Լիբանանի խորհրդարանն այսօր հաստատել է շաբաթասկզբին պաշտոնանկ արված վարչապետ Հասան Դիաբի կառավարության վերջին որոշումը, որով Բեյրութում արտակարգ դրություն է հաստատվում։
Այս որոշման համաձայն, կառավարման գրեթե բոլոր լծակները մայրաքաղաքում փոխանցվում են Լիբանանի Զինված ուժերին։ Այսուհետ լիբանանցի զինվորականները իրավունք կստանան Բեյրութում անհրաժեշտության դեպքում պարետային ժամ հաստատել, գրաքննել քաղաքում լույս տեսնող լրատվամիջոցների հրապարակումները, արգելել հավաքները։ Զինվորականներին նաև իրավունք է տրվում քաղաքացիական անձանց դեմ հարուցված քրեական գործերը քննել ռազմական դատարաններում։
Լիբանանի խորհրդարանի այս որոշումը կայացվել է Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հուժկու պայթյուններից ինը օր անց։