով է հիշում, թե եղբայրը ինչպես էր տեսակապի միջոցով ցույց տալիս, թե ինչ վիճակում են հայտնվել ընտանիքի անդամները.

«Մայրս գոռում էր, հայրս նստած չէր կարողանում շարժվել, ոտքերն ինչ է եղել, չգիտենք: Պայթյունի ճնշումից գետին է ընկել, ինքն էլ չգիտի՝ ինչպես: Շատ ուժեղ ցավեր ունի և պատռվածքներ ունի, որովհետև փշրված ապակիները լցվել են ոտքերին: Դեռ շոկի մեծ են և անտուն, բարեկամների մոտ են, չեն կարող տանը մնալ, որովհետև մուտքի դուռը քանդվել է և ամբողջ պատուհանները չկան», - ասաց Զուլալ Ծատուրյանը:

Ասում է՝ հայրը բժշկական օգնության կարիք ունի, սակայն հիվանդանոցները լեփ-լեցուն են էլ ավելի ծանր հիվանդներով, նրան դեռ ընդունել չեն կարող։ Կառավարությունից ակնկալում են Բեյրութ-Երևան հատուկ չվերթներ կազմակերպել, որպեսզի իրենց հարազատները կարողանան գալ Հայաստան։

«Հիմա, որ անտուն են մնացել ուղղակի, ես շատ կուզեմ, իրենք էլ իմ հետ ցանկանում են, որ գան և միանան ինձ, գան իրենց հայրենիք, որովհետև այնտեղ կյանք չկա այլևս: Լիբանանի վայրէջքը վաղուց էր սկսել», - նշեց նա:

Արտգործնախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ Լիբանանում գտնվող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք աղետի հետևանքով կորցրել են իրենց բնակարանները, կտեղափոխվեն Հայաստան։ Նրանց թիվը ճշտվում է։

Վաղը երեկոյան առաջին թռիչքով Երևանից Բեյրութ կուղարկվի 12 տոննա բեռով հումանիտար ինքնաթիռը։ Հայաստանի իշխանությունների հիմնական նպատակը առաջին հերթին դեղորայքային աջակցության տրամադրումն է 3 օր առաջ տեղի ունեցած ուժգին պայթյունից լրջորեն տուժած Բեյրութին։

Նախատեսվում է ևս երկու թռիչք իրականացնել, այսօր կառավարությունում վարչապետի հետ տեղի ունեցած հանդիպմանն ասել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Այս պահին գնում է ապրանքների հավաքագրումը և երբ որ արդեն վերջնականացված ցուցակը կունենանք, կարծում եմ, մենք ունենալու ենք մոտավորապես մինչև 12 տոննա բեռ առաջին թռիչքով, որը պետք է տեղափոխվի Լիբանան: Լիբանան են նաև գնալու Հայաստանի Հանրապետության կառավարության, Ազգային ժողովի, Համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներ, որպեսզի ընդհանուր առմամբ տեղում ծանոթանան իրավիճակին, ինչպես նաև հասկանան՝ այլ ինչ միջոցների կարիք կա ինչպես Լիբանանի կառավարությանն աջակցելու, այնպես էլ տեղի հայ համայնքին», - ասաց փոխվարչապետը:

Ինչո՞ւ կառավարությունը ավելի վաղ օգնության ձեռք չմեկնեց, պարզաբանում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը. «ԱԻՆ-ը հենց առաջին իսկ պահից պայթյունից հետո օգնության ձեռք է մեկնել և ասել է՝ «ի՞նչ անենք, ուղարկենք փրկարարներ, ինչ-որ պետք է ուղարկենք», մենք, որքան ես հասկացա, մերժում ենք ստացել: Իսկ ինչո՞ւ է Թուրքիան ուղարկել, Ռուսաստանն ուղարկել, նույն հարցը ես էլ եմ տվել, պարզվում է, որ նրանք եկել են իրենց բուլդոզերներով, իրենց ծանր տեխնիկայով, որոշ բաներ, որ մենք չունենք, դրա հնարավորությունը պարզապես մենք չենք ունեցել, բայց մեր կողմից առաջարկը եղել է, մեր կողմից նաև առաջարկ է եղել բժիշկներ ուղարկելու»:

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիճակն աննախադեպ ծանր է, ասում է Բեյրութում հրատարակվող «Ազդակ» պարբերականի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։

«Նման ուժգնությամբ և նման ծանր հետևանքներով այսպիսի հզոր երկրաշարժի համազոր պայթյունի որևէ ձևով ականատես չէինք եղել, դեռ այդ ցնցման ազդեցության տակ ենք», - ասաց Գանտահարյանը:

Հայ համայնքում 13 զոհ և 300 վիրավոր կա, թիվը, սակայն, փոփոխվում է, քանի որ կան անհետ կորածներ և ծանր վիրավորներ։

XS
SM
MD
LG